ՀԱՎԱՏՔ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ
Երեց Ռասել Մ. Նելսոն
Տասներկու Առաքյալների Քվորումից
ԵԿՀ Հավաք Երիտասարդ Չափահասների համար
6 փետրվարի, 2005թ.
Բրիգամ Յանգ Համալսարան
Եղբայրներ և Քույրեր, ես երջանիկ եմ ձեզ հետ լինել այս հատուկ առիթով: Ցավում եմ, որ քույր Նելսոնը մրսածության և հազի պատճառով չկարողացավ ինձ հետ գալ: Մենք հուզված ենք երիտասարդների այս վիթխարի հավաքի առիթով: Հյուսիսային, Կենտրոնական, Հարավային Ամերիկայից, Եվրոպայից, Ասիայից, Աֆրիկայից և ծովի կղզիներից ավելի ու ավելի շատ անդամներ են հավաքվում: Մենք աղոթում ենք, որ Տիրոջ Հոգին լինի մեզ հետ: Քանի որ այս ելույթները թարգմանվում են 28 լեզուներով, մենք աղոթում ենք նաև մեր թարգմանիչների համար:
Յուրաքանչյուր երիտասարդի համար ես բերել եմ Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի, Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի, Նախագահ Ջեյմս Ի.Ֆաուստի և Տասներկու Առաքյալների Քվորումի իմ Եղբայրների ողջյուններն ու սերը: Մենք շնորհակալ ենք ձեր հավատքի, նվիրվածության և Տիրոջը ծառայելու ձեր ցանկության համար: Մենք սիրում ենք ձեզանից յուրաքանչյուրին:
Ես կցանկանայի, որ դուք մի րոպեով դադարեիք նշումներ կատարելը և անհատապես քննեիք ձեր հոգիները: Այս երեկո դուք երիտասարդ եք և ավյունով լի: Ձեզանից շատերն ապագայի հանդեպ մեծ ձգտումներ ունեցող ուսանողներ են: Այժմ ես կկամենայի, որ դուք մտածեք: Ես կկամենայի, որ դուք պատկերացնեք ձեզ, ոչ թե այնպես ինչպես կաք, այլ ինչպիսին կլինեք 50 տարի անց: Ժամանակի երևակայական թունելի միջով նայեք ձեզ, թե ինչպիսին կլինեք այն ժամանակ: Ձեր լայն միտքը և նեղ իրանը փոխած կլինեն իրենց տեղերը՝ ձեր միտքը դարձած կլինի նեղ, իսկ իրանը` լայն: Դուք ավարտած կլինեք ձեր կարիերան: Ձեր աշխատանքային օրերը վերջացած կլինեն՝ ոչ կարիք կլինի աշխատանքի սկիզբը և վերջը գրանցել, ոչ էլ վճարված աշխատավարձի չեկերը հավաքել: Պատկերացրեցի՞ք:
Այժմ, ահա իմ հարցերն են՝ Ի՞նչ եք տեսնում ձեր մեջ 50 տարի անց: Ինչպիսի՞ն եք ցանկանում լինել 50 տարի անց: Ամենաշատը ի՞նչ կցանկանայիք իսկապես 50 տարի անց:
Թվում է, լսում եմ ինչպես է ձեր միտքն աշխատում: Ձեզանից ոմանք գուցե ասեն. «Ես ուղղակի կցանկանայի կենդանի լինել 50 տարի հետո»: Վատ միտք չէ: Պատահարներն ու հիվանդությունները մահկանացու կյանքի մասն են կազմում, որը նշանակում է, որ ձեզանից ոմանք այստեղ չեն լինի 50 տարի անց: Բայց ձեզանից շատերը կլինեն: Այսպիսով, պլանավորեք ըստ կանոնի, այլ ոչ թե ըստ բացառության: Ձեզանից ոմանք տեսնում են հռչակ կամ հարստություն ձեր ապագա կյանքում: Իսկ ձեզանից շատերը ցանկանում են ընտանիք ունենալ:
Եթե Քույր Նելսոնն այստեղ լիներ, ես կհրավիրեի նրան կանգնել կողքիս: Ինչպես գիտեք, տղամարդն առանց կնոջ չկա Տերումը:1 Գուցե միասին լինելը կարող է օգնել ձեզ պլանավորել և հասնել նրան, ինչ ցանկանում եք դառնալ: Այս երեկո իմ ուղերձի վերնագիրն է. «Հավատք և ընտանիքներ»: Ես հավատքը դիտավորյալ առաջինն եմ դնում: Մեր ամուսնական կյանքի ուղեցույց աստղը միշտ առաջին հերթին եղել է հավատք ունենալ Աստծո արքայությունը փնտրելու համար: Մենք հասկացել ենք, որ Տիրոջ հանդեպ անսասան հավատք ունենալը հարստացնում է ամուսնական կյանքն ու սերը: Հավատքն առ Նա մեծացնում է մարդու սիրելու ունակությունը, ինչպես քանակապես, այնպես էլ որակապես:
