Երեց Նեյլ Լ. Անդերսեն
Տասներկու Առաքյալների Քվորումից
Ապաշխարելու հրավերը հաճախ ոչ թե նախատինքի ձայն է, այլ ետ շրջվելու և կրկին դեպի Աստված վերադառնալու սիրալիր կոչ:
Իմ եղբայրներ և քույրեր, անցել է վեց ամիս, ինչ ես նշանակվել եմ ծառայելու Տասներկու Առաքյալների Քվորումում: Մինչ այժմ, ծառայելը այն մարդկանց հետ, ովքեր եղել են օրինակ և ուսուցիչ, ինձ համար խոնարհեցնող փորձառություն է: Ես մեծապես գնահատում եմ ձեր աղոթքները և աջակցող ձայները: Ինձ համար դա ջերմեռանդ աղոթքի ժամանակ է եղել, երբ ես ջանասիրաբար ձգտում էի ընդունվել Տիրոջ կողմից: Ես զգում էի Նրա սերը սուրբ և անմոռանալի ճանապարհներով: Ես վկայում եմ, որ Նա ապրում է, և որ սա Նրա սուրբ աշխատանքն է:
Մենք սիրում ենք Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին՝ Տիրոջ մարգարեին: Ես ընդմիշտ կհիշեմ, թե ինչպիսի բարությամբ նա առաջարկեց ինձ այդ կոչումը անցած ապրիլին: Մեր հարցազրույցի վերջում նա գրկաբաց մեկնեց իր ձեռքերը և գրկախառնվեց ինձ: Նախագահ Մոնսոնը բարձրահասակ տղամարդ է: Երբ նա իր երկար ձեռքերով փարվեց ինձ և մոտեցրեց իրեն, ես ինձ զգացի ինչպես փոքր տղա սիրող հոր պաշտպանող ձեռքերի մեջ:
Այդ փորձառությունից ամիսներ անց ես մտածում էի Տիրոջ հրավերի մասին, որը կոչ է անում գալ Իր մոտ և հոգեպես հայտնվել Իր ձեռքերում: Նա ասաց. «Ահա, իմ ողորմության բազուկը մեկնված է դեպի ձեզ, և ով որ գա, նրան ես կընդունեմ. և օրհնված են նրանք, ովքեր գալիս են ինձ մոտ»:1
Սուրբ գրություններում Նրա ձեռքերը նկարագրվում են որպես բաց2, մեկնված3, ուղղված դեպի մեզ4 և օղակող5: Դրանք նկարագրվում են որպես հզոր6 և սուրբ7 ձեռքեր, ողորմության8 ձեռքեր, ապահովության9 ձեռքեր, սիրո10 ձեռքեր, «երկարացված ողջ օրվա ընթացքում»:11
Մենք բոլորս ինչ-որ չափով զգացել ենք մեր շուրջը այդ հոգևոր ձեռքերը: Մենք զգացել ենք Նրա ներողամտությունը, Նրա սերն ու մխիթարությունը: Տերն ասել է. «Ես նա եմ, որ մխիթարում է ձեզ»:12
Տիրոջ ցանկությունը, որ մենք գանք դեպի Նա և Նրա ձեռքերով շրջապատվենք, հաճախ ապաշխարելու հրավեր է: Ես մեջբերում եմ. «Ահա նա ուղարկում է մի հրավեր բոլոր մարդկանց, քանզի ողորմության բազուկները մեկնված են դեպի նրանց, և նա ասում է. Ապաշխարեք, և ես կընդունեմ ձեզ»:13
Երբ մենք մեղք ենք գործում, մենք շրջվում ենք Աստծուց: Երբ մենք ապաշխարում ենք մենք կրկին շրջվում ենք դեպի Աստված:
Ապաշխարելու հրավերը հաճախ ոչ թե նախատինքի ձայն է, այլ ետ շրջվելու և կրկին դեպի Աստված վերադառնալու սիրալիր կոչ:14 Այն նշան է սիրող Հորից և Նրա Միածին Որդուց՝ լինելու ավելին, քան կանք, հասնելու կյանքի ավելի մեծ բարձունքների, փոխվելու և զգալու պատվիրանները պահելու երջանկությունը: Որպես Քրիստոսի աշակերտներ, մենք ուրախանում ենք ապաշխարության օրհնությամբ և ներում ստանալու հնարավորությամբ: Այն դառնում է մեր մասը, ձևավորելով մեր մտածելու և զգալու ճանապարհը:
Այս համաժողովը լսող տասնյակ հազարավոր մարդիկ անձնական արժանավորության և արդարակեցության տարբեր աստիճանների վրա են: Ինչևէ, ապաշխարությունը օրհնություն է բոլորիս համար: Մենք բոլորս պետք է զգանք Փրկչի գթության ձեռքերը մեր մեղքերի ներման միջոցով:
Տարիներ առաջ, ինձ խնդրեցին հանդիպել մի մարդու, որը, մեր հանդիպումից դեռ շատ վաղուց սկսել էր վարել անկանոն կյանք: Սխալ ընտրությունների արդյունքում նա զրկվեց Եկեղեցու իր անդամությունից: Հետագայում նա վերադարձավ Եկեղեցի և հավատարմորեն պահում էր պատվիրաները, սակայն նախկին արարքները հետապնդում էին իրեն: Հանդիպելով նրա հետ, ես զգացի նրա ամոթը և խոր զղջումը ուխտերից հեռանալու համար: Մեր հարցազրույցից հետո ես դրեցի ձեռքերս նրա գլխին և քահանայության օրհնություն տվեցի նրան: Դեռ ոչ մի խոսք չասած, ես զգացի Փրկչի սիրո և ներման գերզորեղ առկայությունը: Օրհնությունից հետո մենք գրկախառնվեցինք և նա բացեիբաց լաց եղավ:
Ես ապշած եմ ապաշխարող հոգուն մեկնված Փրկչի գթությամբ և սիրով լի գրկող ձեռքերը, անկախ նրանից, թե որքան եսասիրություն էր պարունակվում թողնված մեղքի մեջ: Ես վկայում եմ, որ Փրկիչը կարող է և պատրաստ է ներել մեր մեղքերը: Բացի այն քչերի մեղքերից, ովքեր ընտրում են ուրացությունը, նրանից հետո, երբ գիտեն լրիվությունը, չկա մեղք, որ չի ներվում:15 Ինչպիսի հրաշալի արտոնություն է մեր բոլորի համար՝ շրջվել մեր մեղքերից և գալ դեպի Քրիստոսը: Աստվածային ներողամտությունը ավետարանի ամենաքաղցր պտուղներից է, որը մեր սրտերից հանում է մեղավորության և ցավի զգացումը և փոխարինում այն խղճի ուրախությամբ և հանգստությամբ: Հիսուսը հայտարարել է. «Այժմ չե՞ք վերադառնա ինձ մոտ և ապաշխարեք ձեր մեղքերից, և դարձի չե՞ք գա, որպեսզի ես կարողանամ բուժել ձեզ»:16
Այսօր ինձ լսողներից ոմանք հնարավոր է«սրտի հզոր փոփոխության»17 կարիք են զգում՝ լուրջ մեղքերին դիմակայելու համար: Կարող է անհրաժեշտ լինել քահանայության ղեկավարի օգնությունը: Շատերի համար, ապաշխարությունը լուռ և անձնական ընթացք է, անհրաժեշտ փոփոխությունների համար ամեն օր Տիրոջ օգնությունը փնտրելով:
Շատերի համար ապաշխարությունը ավելի շուտ ճանապարհորդություն է, քան իրադարձություն: Դա հեշտ չէ: Փոխվելը դժվար է: Այն պահանջում է վազել քամու դեմ, լողալ հոսանքի դեմ: Հիսուսն ասել է. «Եթե մեկը կամենում է իմ ետևից գալ, թող իր անձն ուրանա և իր խաչն առնէ, և իմ ետևից գա»:18 Ապաշխարությունը նշանակում է փախչել այնպիսի բաներից, ինչպիսին են անազնվությունը, հպարտությունը, զայրույթը և անմաքուր մտքերը, և շրջվել դեպի այնպիսի բաներ, ինչպիսին են բարությունը, անեսասիրությունը, համբերատարությունը և հոգևորությունը: Դա կրկին դեպի Աստված վազելն է:
Ինչպե՞ս մենք կարող ենք որոշել, թե ինչի վրա պետք է կենտրոնանա մեր ապաշխարությունը: Երբ սիրած մարդը կամ ընկերը առաջարկում են այնպիսի բաներ, որոնց համար մենք պետք է փոխվենք, մեր մեջ գտնվող բնական մարդը երբեմն գլուխ է բարձրացնում և պատասխանում. «Օ, դու կարծո՞ւմ ես ես կարող եմ փոխվել: Թույլ տուր ես քեզ պատմեմ քո խնդիրների մասին»:
Ավելի լավ մոտեցում է հանդիսանում Տիրոջը խոնարհաբար խնդրելը:
«Հայր, ի՞նչ կուզենայիր, որ անեի», պատասխանները գալիս են: Մենք զգում ենք այն փոփոխությունները, որոնք պետք է կատարենք: Տերը մեզ ասում է մեր մտքում և մեր սրտում:19
Այդ ժամանակ մեզ թույլ է տրվում ընտրել. Ապաշխարել թե վարագույրով ծածկել դեպի երկինք բացված մեր պատուհանը:
Ալման զգուշացրել է. «Մի ձգտիր արդարացնել ինքդ քեզ՝ նվազագույն իսկ չափով»:20 Երբ մենք «իջեցնում ենք վարագույրը», մենք դադարում ենք հավատալ հոգևոր այն ձայնին, որը մեզ հրավիրում է փոխվել: Մենք աղոթում ենք, սակայն ավելի քիչ ենք լսում: Մեր աղոթքները հավատքի պակաս են զգում, որը տանում է դեպի ապաշխարություն:21
Այս պահին ինչ-որ մեկն ասում է. «Եղբայր Անդերսեն, դուք չեք հասկանում: Դուք չեք զգացել այն, ինչ զգացել եմ ես: Չափազանց դժվար է փոխվելը»:
Դուք իրավացի եք: Ես լիովին չեմ հասկանում: Բայց կա Մեկը, ով հասկանում է: Նա գիտի: Նա զգացել է ձեր ցավը: Նա հայտարարել է. «Ահա ես իմ ձեռքի մեջ եմ նկարագրել քեզ»:22 Փրկիչն անընդհատ հասնում է մեզ, հորդորելով: «Եկեք ինձ մոտ»:23 Մենք կարող ենք ապաշխարել: Մենք կարող ենք:
Հասկանալով, թե ինչպես մենք պետք է փոխվենք, մենք զղջում ենք այն ցավի համար, որը պատճառել ենք: Դա անկեղծ և սրտանց խոստովանության է դրդում Տիրոջը և, եթե կարիքը կա, մյուսներին:24 Երբ հնարավոր է, վերականգնեք այն վնասը, որը պատճառել եք:
Ապաշխարությունը դառնում է մեր առօրյա կյանքի մասը: Ամեն շաբաթ հաղորդություն ընդունելը շատ կարևոր է, որ մենք խոնարհ ու հնազանդ կանգնենք Տիրոջ առաջ, ընդունելով Նրանից մեր կախվածությունը, խնդրելով Նրան ներել և թարմացնել մեզ, և խոստանալով միշտ հիշել Նրան:
Երբեմն մեր ապաշխարության ընթացքում, Քրիստոսին նմանվելու մեր առօրյա ջանքերում մենք զգում ենք, որ անընդմեջ պայքարում ենք նույն դժվարությունների դեմ: Անտառապատ սար մագլցելու նման, երբեմն մենք չենք տեսնում մեր առաջընթացը, մինչև չենք մոտենում գագաթին և վերևից նայում ներքև: Մի հուսահատվեք: Եթե դուք փորձում ենք և աշխատում եք ապաշխարել, ապա դուք ապաշխարության գործընթացի մեջ եք:
Կատարելագործվելով, մենք ավելի հստակ ենք տեսնում կյանքը և զգում Սուրբ Հոգին, որն ավելի ուժեղ է գործում մեր մեջ:
Երբեմն մենք զարմանում ենք, թե ինչու ենք հիշում մեր մեղքերը երկար ժամանակ անց նրանից հետո, ինչ թողել ենք դրանք ետևում: Ինչո՞ւ է մեր սխալների հետ կապված վիշտը շարունակվում մեր ապաշխարությունից հետո:
Դուք կհիշեք Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստի քնքուշ պատմությունը: Ես մեջբերում եմ. «Երբ ֆերմայում փոքր տղա էի, հիշում եմ իմ տատիկին, ով համեղ ուտեստներ էր պատրաստում փայտե թեժ վառարանի վրա: Երբ վառարանի կողքի փայտերի արկղը դատարկվում էր, տատիկս լուռ վերցնում էր արկղը, գնում էր դուրս և լցնում այն փայտով, ապա բերում ծանր արկղը տուն»:
Շարունակելով, Նախագահ Ֆաուստի ձայնը լցվում էր զգացմունքներով: «Ես այնքան անզգա էի և այնքան հետաքրքրված էի խոհանոցի զրույցներով, որ նստում էի և թույլ տալիս, որ սիրելի տատիկը լցներ փայտերի արկղը: Ես ամոթ եմ զգում և ողջ կյանքս զղջում այդ բացթողման համար: Ես հույս ունեմ, որ մի օր կհայցեմ նրա ներողությունը»:25
Ավելի քան 65 տարի է անցել: Եթե Նախագահ Ֆաուստը այսքան տարիներից հետո դեռ հիշում և զղջում է իր տատիկին չօգնելու համար, ապա ինչո՞ւ ենք զարմանում, որ դեռ հիշում ու զղջում ենք որոշ բաների համար:
Սուրբ գրությունները չեն ասում, որ մենք կմոռանանք մեր մեղքերը մահկանացու կյանքում: Դրանք ասում են, որը Տերը կմոռանա: 26
Մեղքերը թողնել նշանակում է երբեք դրանց չվերադառնալ: Մոռանալը ժամանակ է պահանջում: Մեզ օգնելու համար Տերը, երբեմն, թույլ է տալիս, որ մեր սխալները մնան մեր հիշողության մեջ:27 Դա մեր մահկանացու կյանքի ուսուցման մասն է:
Երբ մենք ազնվորեն խոստովանում ենք մեր մեղքերը, ուղղում, ինչ որ կարող ենք, և թողնում ենք մեր մեղքերը, պահելով պատվիրանները, ապա մենք գտնվում ենք ներում ստանալու ընթացքում: Ժամանակի հետ մենք կզգանք, ինչպես է մեր ցավը մարում, վերցնելով հանցանքը մեր սրտերից28 և պարգևելով «խղճմտանքի խաղաղություն»:29
Նրանք, ովքեր իսկապես ապաշխարում են, սակայն չեն կարողանում հանգստություն զգալ, պետք է շարունակեն պահել պատվիրանները: Ես խոստանում եմ ձեզ, հանգստությունը կգա ըստ Տիրոջ ժամանակի: Բուժումը նույնպես ժամանակ է պահանջում:
Եթե դուք մտահոգություններ ունեք, խորհրդակցեք ձեր եպիսկոպոսի հետ: Եպիսկոպոսը զանազանման զորություն ունի:30 Նա կօգնի ձեզ:
Սուրբ գրությունները մեզ նախազգուշացնում են. «Չհետաձգեք ձեր ապաշխարության օրը»:31 Բայց այս կյանքում երբեք ուշ չէ ապաշխարել:
Մի անգամ ինձ խնդրել էին հանդիպել մի մեծահասակ զույգի հետ, որոնք վերադառնում էին Եկեղեցի: Նրանց ուսուցանել էին ավետարանը նրանց ծնողները: Ամուսնությունից հետո նրանք հեռացել էին Եկեղեցուց: Այժմ, 50 տարի անց, նրանք վերադառնում էին: Ես հիշում եմ, ինչպես ամուսինը եկավ գրասենյակ թթվածնի բալոնով: Նրանք ափսոսում էին, որ հավատարիմ չէին մնացել: Ես հայտնեցի նրանց, թե որքան մենք երջանիկ ենք, որ նրանք վերադառնում էին, հավատացնելով նրանց, որ Տիրոջ ողջունող ձեռքերը սպասում են բոլոր նրանց, ովքեր ապաշխարում են: Ծեր տղամարդը պատասխանեց. «Մենք գիտենք դա, Եղբայր Անդերսեն: Բայց մեր ցավն այն է, որ մեր երեխաները և թոռները չունեն ավետարանի օրհնությունները: Մենք վերադարձանք, սակայն մենակ»:
Նրանք մենակ չվերադարձան: Ապաշխարությունը փոխում է ոչ միայն մեզ, այլ նաև օրհնում է մեր ընտանիքներին և նրանց, ում մենք սիրում ենք: Մեր արդար ապաշխարությամբ, համաձայն Տիրոջ ժամանակացույցի, Փրկչի մեկնած ձեռքը կգրկի ոչ միայն մեզ, այլ կհասնի նաև մեր երեխաների և սերունդների կյանքին: Ապաշխարությունը միշտ նշանակում է, որ առջևում ավելի մեծ երջանկություն կա:
Ես վկայություն եմ բերում, որ մեր Փրկիչը կարող է ազատել մեզ մեր մեղքերից: Ես անձամբ եմ զգացել Նրա փրկագնող զորությունը: Ես անկասակած տեսել եմ Նրա բուժող ձեռքը աշխարհի երկրների հազարավոր մարդկանց վրա: Ես վկայում եմ, որ Նրա աստվածային պարգևը հեռացնում է մեղքը մեր սրտից և խաղաղություն տալիս մեր խղճին:
Նա սիրում է մեզ: Մենք Նրա Եկեղեցու անդամներն ենք: Նա հրավիրում է մեզ բոլորին ապաշխարել, շրջվել մեր մեղքերից և գալ դեպի նա: Ես վկայում եմ, որ Նա մեր կողքին է: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:
Հղումներ
1. 3 Նեփի 9.14
2. Տես Մորմոն 6.17:
3. Տես Ալմա 19.36:
4. Տես Դ Թագավորաց ժԷ.36; Սաղմոս ՃԼԶ.12:
5. Տես 2 Նեփի 1.15:
6. Տես ՎևՈւ 123.6:
7. Տես 3 Նեփի 20.35:
8. Տես Ալմա 5.33:
9. Տես Ալմա 34.16:
10. Տես ՎևՈւ 6.20:
11. 2 Նեփի 28.32
12. 2 Նեփի 8.12
13. Ալմա 5.33
14. Հելաման 7.17
15. Sես Boyd K. Packer, “The Brilliant Morning of Forgiveness,” Ensign, Nov. 1995, 19:
16. 3 Նեփի 9.13
17. Ալմա 5.12
18. Մատթեոս ԺԶ.24
19. Տես ՎևՈւ 8.2:
20. Ալմա 42.30
21. Տես Ալմա 34.17–18:
22. Եսայիա ԽԹ.16
23. 3 Նեփի 9.14
24. Տես ՎևՈւ 58.43:
25. James E. Faust, “The Weightier Matters of the Law: Judgment, Mercy, and Faith,” Ensign, Nov. 1997, 59.
26. Տես ՎևՈւ 58.42–43; տես նաև Ալմա 36.17–19:
27. See Dieter F. Uchtdorf, “Point of Safe Return,” Liahona, May 2007, 101:
28. Ալմա 24.10
29. Մոսիա 4.3: Սուրբ գրությունները մեր երջանկությունը այս և մյուս կյանքում կապում են խղճի հանգստության հետ: Ալման ուսուցանում է, որ ուրախության հակադիր կողմը խղճի խայթն է (տես Ալմա 29.5): Մյուս մարգարեները այս կյանքից հետո ամբարիշտների չարչարանքները կապում են նրանց զգացած մեղքի զգացումի հետ (տես 2 Նեփի 9.14, 46; Մոսիա 2.38; 3.24–25; Մորմոն 9.5): Ջոզեֆ Սմիթն ասել է. «Մարդն է իր սեփական չարչարողն ու իր սեփական մեղադրողը: Ասված է. Նրանք կգնան կրակե լիճը: Մարդու հիասթափված մտքի չարչարանքն այնքան մեծ է, որ նմանեցվում է կրակե լճին» (in History of the Church, 6:314):
30. Տես ՎևՈւ 46.27:
31. Ալմա 34.33