Ավելի քան 50 տարի առաջ մենք երիտասարդներ էինք, ինչպես այժմ դուք եք: Այս լուսանկարն արվել է այդ ժամանակ: Մենք երկուսս էլ համալսարանի ուսանողներ էինք: Ես բժշկական համալսարանի երկրորդ կուրսում էի սովորում, իսկ նա կրթաթոշակ ստացող առաջին կուրսեցի էր: Մենք խիստ սիրահարված էինք: Կարծում եմ, դուք դա կարող եք զգալ լուսանկարից: Եղբայրներ, դուք չեք կարող մեղադրել ինձ նրան սիրահարված լինելու համար, այնպես չէ՞:
Շնորհակալություն լուսանկարը ցուցադրելու համար: Մենք իսկապես շատ ենք փոխվել: Սակայն այժմ քույր Նելսոնն ինձ համար, նույնիսկ, ավելի գեղեցիկ է:
Բժշկի իմ կարիերան ավարտվել է: Իմ բազմաթիվ վիրահատություններն արվել են: Ինչպես նաև, Քույր Նելսոնը, որպես տասը երեխաների մայր նույնպես ունեցել է խիստ պատասխանատու պարտականություններ: Ես մոռացա նշել, որ մեր առաջին ինը երեխաները բոլորը փոքրիկ աղջիկներ էին: Մեր տունը նման էր աղջիկների հանրակացարանի, մինչև որ ծնվեց մեր մինուճար որդին: Խեղճ տղա: Նա իր մանկության առաջին տարիների ընթացքում, չգիտեր, թե ով էր իր իսկական մայրիկը:
Այժմ Քույր Նելսոնի կյանքը դարձել է հասուն: Նա այժմ հանձն է առել իր թոռնիկների համար տատիկի ավելի սակավ խստապահանջ դերը, որոնցից շատերն այս երեկո գտնվում են այստեղ: Մեր ընտանիքի բոլոր անդամները մի րոպեով խնդրում եմ կանգնեն: Ես կցանականայի, որ օպերատորները այնպես ցուցադրեին, որպեսզի մյուսներն էլ տեսնեին ձեզ: Մենք օրհնված ենք 56 թոռներով և 14 ծոռներով: Մեր երկուշաբաթական նորածին ծոռն այստեղ է: Այդ թվերը հավանաբար կմեծանան:
Ես մտածում էի ցուցադրել 106 հոգուց բաղկացած մեր ընտանիքի յուրաքանչյուր անդամի լուսանկարը: Հետո ես հիշեցի ինքնաթիռով ճանապարհորդող տատիկին, որն իր կողքին նստած անծանոթին ոգևորված պատմում էր իր ընտանիքի մասին և հանկարծ հարցրեց. «Ես ցույց տվե՞ցի ձեզ իմ թոռների նկարները»:
Անծանոթը պատասխանեց. «Ոչ, բայց շնորհակալ եմ»:
Ես այլևս լուսանկարներ չեմ ցուցադրի: Ոչ մի օգուտ չկա դրանում: Մեր ընտանիքի գեղեցկությունն ավելին է, քան արտաքուստ տեսքը: Այն հոգևոր է: Երկու անդամներից ոչ մեկը մյուսին նման չէ: Յուրաքանչյուրն անզուգական է և առանձնահատուկ:
Այժմ ի՞նչն է Քույր Նելսոնի և ինձ համար ամենակարևորը: Որ մենք ամուսին և կին ենք՝ ամուսնացած ժամանակի և ողջ հավերժության համար: Մեր երեխաները ծնվել են ուխտի մեջ և հավերժ կնքված են մեզ հետ: Ինչպիսի՜ հրճվանք է բերում մեզ այդ գիտելիքը:
Երբ մենք ամուսնացանք տաճարում, սուրբ գրքերից մենք շատ հատվածներ չգիտեինք: Բայց մենք գիտեինք Մատթեոս Զ.33 հատվածը. «Սակայն առաջ Աստծո արքայությունը և նրա արդարությունը խնդրեցեք. և այդ ամենքը կտրվի ձեզ»: Ինչպես նշեցի քիչ առաջ, այն մեզ համար դարձավ յուրաքանչյուր համատեղ որոշում ընդունելու համար ուղեցույց աստղ: Միայն տարիներ անց մենք իմացանք, որ այդ հատվածի Ջոզեֆ Սմիթի թարգմանությունը, նույնիսկ, ավելի պարտավորեցնող է և ավելի հստակ, որն ասում է, որ չպետք է որոնենք այս աշխարհի բաները, այլ առաջինը որոնենք կառուցել Աստծո արքայությունը և Նրա արդարությունը հաստատել, և այդ բոլոր բաները կավելացվեն մեզ: (տես ՋՍԹ, Մատթէոս 6.38): Ես ոգեշնչվել եմ այս հավատքով լի կնոջից, որը եղել է իմ կողքին այս բոլոր տարիների ընթացքում: Հիմնականում մենք օրհնվել ենք նրա շնորհիվ:
Ժամանակները փոխվել են կես դարով: Աշխարհը հոգեպես հիվանդ է: Այս հիվանդությունն ավելի մոլեգին է տարածվում: Մեղք գործելու գայթակղությունները սաստկացել են՝ համեմատած այն ժամանակի հետ, երբ մենք ձեր տարիքում էինք: Դուք մտնում եք սպառողական մի մշակույթ, որը նյութական նպատակներ է հետապնդում: Բազմաթիվ մարդիկ երկրպագում են եսասիրության սրբատեղում: Բարձր ձայներ են պաշտպանում այն կեղծ վարդապետությունը, որ բոլոր ապրելաձևերը հավասար արժեք ունեն: Մարդիկ ցանկանում են ունենալ ավելի շատ իրավունքներ, քան պարտականություններ: Նրանք կարծես շատ ավելի մտահոգված են կոչումներով, քան կրթությամբ: Հայրերի պատասխանատվությունը սահմանափակվում է ամենշաբաթյա այցելությամբ և ֆինանսական աջակցությամբ: Այսինքն, մենք տեսնում ենք բարոյական արժեքների միտքը շփոթեցնող գլխիվայր շրջում:
Հոգևոր քայքայվածության այս միջավայրում, դուք, Եկեղեցու երիտասարդներ, մտնում եք աշխարհ: Դուք ունեք հավատքի հաստատուն հիմք: Դուք օրինակ եք, ինչպես սիրատածության, այնպես էլ ամուսնության մեջ: Դուք գիտեք ինչն է ճիշտ և ինչն է սխալ: Մնացեք կայուն ճշմարտության մեջ: Եվ դուք կսովորեցնեք դրանք ձեր երեխաներին և թոռներին: Դուք գիտեք Տիրոջ ուսմունքները: Դուք եք «Իսրայելի հույսը, Սիոնի բանակը, խոստացված օրվա զավակները»:2 Դուք շատ ավելի հոգևոր ուժ ունեք, քան մենք ձեր տարիքում: Երբ առաջ գնաք կյանքի ճակատամարտում, դուք կհամարվեք «Տիրոջ ուխտի ժողովրդի հետ. . .ցրված ամբողջ. . . երկրի վրա,. . . զինված արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով» (1 Նեփի 14.14): Մենք շատ ենք հպարտանում ձեզանով:
Երբ Քույր Նելսոնի հետ ետ ենք նայում մեր կյանքին, մենք ազնվորեն կարող ենք ասել, որ մեր ընտանիքը և եկեղեցուն անդամակցելն ամենակարևորն են մեզ համար: Որքան շնորհակալ ենք, որ լսեցինք Եկեղեցու առաջնորդների խորհրդին` ամուսնացել ենք տաճարում և մեր ընտանիքի զավակներին Տիրոջը ծառայելու կոչ ենք արել: Եթե կրթությունը դնեինք ընտանիքից առաջ, մենք այդքան օրհնված չէինք լինի այժմ: Կրթությունը երկարատև գործընթաց էր մեզ համար: Դոկտորական երկու աստիճան պաշտապնելը երկար ժամանակ խլեց ինձանից: Այնուհետև մենք մաքառեցինք երկար տարիների ընթացքում մասնագիտացման համար: Բժշկական համալսարանն ավարտելուց հետո ես վիրահատական ծառայության համար հաշվեվճար չուղարկեցի ավելի քան 12 տարի: Բայց այդ ընթացքում մենք հինգ երեխա ունեցանք: Սակայն մի կերպ հասցնում էինք:
Ես իմ հարգանքի տուրքն եմ մատուցում Քույր Նելսոնին, որը երբեք չէր տրտնջում, որ պետք է շատ քչով բավարարվեր: Ես հիշում եմ մի երեկո Բոստոնի կենտրոնական մասում տեղի ունեցած այս դեպքը: Մենք քայլում էինք Բոյլստոն փողոցով: Անցանք կահույքի խանութի մոտով: Քույր Նելսոնը հպվելով պատուհանի ապակուն ասաց. «Ի՞նչ ես կարծում երբևէ հնարավաորություն կունենանք ջահ գնել»:
Եղբայրներ, ես առաջարկում եմ, որ դուք գտնեք Քույր Նելսոնի պես հեռատես զուգընկեր: Յուրաքանչյուր քրոջ ես առաջարկում եմ, որ դուք դրդեք ձեր ամուսնուն դառնալ այն, ինչ նա կարող է դառնալ, եթե նույնիսկ դա երկար ժամանակ պահանջի:
Մենք ճաշակել ենք կյանքի և՛ հաջողություններից և՛ վշտերից: Մեր երեխաների հետ կապված մենք մաքառել ենք հուսախաբության, հիվանդության և մահվան դեմ: Սակայն մահը չի կարող բաժանել ընտանիքները, որոնք կնքված են տաճարում: Բաժանման այդ ժամանակահատվածը միայն ժամանակավոր է: Տիրոջ երջանկության մեծ ծրագրի շնորհիվ մենք բոլորս կարող ենք մեծ հավատքով և լավատեսությամբ նայել ապագային:
Քույր Նելսոնը և ես հասկացել ենք, որ կյանքը մեկ գործողությամբ ներկայացում չէ: Իսկապես գոյություն ունի նախաերկրային կյանք: Եվ իսկապես գոյություն ունի կյանք մահից հետո: Նախաերկրային և երկրային ժամանակահատվածները ետմահու կյանքի միայն նախաբանն են: Մարգարեներին հայտնի դարձված փառքի երեք աստիճանների մասին գիտելիքը մեզ պատկերացում է տալիս մեր ետմահու ներուժի մասին:3 Հավերժական կյանքը փառահեղ է և լիովին արժե այն ճիգերին, որոնք պահանջվում են դրան հասնելու համար:
Մեր նախաերկրային ժամանակահատվածը կարևոր վարդապետական հիմք ունի, որն ամրացնում է մեր հավատքը: Այդ ժամանակաընթացքում հաստատվեց հավիտենական ավետարանը: Փրկության ծրագիրը պատրաստված էր նախքան երկրի հիմնադրումը:4 Այն ներառում էր մեզ համար Աստծո արքայության մեջ աստվածային ժառանգության մի փառահեղ հնարավորություն:5
Փրկության այդ ծրագրի կենտրոնական տեղում է Հիսուս Քրիստոսի Քավությունը: Նախաերկրային խորհուրդների ժամանակ, Նա նախապես կարգվեց Իր Հոր կողմից՝ քավելու մեր մեղքերը և ջարդելու ֆիզիկական և հոգևոր մահվան կապանքները:6 Հիսուսը հայտարարեց. «Ես . . . պատրաստված [եմ] աշխարհի հիմնադրումից ի վեր՝ փրկագնելու իմ ժողովրդին. . . Ինձանով պիտի ողջ մարդկությունը կյանք ունենա, և դա՝ հավերժորեն, այսինքն՝ նրանք, ովքեր կհավատան իմ անունին» (Եթեր 3.14): Հետագայում Պողոսն ավելացրեց, որ Եկեղեցին «Առաքյալների և մարգարեների հիմքի վրա [է] շինված, որի անկյունի գլուխը Հիսուս Քրիստոսն է» (Եփեսացիս Բ.20):
Աստծո ծրագրի համար կարևոր է նաև ընտանիքը: Փաստորեն ծրագրի նպատակն է վեհացնել ընտանիքը: Երկիրն այնպես էր ստեղծված, որ մենք, որպես մեր Երկնային Հոր նախաերկրային հոգևոր զավակներ, կարողանայինք գալ երկիր և ձեռք բերեինք ֆիզիկական մարմիններ: Մենք այստեղ ենք՝ փորձվելու և ստուգվելու համար:7 Մենք այստեղ ենք «ընտրելու ազատություն և հավերժական կյանք, . . կամ գերություն և մահ» (2 Նեփի 2.27): Եվ ամենից լավն այն է, որ մեզ թույլատրվում է սիրահարվել, ամուսնանալ և երեխաներ բերել մեր ընտանիք:
Որոշ օրհնություններ պետք է պահվեին վերջին օրերի համար: Տերը ծրագրել էր հայտնել «աշխարհի սկզբից ծածկուածները» (Մատթեոս ԺԳ.35): Այդ բաներից էին Մորմոնի գրքում արձանագրված հայտնությունները:8 Դրանցից են նաև սուրբ տաճարի արարողություններն ու ուխտերը:9 Մարգարե Ջոզեֆ Սմիթին Տերը հայտնել է, որ Նա շնորհ կանի հայտնել Իր եկեղեցուն բաներ, որոնք գաղտնի են պահվել աշխարհի հիմնադրումից առաջ, բաներ որոնք վերաբերում են ժամանակների լրության տնտեսությանը: (տես ՎևՈւ 124.41:)
Մահացածների մկրտության արարողությունը ևս հաստատվել էր աշխարհի հիմնադրումից առաջ: (տես ՎևՈւ 124.33:) Այսպիսով փրկությունը մատչելի էր դարձվում նրանց համար, ովքեր պետք է մեռնեին առանց ավետարանի մասին գիտելիքի: (տես ՎևՈւ 128.5:) Սերունդների միջև կապող օղակն ապահովված էր, որպեսզի ժամանակաշրջանների, բանալիների, զորությունների և փառքերի մի ամբողջական, լրիվ և կատարյալ միություն լիներ:10 Սերունդների միմյանց հետ կապը այնքան կարևոր է, որ և՛ երկրի նպատակները և՛ Եկեղեցու նպատակները պարտության կմատնվեին, եթե ընտանիքները չկնքվեին սուրբ տաճարներում:11
Մեր մահկանացու կյանքի նախապատրաստումը սկսվել է հենց նախաերկրային աշխարհում: Մինչև աշխարհի հիմնադրումը, մեզանից յուրաքանչյուրը գոյություն է ունեցել որպես մեր երկնային ծնողների հոգևոր զավակներ: Մեր մեջ կային ազնվազարմ և մեծ հոգիներ:12 Աբրահամը,13 Երեմիան,14 Ջոզեֆ Սմիթը,15 և ուրիշները16 կանխորոշված էին դառնալ Աստծո մարգարեներ, որոնցից ոմանք զոհ էին գնալու Նրա սուրբ գործին:17 Քահանայության շնորհման եղանակը պետք է փոխանցվեր «հայրերից, ժամանակների սկզբից սկսած, . . .նույնիսկ . . . երկրի հիմնադրումից առաջ: (Աբրահամ 1.3):
Տերը սովորեցնում է, որ սելեստիալ փառքի բարձրագույն աստիճանին հասնելու համար, մարդը պետք է մտնի քահանայության այս կարգի մեջ [որը նշանակում է ամուսնության նոր և հավիտենական ուխտը].
և եթե նա չանի այդ, նա չի կարող ձեռք բերել այն: (տես ՎևՈւ 131.2–3:)
Քույրերին տրվել էր հատուկ պարգև: Նրանց ունակություն է տրվել, Տիրոջ համաձայն, բազմանալ և լցնել երկիրը, և կատարել խոստումը, որը տրված էր Հոր կողմից աշխարհի հիմնադրումից առաջ, հավերժական աշխարհների մեջ նրանց վեհացման համար, որպեսզի նրանք կարողանան ծնել մարդկանց հոգիներ, այսպիսով շարունակելով Հոր գործը, որ Նա կարողանա փառավորվել: (տես ՎևՈւ 131.63:) Մտածեք այդ որոշման մեծության մասին: Երբ մայրը արժանավոր ձևով ծնում և խնամում է երեխային, նա ոչ միայն օգնում է, որ երկիրն իրականացնի իր ստեղծման նպատակը,18 այլ փառավորում է Աստծուն:
Մենք որպես ուխտի զավակներ, ընտրվել ենք Փրկչին ծառայելու համար: Պողոս Առաքյալը սովորեցրել է, որ Տերը «ընտրեց մեզ նրանով աշխարհի ստեղծելուցն առաջ» (Եփեսացիս Ա.4):19 Որպես այդ նախասահմանվածության մի մաս Աստված հաստատեց պայմաններ, որոնք թույլ էին տալիս մեզ ստանալ Նրա օրհնությունները: Այդ օրհնությունները պետք է շնորհվեն օրենքներին հնազանդվելու պայմանով, որոնց վրա հիմնված են Նրա օրհնությունները:20
Այդ պայմաններից մեկը` աշխարհիկ գայթակղությունները հաղթահարելու անհրաժեշտությունն է:21 Նախքան աշխարհի ձևավորումը թույլատրվեց, որ ընդդիմությունը գա սատանայից:22 Նա միշտ կռվել է Փրկչի սրբազան աշխատանքի դեմ և կշարունակի նույնկերպ: Նա հակադրվել է մարգարեներին և Վերականգման սուրբ գրքերին: Իսկ մեր օրերում սատանան որոշել է պատերազմ մղել ուղղակի Աստծո ծրագրի սրտում, որն ընտանիքն է: Նրա հարձակման նշաններն ամենուրեք մեր շուրջն են: Ամուսնացած հասուն երիտասարդների թիվը նվազում է,23 ծնունդների թվի հետ միասին:24 Տարիքը, որում զույգերն ամուսնանում են, աճում է,25 չամուսնացած զույգերի թիվը նույնպես:26 Անբարոյականությունը և պոռնոգրաֆիան այլասերող և կործանարար են:27
Ամենուրեք մեր բոլորիս շուրջն այդպիսի հոգևոր հիվանդություն ունենալը, պահանջում է իսկական հավատք Տիրոջ և Նրա ավետարանի հանդեպ՝ հակառակորդի հարձակումներին դիմակայելու համար: Ես հորդորում եմ զերծ պահել ձեզ ամեն անաստվածությունից, ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր:28 Ամուր բռնեք ավետարանի երկաթյա ձողից:
Եղբայրներ և քույրեր, նախքան աշխարհի ստեղծումը, ավետարանն Աստծո հավերժական ծրագրում կենտրոնական տեղ էր գրավում: Այն հավիտենական ավետարան է, որն այժմ վերականգված է իր լրիվությամբ:29 Այդպիսի հիմքով այս Եկեղեցին չի շարժվի իր տեղից,30 նույնիսկ Հազարամյակի ընթացքում:31 Հիսուս Քրիստոսի ավետարանը հաստատուն հիմք է, որի վրա մենք կարող ենք կառուցել մեր անձնական հավատքը: Մեզանից ոմանք թույլ են, իսկ ոմանք էլ ուժեղ: Մենք կարող ենք անկայուն լինել «ծովի հողմակոծված և տատանված ալիքի» պես (Հակոբոս Ա.6), կամ ավետարանի հավերժական ճշմարտություններով արմատավորված ու հիմնավորված կարող ենք խարսխվել հոգևոր պողպատյա պարաններով:32
Այդպիսի հավատքը չի կանխի կյանքի խնդիրները, բայց կօգնի, երբ գործերը վատ ընթանան: Լավ մարդկանց հետ էլ են վատ բաներ պատահում: Լինում են պատահարներ: Որոշ ամուսնացած զույգեր գուցե չօրհնվեն զավակներով: Մյուսները գուցե չամուսնանան այս կյանքում, կամ նրանք գուցե ամուսնանան մի մարդու հետ, որը չի կարողանում պահել Աստծո պատվիրանները: Տերը գիտի այս ամենը: Նա կշնորհի բոլոր օրհնությունները, որոնք Նա պահել է Իր հավատարիմ զավակների համար՝ Իր ուրույն ձևով և Իր ուրույն ժամանակին:33 Եղեք արդար, եղեք համբերատար, պահպանեք հավերժական հեռանկարը, և դուք պաշտպանված կլինեք:34
Տարիների ընթացքում դուք կնկատեք, որ առաքյալներն ու մարգարեները սովորեցնում են կանոնները: Մենք չենք սովորեցնում կանոնների բացառությունները: Բացառությունները թողնվում են անհատական ազատ կամքին և պատասխանատվությանը: Տերը գիտի, որ մենք ապրում ենք ոչ կատարյալ աշխարհում: Նա գիտի, որ այն հասունանում է անօրինության մեջ: (տես ՎևՈւ 18.6:) Նրա դատաստանները կլինեն ազնիվ, արդար և ողորմած:
Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը մեկ տասնամյակ առաջ կանխագուշակելով այս հոգևոր անկումը, պատրաստեցին ընտանիքի վերաբերյալ մի հայտարարություն աշխարհին: Այսօր այն, նույնիսկ, ավելի կարևոր է: Մենք հայտարարում ենք, որ «տղամարդու և կնոջ ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից և, որ ընտանիքն ամենակարևոր դերն ունի Արարչի ծրագրում՝ Իր զավակների հավերժական ճակատագրի համար:
Մարդկային էակները՝ տղամարդիկ և կանայք, բոլորն արարվել են Աստծո պատկերով: Յուրաքանչյուրը երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն է, և, որպես այդպիսին, յուրաքանչյուր ոք ունի աստվածային բնույթ և ճակատագիր: Սեռն անհատի հիմնական բնութագիրն է նախաերկրային, երկրային և հավերժական կյանքի և նպատակի . . .
Ադամին և Եվային Աստծո կողմից տրված առաջին պատվիրանը վերաբերվում էր որպես ամուսին և կին նրանց ծնող դառնալու հնարավորությանը: Մենք հայտարարում ենք, որ դեռևս ուժի մեջ է Իր զավակներին տված շատանալու և երկիրը լցնելու վերաբերյալ Աստծո պատվիրանը: Մենք հայտարարում ենք նաև Աստծո այն պատվիրանը, որ ծնունդ տալու սուրբ զորությունը պետք է օգտագործվի միայն այն տղամարդու և կնոջ միջև, որոնք օրինական ձևով ամուսնացած են որպես ամուսին և կին:
Մենք հայտարարում ենք, որ երկրի վրա կյանքի ստեղծման ուղիները ղեկավարվում են Աստծո կողմից: Մենք հայտարարում ենք կյանքի սուրբ լինելը և նրա կարևորությունն Աստծո հավերժական ծրագրում»:
Այժմ սիրելի ընկերներ, ուշադրություն դարձրեք այս նախազգուշացման վրա. «Այն անհատները, ովքեր խախտում են ողջախոհության ուխտերը. . . կամ թերանում են ընտանեկան պարտականությունները կատարելիս, մի օր հաշվետու կլինեն Աստծո առջև: Դեռ ավելին, մենք զգուշացնում ենք, որ ընտանիքի քայքայումը անհատներին, համայնքներին և ազգերին կպատճառի այն դժբախտությունները, որոնց մասին կանխագուշակել էին հին և նոր մարգարեները»: (Ընտանիք` Հայտարարություն աշխարհին, Ensign, Nov. 1995, 102.)
Եղբայրներ և քույրեր, եթե դուք ականջ դնեք այդ հայտարարությանը, դուք կօրհնվեք: Աստված ապրում է և սիրում է մեզ:35 Նրա օգնությամբ մենք կարող ենք մեծացնել մեր հավատքը և ընտանիքները: Մենք կարող ենք արժանանալ Տիրոջ այս խոստումին, որ եթե տղամարդ ամուսնանա կնոջ հետ Նրա խոսքով, և նոր ու հավերժական ուխտով, և եթե այն կնքվի նրանց համար խոստումի Սուրբ Հոգով, նրանք կժառանգեն գահեր, թագավորություններ, իշխանապետություններ, զորություններ և տերություններ: (տես ՎևՈւ 132.19):
Ես վկայում եմ, որ ձեր հավատքը և ձեր ընտանքները կբերեն ձեզ մեծ ուրախություն այստեղ և այս կյանքից հետո: Աստված ապրում է: Հիսուսը Քրիստոսն է: Նրա Եկեղեցին վերականգվել է: Մենք առաջնորդվում ենք Նրա մարգարեի՝ Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի կողմից: Եկեղեցու սիրելի երիտասարդներ, ձեզանից յուրաքանչյուրին թողնում եմ իմ սերն ու օրհնությունը Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:
Հղումներ
1. Տես Ա Կորնթացիս ԺԱ.11:
2. Տես “Hope of Israel,” Hymns, no. 259.
3. Տես Ա Կորնթացիս ԺԵ.40–41, ՎևՈւ 76.50–113; 88.17–32; ՋՍԹ, 1 Կորնթացիս 15.40:
4. Տես 1 Նեփի 10.18; Մոսիա 15.19; Ալմա 12.25, 30; 18.39; 22.13–14; 42.26; ՎևՈւ 76.12–13:
5. Հին աշխարհի մարդկանց Տերն ասել է. «Եկեք, ով իմ Հոր օրհնածները, ժառանգեցեք աշխարհքի սկզբից ձեզ համար պատրաստուած թագավորությունը» (Մատթեոս ԻԵ.34): Հնագույն Ամերիայի մարդկանց նաև ուսուցանվում էր, որ «նրանք, ովքեր հավատացել են Իսրայելի Սուրբին . . . կժառանգեն Աստծո արքայությունը, որը պատրաստված էր նրանց համար, աշխարհի հիմնադրումից ի վեր» (2 Նեփի 9.18, տես նաև Եթեր 4.19):
6. Տես Հովհաննես ԺԷ.5, 24; Ա Պետրոս Ա.19–20; Մոսիա 4.6–7; 18.13; 3 Նեփի 26.3–5; ՎևՈւ 93.7–9, Մովսես 5.57, ՋՍԹ, Ծննդոց 5.43; 14.30–31:
7. Տես Աբրահամ 3.24–25:
8. Տես 2 Նեփի 27.10:
9. Տես ՎևՈւ 124.40–41:
10. Տես ՎևՈւ 128.18:
11. Տես ՎևՈւ 138.47–48, տես նաև ՎևՈւ 2.1–3, 110.14–16, Ջոզեֆ Սմիթ Պատմություն—1.39:
12. Տես Ալմա 13.3, 5, 7; ՎևՈւ 132.28; 138.55–56; Աբրահամ 3.22–23:
13. Տես Աբրահամ 3.23:
14. Տես Երեմիա Ա.4–5:
15. Տես 2 Նեփի 3.5–15; ՎևՈւ 127.2; 138.53–55:
16. Տես ՎևՈւ 138.53:
17. Տես Ղուկաս ԺԱ.49–51:
18. Տես ՎևՈւ 49.16–17:
19. Տես նաև Եփեսացիս Ա.5: Պողոսը նաև ուսուցանել է, որ Աստված «փրկեց մեզ, և սուրբ կոչումով կանչեց. ոչ թե մեր գործերի համեմատ, այլ իր առաջադրության և շնորհքի համեմատ, որ տրուեցավ մեզ Քրիստոս Հիսուսումը հավիտենական դարերից առաջ» (Բ Տիմոթեոս Ա.9; տես նաև ՎևՈւ 38.1–4; Աբրահամ 3.22–26): Պետք է նշել, որ Մորմոնի Գիրքը ծառայում է` ցույց տալու «Իսրայելի տան մնացորդին, թե ինչպիսի մեծ բաներ է Տերը արել նրանց հայրերի համար. և որպեսզի նրանք կարողանան իմանալ Տիրոջ ուխտերը» (Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը):
20. Տես ՎևՈւ 130.20–21; 132.5, 11–12:
21. Տես 2 Նեփի 2.11–13:
22. Տես ՋՍԹ, Հայտնություն 12.6–8:
23. Տես David Popenoe and Barbara Dafoe Whitehead, The State of Our Unions: The Social Health of Marriage in America, 2004 (Rutgers University: The National Marriage Project, June 2004), 16–18 (http://marriage.rutgers.edu/).
24. Տես Popenoe and Whitehead, The State of Our Unions, 21–23.
25. Jason Fields, “America’s Families and Living Arrangements: 2003,” U.S. Census Bureau, Nov. 2004, 12–13 (www.census.gov/prod/2004pubs/p20-553.pdf).
26. Տես Popenoe and Whitehead, The State of Our Unions, 20–21.
27. B. J. Sigesmund, “XXX-ceptable,” Newsweek Web Exclusive, July 2, 2003 (www.keepmedia.com/pubs/Newsweek/2003/07/02/309790). Pornography is big business in the United States, generating a reported $12 billion annually (see www.internetfilterreview.com/internet-pornography-statistics.html).
28. Տես Մորոնի 10.32; ՋՍԹ, Մատթեոս 16.26:
29. Տես Գործք Գ.20–21:
30. Տես Դանիէլ Բ.28, 31–44; ՎևՈւ 65.2–6; 124.45:
31. Տես Bruce R. McConkie, The Millennial Messiah (1982), 672.
32. Տես Եփեսացիս Գ.17–19; Կողոսացիս Բ.6–7; Հելաման 5.12: Հիշեք, որ իմաստուն մարդը իր տունը կառուցում է ժայռի վրա, ոչ թե հոսող ավազի վրա (տես Մատթեոս Է.24–27):
33. Տես ՎևՈւ 130.20–21:
34. Մարդու հեռանկարի սահմանները պետք է լինեն հավերժական տեսադաշտում: Պողոսն ուսուցանում էր. «Եթե միայն այս կյանքում ունինք հույս Քրիստոսի վրա, ամեն մարդկանցից ավելի ողորմելի ենք» (Ա Կորնթացիս ԺԵ.19):
35. Տես 1 Նեփի 11.16–17: