ԿՅԱՆՔԻ ՏԵՎՈՂՈւԹՅՈւՆ ՈւՆԵՑՈՂ ՆՎԻՐՎԱԾՈւԹՅՈւՆ
Երեց Դալին Հ. Օուքս
Տասներկու Առաքյալների Քվորումից
ԵԿՀ Հավաք Երիտասարդ Չափահասների համար
1 մայիսի, 2005թ.
Օուքլենդ, Կալիֆորնիա
Իմ եղբայրներ և քույրեր, ես երախտապարտ եմ երգչախմբին այս հուզիչ ու ոգեշնչող երաժշտության համար, և շնորհակալ եմ Նախագահ Սթիվեն Էդգրինից ինձ ներկայացնելու համար:
Հաճելի է լինել Օուքլենդում: Նրանց, ովքեր այստեղ են և նրանց, ովքեր այլ վայրերում են, ես ասում եմ` շնորհակալություն ձեր ներկայության համար:
Ես ուրախ եմ խոսելու 18-30 տարեկան այս լսարանի հետ: Մեր ամենափոքր դուստրը այս տարիքային խմբին է պատկանում: Մեր 28 թոռներից 15-ը նույնպես: Այնպես որ ես հատկապես հետաքրքրված եմ 18-30 տարեկաններով:
Ապրեք Ավետարանով ամեն օր
Ձեզ հետ խոսելիս ես խոսում եմ ապագայի հետ: Դուք եք ապագա բիզնեսի, կրթության, գիտության, քաղաքների, նահանգների և պետությունների, ինչպես նաև այս Եկեղեցու ղեկավարները: Ավելին, դուք Եկեղեցու ընտանիքների ապագա ղեկավարներն եք:
Այս երեկոյին պատրաստվելիս, ես ուսումնասիրեցի վերջերս տեղի ունեցած երիտասարդ չափահասների համար ԵԿՀ հավաքի ելույթը: Այն տեղի է ունեցել փետրվարի 6-ին, կիրակի օրը, ԲՅՀ-ի Մերիոտ Կենտրոնում: Բանախոսն էր Տասներկուսի Քվորումից Երեց Ռասել Մ. Նելսոնը: Ինձ համար այդ ելույթն ուսումնասիրելը և խրատական էր, և հոգին հուզող:
Դուք կհիշեք, որ Երեց Նելսոնը խնդրեց. «ձեր մասին մտածել ոչ թե ինչպիսին եք այժմ, այլ ինչպիսին կարող եք դառնալ 50 տարի անց»: Նա հարցրեց. «Ինչպիսի՞ն կցանկանայիք լինել 50 տարի անց»: Այնուհետև նա հրաշալի ուղերձ հղեց «Հավատք և Ընտանիքներ» թեմայով: Նա պատմեց իր և իր սիրելի կողակցի, Դանթզելի, համատեղ կյանքի մասին: Նա պատմեց կրթություն ստանալու համար իրենց երկարատև մաքառումների մասին: Նա պատմեց այն ընտրությունների մասին, որ կայացրել են իրենց ամուսնական կյանքում` նախևառաջ փնտրելով Աստծո արքայությունը: Նա ասաց, որ հավատքը եղել է իրենց «ամուսնական կյանքի ուղեցույց աստղը»: Նա հիշեց այն փաստը, որ բժշկական ինստիտուստն ավարտելուց հետո 12 տարի շարունակ վիրաբուժական գործունեության համար նա վճարման հաշիվ չի ներկայացրել: Այդ ընթացքում նրանք հինգ երեխա են ունեցել: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպիսի հավատք են նրանք գործադրել և ինչպիսի զոհաբերություններ են նրանք կատարել, որպեսզի ապրեն իրենց ընտանիքով, մինչև որ Դր. Նելսոնը ավարտել էր իր ուսումնական երկար պրոցեսը: (Տես Հավատք և Ընտանիքներ [ԵԿՀ հավաք երիտասարդ չափահասների համար, 6 փետր., 2005], 1–2:)
Եթե լսել եք Երեց Նելսոնի հրաշալի ուղերձը ապրիլյան համաժողովում, դուք կարող եք իմանալ, թե ինչու էր ինձ համար նրա փետրվարի 6-ին տրված ԵԿՀ ելույթը հոգին հուզող փորձառություն: Այդ ելույթով նա հրաշալի ու արժանի տուրք մատուցեց իր թանկագին կողակցին, որից վեց օր անց նա հանկարծամահ եղավ: Իսկապես, ինչպես Երեց Նելսոնը ուսուցանեց մեզ, կյանքը որոշ անսպասելի անակնկալներ է մատուցում, և մեզանից յուրաքանչյուրի համար լավ կլինի ոչ միայն առաջ նայել, թե ինչպիսին ենք ցանկանում լինել 50 տարի անց, այլ նաև կյանքն ապրել ամեն օր այնպես, որ միշտ պատրաստ լինենք, եթե անսպասելիորեն կանչվենք մեր երկնային տուն:
«Տեսեք, որ դուք անեք դրանք»
Անցյալ շաբաթ ես զրուցում էի Տասներկուսի Քվորումի մի անդամի հետ, ապրիլյան մեր համաժողովի ելույթների վերաբերյալ ստացած արձագանքների մասին: Ընկերս ասաց, որ ինչ-որ մեկն իրեն ասել է. «Ես իսկապես մեծ հաճույք ստացա քո ելույթից»: Մենք համաձայնվեցինք, որ դա այն արձագանքը չէր, որը կցանականայինք ստանալ: Ինչպես ընկերս ասաց. «Ես իմ ելույթը հաճույք ստանալու համար չեմ ներկայացրել: Ի՞նչ է, կարծում է ես ինչ-որ զվարճացնո՞ղ եմ»: Մեր քվորումի մեկ այլ անդամ միացավ մեր զրույցին ասելով. «Դա ինձ հիշեցնում է լավ քահանայի մասին պատմությունը: Երբ ծխական համայնքի անդամն ասել էր. «Ես իսկապես հաճույք ստացա ձեր քարոզից», քահանան պատասխանել էր. «Ուրեմն դու չես հասկացել այն»:
Հավանաբար կհիշեք, որ ապրիլյան այս համաժողովի ժամանակ ես խոսեցի պոռնոգրաֆիայի մասին: Ոչ ոք չասաց, որ «հաճույք է ստացել» իմ ելույթից, ոչ ոք: Իրականում, նույնիսկ ինձ համար հաճույք ստանալու ոչինչ չկար:
Ես խոսում եմ այս վերջին զրույցների մասին, որպեսզի սովորեցնեմ սկզբունքը, որ երբ Բարձրագույն Իշխանությունների կողմից գերագույն համաժողովի ժամանակ ուղերձ է տրվում, այդ ուղերձը պատրաստվում է Հոգու ազդեցությամբ, Տիրոջ գործն առաջ տանելու նպատակով, և ոչ թե հաճույք ստանալու համար: Այն տրվում է ոգեշնչելու, խրատելու, կոչ անելու, շտկելու նպատակով: Այն տրվում է, որպեսզի լսվի Տիրոջ Հոգու ազդեցությամբ, ակնկալելով, որ ունկնդիրը սովորում է ելույթից և Հոգուց, թե ինչ ինքը պետք է անի այդ առումով:
Բենիամին թագավորը հասկացել էր այդ սկզբունքը և բացատրեց այն: Նրա հրաշալի քարոզը, որը գրված է Մոսիայի գրքի առաջին մի քանի գլուխներում սկսվում է, հետևյալ խոսքերով.
«Ի՛մ եղբայրներ, դուք բոլորդ, որ հավաքվել եք միասին, դու՛ք, որ կարող եք լսել իմ խոսքերը, որոնք ես կխոսեմ ձեզ համար այս օրը. . . . ես չեմ պատվիրել ձեզ հասնել այստեղ՝ կատակաբանելու այն խոսքերով, որոնք ես կխոսեմ, այլ որ դուք ականջ դնեք ինձ և բացեք ձեր ականջները, որ կարողանաք լսել, և՝ ձեր սրտերը, որ կարողանաք հասկանալ . . » (Մոսիա 2.9):
Ինչպես այդ մարգարե-թագավորն էր ուսուցանում, երբ գալիս ենք լսելու Տիրոջ ծառային, մենք չենք «կատակաբանում նրա ասած խոսքերով»: Մենք պետք է բացենք մեր ականջները լսելու և մեր սրտերը` հասկանալու համար: Իսկ այն, թե ինչ պետք է փնտրենք հասկանալու համար, դա այն է, թե ինչ պետք է անենք լսելով այդ ուղերձը: Ես վստահ եմ, որ Բենիամին թագավորը սա ի նկատի ուներ, որովհետև ավելի ուշ իր հրաշալի ուղերձում նա ասաց. «Եվ այժմ, եթե դուք հավատում եք բոլոր այս բաներին, տեսեք, որ դուք անեք դրանք» (Մոսիա 4.10): Խնդրում եմ հիշեք այս սկզբունքը, երբ ես կխոսեմ ձեզ հետ այս կիրակի օրը:
«Կյանքի տևողություն ունեցող անխռով ու հաստատուն նվիրվածություն»
Իմ ելույթը վերնագրել եմ` «Կյանքի տևողություն ունեցող նվիրվածություն»: Ես այս վերնագիրը վերցրել եմ Իլինոյսի Նահանգապետ Էդլայ Ի. Սթիվենսոնի խոսքերից, որը Միացյալ Նահանգների Դեմոկրատական Կուսակցության կողմից նախագահության թեկնածու էր առաջադրվել 1952 և 1956 թվականներին: Նա հրաշալի մարդ էր, և նախագահ կդառնար, եթե նրա հակառակորդ թեկնածուն չլիներ շատ հանրաճանաչ Դվայթ Դ. Էյզենհաուերը:
Ամերիկյան Վետերանների Համագումարին, Սթիվենսոնը հայրենասիրության մասին մի իմաստուն միտք արտահայտեց: Նա ասաց, որ այն, ինչի կարիքը մենք ունենք. «դա ոչ թե էմոցիաների կարճատև ոգևորված պոռթկումն է, այլ կյանքի տևողություն ունեցող անխռով ու հաստատուն նվիրվածությունը» (ելույթը տրված է օգոստոսի 27-ին 1952թ., մեջբերված է` John Bartlett, comp., Familiar Quotations, 13th ed. [1955], 986): Ես սիրում եմ դա` «ոչ թե էմոցիաների կարճատև ոգևորված պոռթկում, այլ կյանքի տևողություն ունեցող անխռով ու հաստատուն նվիրվածություն»: Ես կօգտագործեմ հայրենասիրության այս բացատրությունը որպես ձևակերպում, թե ինչպես պետք է մենք ապրենք ավետարանով:
Ոմանք ապրում են ավետարանով «էմոցիաների կարճատև ոգևորված պոռթկումով», որին հետևում է սայթաքումի երկարատև ժամանակահատվածը կամ անպատշաճ ու անկապ արարքները: Ավետարանով ապրելիս մենք պետք է ունենանք «կյանքի տևողություն ունեցող անխռով ու հաստատուն նվիրվածություն»:
Այսպիսով, ինչ է նշանակում հնազանդվել պատվիրաններին, պահել մեր ուխտերը և ծառայել Տիրոջը «կյանքի տևողություն ունեցող անխռով ու հաստատուն նվիրվածությամբ»: Դա նշանակում է լինել 100 տոկոսանոց Վերջին Օրերի Սուրբ, ժամանակի 100 տոկոսում: Սուրբ գրությունների առումով, դա նշանակում է` հետևել իր ժողովրդին տված Բենիամին թագավորի խորհրդին. «ես կկամենայի, որ դուք լինեք անսասան և անխախտ՝ միշտ հարուստ լինելով բարի գործերով, որպեսզի Քրիստոսը՝ Ամենակարող Տեր Աստվածը կարողանա կնքել ձեզ` որպես իրենը» (Մոսիա 5.15): Դա նշանակում է հետևել իր անվճռական որդուն տրված հայր Լեքիի աղերսին. «Երանի՜ թե դու կարողանայիր նմանվել այս հովտին՝ կայուն ու հաստատուն, անխախտ՝ Տիրոջ պատվիրանները պահելիս» (1 Նեփի 2.10):
«Կյանքի տևողություն ունեցող նվիրվածությունը» պահանջում է լինել անխռով ու հաստատուն, կայուն ու աննկուն: Մենք ամուր ենք կառչում մեր ուխտերից, ղեկավարներից և Տիրոջ ծառաների ուսմունքներից, որպեսզի, ինչպես Պողոս Առաքյալն է գրել. «այլևս երեխա չլինենք երերուած ու տատանված վարդապետության ամեն քամուցը» (Եփեսացիս Դ.14): Սա է մեր չափանիշը և մեր նպատակը: Այս հաստատուն չափանիշը պահանջում է խուսափել ծայրահեղություններից: Մենք պետք է լինենք 100 տոկոսանոց հաստատուն նվիրված ծառա, ոչ թե ոգևորված ու ոչ կանոնավոր120 տոկոսանոց մոլեռանդ:
Տարիներ առաջ ես մի լավ ուսուցիչ ունեի ԲՅՀ-ում, որը մոլեռանդին հետևյալ կերպ էր բնորոշել. «Մոլեռանդը նա է, որն իր տեսադաշտից կորցրել է իր նպատակը, սակայն կրկնապատկել է այդ նպատակին հասնելու իր ջանքերը»: Այդ սահմանումը իմ ողջ կյանքում լավ ուղեցույց է եղել ինձ համար, և ես այն տալիս եմ ձեզ: Մի՛ ձգտեք ձեր նվիրվածույթունը ապացուցել մոլեռանդ ծայրահեղություններով կամ «մյուսներից ավելի սուրբ երևալու» դրսևորումներով: Մենք վճարում ենք մեր տասանորդը, սակայն հիշում ենք, որ տասանորդը հաստատապես 10 տոկոսն է, և ոչ թե 8 տոկոսը, և ոչ էլ հատկապես 12 տոկոսանոց ոգևորված պոռթկումները:
Սա ինձ հիշեցնում է ինձ ուղղված Նախագահ Հարոլդ Բ. Լիի մտահոգությունները, երբ ես ԲՅՀ-ի նախագահն էի: Պրովոյի Տաճարի նվիրագործումից մի փոքր առաջ, նա ինձ հետ կիսեց իր մտահոգությունը, որ տաճարին մոտ լինելը պատճառ կդառնա ԲՅՀ-ի ուսանողների համար այնքան հաճախ այցելել տաճար, որ նրանք կանտեսեն իրենց դասերը: Նա խնդրեց ինձ աշխատանք տանել ԲՅՀ ցցերի նախագահների հետ, հավաստիանալու համար, որ ուսանողները հասկացել են, որ թեպետ այնպիսի սուրբ ու կարևոր գործը, ինչպիսին տաճարային ծառայությունն է, պետք է անել իմաստությամբ և կարգով, այնպես որ ուսանողները չանտեսեն իրենց դասերը, որը պետք է լինի ԲՅՀ-ում ուսանելիս նրանց հիմնական նպատակը:
Ծայրահեղության հասցրած լավ սկզբունքների վտանգները
Տաս տարի առաջ ես մի ելույթ ունեցա «Մեր ուժը կարող է դառնալ մեր անկումը» թեմայով (Ensign, Oct. 1994, 11–19): Ես խոսում էի, թե ինչ է կատարվում, երբ վերցնում ենք մի լավ սկզբունք կամ պատվիրան և չափից ավելի ենք կիրառում: Ես բերել էի 20 օրինակներ: Դրանցից 5-ը ընդգրկել եմ այսօրվա իմ խոսքում, որպեսզի մենք գործենք կյանքի տևողություն ունեցող անխռով ու հաստատուն նվիրվածությամբ, ոչ թե ինչպես Նահանգապետ Սթիվենսոնն է անվանել. «էմոցիաների կարճատև ոգևորված պոռթկումով»:
Իմ առաջին մտահոգությունը առանձնահատուկ ձևով վերաբերում է հայրենասիրությանը: Անգամ հայրենիքի հանդեպ սերը, եթե ծայրահեղ ձևով է դրսևորվում, կարող է հոգևոր վնաս հասցնել մեզ: Կան որոշ քաղաքացիներ, որոնց հայրենասիրությունը (ինչպես իրենք են բնորոշում) այնքան կատաղի է և ամեն ինչ կլանող, որ, թվում է, անտեսվում են մյուս պարտականությունները, ներառյալ ընտանիքն ու եկեղեցին: Օրինակ, մենք լսում ենք որոշ (այսպես կոչված) հայրենասերների մասին, ովքեր մասնակցում են մասնավոր զինվորական ծառայությանը կամ միջոցներ են տրամադրում մասնավոր զինված ուժերին և նախապատրաստություններ են տանում զինված հակամարտությունների համար: Նրանց հայրենասիրության գերեռանդի մեկ դրսևորումը վնասում է հոգևոր առումով, երբ նրանք դուրս են գալիս Եկեղեցու հասարակությունից, առանձնանում քաղաքացիական կառավարման շրջանակներից, որոնց ըստ մեր տասներկուերորդ հավատո հանգանակի մենք բոլորս հպատակվում ենք:
Իմ երկրորդ օրինակը վերաբերում է այն մարդկանց, ովքեր ամբողջովին կենտրոնանում են Հիսուս Քրիստոսի ավետարանի մեկ հատուկ վարդապետության կամ պատվիրանի վրա: Սա կարող է լինել առանձնահատուկ կենտրոնացումը ընտանեկան պատմության աշխատանքի վրա, սահմանադրական կառավարության հետ անսովոր ձևով սերտ աշխատելը, կամ այլ բացառիկ գործունեությունը:
1971թ. հոկտեմբերի համաժողովի ժամանակ իր հիշարժան ելույթում Երեց Բոյդ Ք. Փաքերը ավետարանի լրիվությունը նմանեցրեց դաշնամուրի ստեղնաշարին: Նա հիշեցրեց մեզ, որ մարդը կարող է «հրապուրվելով մի ստեղնով», ինչպես օրինակ մեկ վարդապետությամբ, որը ցանկանում են լսել, և «կրկին ու կրկին են նվագում»: Նա բացատրել է.
«Եկեղեցու որոշ անդամներ, որոնք պետք է ավելի լավ իմանան, ընտրում են հոբբիի մեկ կամ երկու ստեղնը և ուժգին հարվածում դրանց . . . Նրանք կորցնում այն միտքը, որ գոյություն ունի ավետարանի լրիվություն, . . . [որը նրանք մերժում են], նախընտրելով իրենց սիրելի նոտան: Սա ծայրահեղության ու խեղաթյուրման է հասցնում, տանելով դեպի ուրացություն» (Teach Ye Diligently [1975], 44):
Նման մարդկանց համար մենք կարող ենք ասել, ինչպես Տերն է ասել Շեյքեր աղանդի անդամների մասին. «նրանք փափագում եմ իմանալ ճշմարտությունը մասամբ, ոչ ամբողջովին» (տես ՎևՈւ 49.2): Այսպիսով, ես ասում եմ` զգուշացեք հոբիի ստեղնից: Եթե դուք խփում եք մեկ ստեղնին, բացառելով կամ լրջորեն վնասելով ավետարանի ստեղնաշարի ամբողջ ներդաշնակությունը, ապա դուք շեղվում եք առաջարկված կյանքի տևողություն ունեցող անխռով ու հաստատուն նվիրվածությունից:
Ծայրահեղության հասցրած լավ սկզբունքների վտանգի մասին այս օրինակների մեջ ես պետք է խոստովանեմ իմ անձնական թերացումներից մեկի մասին: Դուք լսել եք հին ասացվածքը. «Մի եղիր առաջինը, որը նոր բան է փորձում, ոչ էլ եղիր վերջինը, որը մի կողմ է նետում հինը»: Երբ խոսքը վերաբերում է այս սերնդի տեխնոլոգիական հրաշքներին, ինչպիսին է համակարգիչը, կարծում եմ ես վերջինն են, որը մի կողմ է նետում հինը:
Ես դեռևս օգտագործում եմ ձեռքի գրամեքենան: 50 տարուց ավելի է ես նամակները, հուշագրերն ու իմ ելույթների հիմնական մասը տպագրում եմ ձեռքի գրամեքենայով: Մի քանի տարի առաջ դրանցից վերջինը, իմ հավատարիմ գրամեքենան, վերջապես մաշվեց: Ես սկսեցի նորը փնտրել: Հեշտ չէր գտնելը:
Գրամեքենաների հաջորդ սերունդը, որը փոխարինեց ձեռքի գրամեքենային, դա էլեկտրական գրամեքենան էր: Ես բաց թողեցի այդ սերունդը: Հաջորդը տեքստերի մշակման սարքերն էին և բարձրակարգ համակարգիչներն էին, իմ հմուտ քարտուղարուհու Մարջի Մաքնայթի նման, որոնք սովորաբար կարող են այս ելույթի բազմաթիվ նախնական տեքստեր պատրաստել: Խանութներում այսօր միայն համակարգիչներ են վաճառվում, այնպես որ չպետք է զարմանայի, երբ երիտասարդ վաճառողները անիմաստ հայացքով նայեցին ինձ, երբ ես ձեռքի գրամեքենա խնդրեցի: Պատկերացումից ուժեղ մի տղա հպարտորեն ներկայացրեց էլեկտրոնային գրամեքենան, որն այնքան փոքր էր ու թեթև, որ կարելի էր էլեկտրական մի վարդակից մյուսը տեղափոխել, և հարցրեց թե արդյոք դա այն էր, ինչ ես էի ցանականում:
Ի վերջո, ես մի փոքր խանութ գտա, որի ալեհեր տերը գիտեր, թե ինչ է ձեռքի գրամեքենան: Նա դեռևս ուներ մեկ հատ գրամեքենա պահեստում, և ես ոգևորված գնեցի այն: Այդ խանութի տերը մի փոքր տարակուսել էր, թե ինչ եմ պատրաստվում անել այն: Նա շատ քաղաքավարի էր, որպեսզի հարցներ, սակայն ենթադրեց: Երբ նա ինձ էր տալիս այդ նոր գրամեքենան ասաց. «Այլևս չենք վաճառում դրանցից: Դուք հավանաբար շատ եք քաղաքից դուրս գնում»: Իրական պատմություն է:
Շարունակեմ ներկայացնել հաստատուն նվիրվածությունը և էմոցիաների կարճատև ոգևորված պոռթկումները տարբերակող երրորդ օրինակը: Տիրոջ գործի համար մեր բոլոր միջոցները զոհաբերելու պատրաստակամությունը անշուշտ նվիրվածության նշան է: Իրականում, սա ուխտ է, որ անում ենք սուրբ վայրերում: Սակայն սա պետք է զգուշորեն զատել այն զոհաբերություններից, որոնք Տերը և Նրա ղեկավարները խնդրել են մեզ կատարել այս ժամանակաշրջանում: Մենք պետք է Ալմայի հետ ասենք. «Ինչո՞ւ պետք է ես ցանկանամ ավելին, քան գործը կատարելը, որի համար ես կանչված եմ» (Ալմա 29.6): Մարդիկ, որոնք համարում են, որ տասանորդ վճարելը, նվիրատվություններ անելը, և աշխատելը այն դիրքերում, որտեղ կանչվել են, բավարար չէ, կարող են մոլորության մեջ ընկնել ջերմեռանդ կրոնական խմբերի կողմից, որոնք, իմ բնորոշմամբ, «ոգևորված պոռթկումներով» են դրսևորում զոհաբերելու իրենց պատրաստակամությունը:
Չորրորդ օրինակը վերաբերում է նպատակներին: Մեծ ուժ է հարկավոր մեր նպատակների վրա կենտրոնանալու համար, որի բարի պտուղները մենք բոլորս էլ տեսել ենք: Սակայն նպատակների վրա եռանդուն կենտրոնացումը կարող է պատճառ դառնալ, որ մարդը մոռանա այդ նպատակին հասնելու արդար ճանապարհների կարևորությունը: Մոռանալով դա, գովասանքի արժանի հաստատուն նվիրվածությունը կարող է փոխվել վտանգավոր ոգևորված ծայրահեղության:
Հինգերորդը, այն է, որ մենք պետք է հետամուտ լինենք հաստատուն ուղղուն և խույս տանք ոգևորված ծայրահեղությունից, ինչ վերաբերում է ֆինանսներին: Մեզ պատվիրվել է օգնել աղքատներին: Կարելի՞ է արդյոք Քրիստոնեական այդ հիմնական պարտականությունը կատարելիս ծայրահեղության հասնել: Այո: Ես տեսել եմ դա: Հավանաբար, դուք ևս տեսել եք մարդկանց, ովքեր կատարել են աղքատներին օգնելու իրենց պարտականությունը այնպիսի ծայրահեղության հասնելով, որ աղքատության եզրին են հասցրել իրենց իսկ ընտանիքները` ընտանիքի անդամների համար անհրաժեշտ սեփական միջոցները կամ ժամանակը ծախսելով:
Օգտագործելով հին գյուղատնտեսական արտահայտությունը` մենք չպետք է ուտենք մեր սերմնացուն: Նման ծայրահեղությունը կզրկի մեզ հաջորդ տարին ցանելու և բերք հավաքելու հնարավորությունից, որով կարող էինք բավարարել մեր ընտանիքները և օգնել աղքատներին: Բենիամին թագավորը, որը պատվիրեց իր ժողովրդին կերակրել քաղցածներին, հագցնել մերկերին, այցելել հիվանդներին և ծառայել ի սփոփանք նրանց (տես Մոսիա 4.26), նաև զգուշացրել էր նրանց. «տեսեք, որ բոլոր այս բաներն արվեն իմաստությամբ և կարգով. քանզի հարկավոր չէ, որ մարդ վազի ավելի արագ, քան ինքն ուժ ունի» (հ. 27; տես նաև ՎևՈւ 10.4):
Ամփոփելով իմ հինգ օրինակները ես պետք է զգուշացման խոսք ասեմ: Իմ առաջ քաշած սկզբունքը, որ մենք պետք է հետամուտ լինենք հաստատուն նվիրվածությանը և խույս տանք ոգևորված ծայրահեղություններից, պետք է հասկանալ այսպես, որ մենք պետք է «ամեն ինչում չափավոր» լինենք: Ոչ միայն: Փրկիչը պատվիրել է մեզ ծառայել մեր ողջ սրտով, ուժով, մտքով ու կարողությամբ» (տես ՎևՈւ 4.2), «լրջորեն փնտրել հավերժության հարստությունները» (տես ՎևՈւ 68.31), և լինել «քաջարի Հիսուսի մասին վկայության մեջ» (տես ՎևՈւ 76.79): Նա նաև ասել է մեզ, որ եթե մենք ոչ տաք ենք, ոչ սառը, պետք է մեզ փսխի Իր բերանից (տես Հայտնություն Գ.16): Իմ օրինակների հիմքում ընկած էր այն, որ մենք պետք է հաստատուն ու հետևողական լինենք մեր նվիրվածության, պարտավորության մեջ և մեր ջանքերում:
Ժամադրությունը ընդդեմ ժամանակ անցկացնելուն
Ես փորձեցի օրինակներ բերել կյանքի տևողություն ունեցող հաստատուն նվիրվածության կարևորության մասին, և ես զգուշացրեցի հակադրելով դրանք լավ սկզբունքները ծայրահեղության հասցնելու վտանգներին: Եթե դեռևս ինձ չի հաջողվել կոչ անել` վերանայել ձեր վարքը, գուցե իմ վերջին թեմայով դա կատարեմ:
Երկու շաբաթ առաջ, ԲՅՀ-ի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողության ժամանակ, իր խոսքում Երեց Ըրլ Չ. Թինջին մատնանշեց Time ամսագրի վերջին համարում զետեղված ձեր տարիքի երիտասարդների մասին գրված հոդվածը: Այնտեղ ասվում էր, որ 18-25 տարիները դարձել են «յուրահատուկ ու առանձին կյանքի ժամանակահատված, տարօրինակ, անցումային, աներևակայելի մի ժամանակ, պատանեկության ու չափահասության միջև, երբ մարդիկ մեծանում են մի քանի տարով ևս` [հետաձգելով] . . . չափահասության պատասխանատվությունը» (Lev Grossman, “Grow Up? Not So Fast,” Time, Jan. 24, 2005, 44): Այդ հոդվածը ներկայացնում է այդ անցումային անհատներին որպես «անփոփոխ պատանիների, . . . որոնք միշտ ցանկանում են մնալ քսան տարեկան» (p. 42): Այդ վերլուծությունն ավելի պարզաբանելով իր լսարանի համար, որը բաղկացած էր ԲՅՀ-ի շրջանավարտներից և նրանց ընտանիքներից, Երեց Թինջին խոսեց այն մասին, որ «քոլեջների որոշ շրջանավարտներ անվճռական են . . . ամուսնության ու ընտանիքի հետ կապված պատասխանատվություններ ստանձնելիս» (address at commencement, Apr. 21, 2005):
Չափահասության պատասխանատվությունը հետաձգելու այս տենդենցը, ներառյալ ամուսնությունն ու ընտանիքը, իրոք նկատելի է մեր ՎՕՍ երիտասարդների մեջ: Ամուսնության միջին տարիքը բարձրացել է վերջին տասնամյակների ընթացքում, իսկ ՎՕՍ ամուսնացած զույգերի ընտանիքներում ծնելիությունը պակասել է: Երեք ամիս առաջ Երեց Նելսոնը իր «Հավատք և Ընտանիքներ» ելույթում խոսել է այս թեմայի շուրջ, և դա նաև իմ «Կյանքի տևողություն ունեցող նվիրվածություն» թեմայի մի մասն է: Հետևաբար, ես կեզրափակեմ իմ խոսքը ձեզ հետ կիսվելով Հյուսիսային Ամերիկայում ՎՕՍ երիտասարդ ամուրիների հետ կապված մի քանի մտահոգություններով:
Գիտակ հետազոտողները ներկայացրել են, որ ընդհանուր առմամբ ժամադրությունները գրեթե վերացել են քոլեջի տարիքի երիտասարդների շրջանում: Այն փոխարինվել է այսպես կոչված «ժամանակ անցկացնելով» (տես Bruce A. Chadwick, “Hanging Out, Hooking Up, and Celestial Marriage,” in Brigham Young University 2002–2003 Speeches [2003], 1–8): Դուք հավանաբար գիտեք, թե ինչ է դա, սակայն ես կներկայացնեմ այն նրանց համար, ովքեր միջին տարիքի կամ ավելի մեծ են, կամ էլ տեղյակ չեն: Ժամանակ անցկացնել նշանակում է, երբ մի քանի երիտասարդ տղաներ ու աղջիկներ միանում են խմբով զվարճանալու համար: Դա շատ է տարբերվում ժամադրությունից:
Ձեզանից մի քանիսի համար, որոնք միջին տարիքի կամ ավելի մեծ չեն, ես նաև պետք է նկարագրեմ, թե ինչ է ժամադրությունը: Ի տարբերություն ժամանակ անցկացնելուն, ժամադրությունը խմբակային ձևով չի կատարվում: Ժամադրությունն այն է, երբ զույգը հանդիպում է` միմյանց ընկերակցելու ու ժամանակավորապես պարտավորվելու, որ կամուսնանա, որոշ բացառիկ և միմյանց բարձր գնահատելու դեպքում:
Ի՞նչն է պատճառը, որ ժամադրությունները շատ են քչացել: Ես հաստատ չգիտեմ, սակայն կարող եմ տեսնել դրան նպաստող որոշ գործոններ.
- 1. Մեր աշխարհի արժեքները խիստ դեմ են ընտանեկան հարաբերություններում պարտավորություններ ստանձնելուն: Օրինակ, բաժանությունը օրենքով ավելի է հեշտացել, իսկ երեխա ունենալը հասարակական համակրանք չի վայելում: Պարտավորությունների դեմ այդ ճնշումն ակնհայտորեն նպաստում է Իր զավակների համար Երկնային Հոր Ծրագրին սատանայի հակադրվելուն: Այդ ծրագիրը հիմնված է ուխտերը կամ պատվիրանները պահելու վրա: Ինչն էլ որ մեզ հեռացնում է պարտավորություններից, թուլացնում է այդ ծրագրում մեր մասնակցությունը բերելու ունակությունը: Ժամադրությունը պարտավորվածություն է ընդգրկում, թեկուզև մի քանի ժամով: Ժամանակ անցկացնելը պարտավորվածություններ չի պահանջում, հատկապես տղամարդկանց համար, եթե կանայք են ուտելիքն ու հանդիպման վայրն ապահովում:
- 2. Տղամարդկանց հետ մակարդակներով հավասարվելու կանանց ձգտումը բացասաբար է ազդում ժամադրությունների վրա: Քանի որ կանանց հնարավորությունները շատացել են, իսկ ոմանք ավելի ագրեսիվ են դարձել, որոշ տղաներ քաշվում են օգտագործել ավանդական տղամարդկային նախաձեռնությունը, ինչպիսին է` ժամադրության հրավիրելը, չլինի թե նրանց որակեն «շովինիստ տղամարդ» զարհուրելի պիտակով:
- 3. Չամուսնացածների համար ժամանակ անցկացնելը հրապուրիչ ձևով է ներկայացվում հեռուստատեսային ծրագրերում:
- 4. «Ժամադրության» իմաստն ու նշանակությունը փոխվել են նաև այնպես, որ ժամադրությունն այժմ շատ թանկ արժե: Ես տեսնում եմ, որ այդ տենդենցը նկատվում է մեր ավելի երիտասարդ երեխաների մոտ: Ինչ-որ պատճառով, բարձրագույն դպրոցի տղաները կարծում են, թե պետք է լավ նախապատրաստված կամ արտառոց ձևով ժամադրության հրավիրեն, հատկապես դպրոցում կազմակերպված պարերին, իսկ աղջիկները կարծում են, թե իրենք ինչ-որ նման բան պետք է անեն հրավերն ընդունելու համար: Ինչպես նաև, ժամադրությունը պետք է լինի ինչ-որ թանկ հաճույք: Ես նման մի քանի ժամադրություններ եմ տեսել ԲՅՀ-ի հանրակացարաններում 70-ականներին: Ես հիշում եմ, որ մի անգամ տեսա մի ճաշող զույգի, որոնց ընկերներն էին սպասարկում, երթևեկության ճամփաբաժան հատվածում, ԲՅՀ-ի ֆուտբոլային մարզադաշտից դեպի հարավ:
Այս ամենը ժամադրությունն ավելի է դժվարացնում: Որքան լավ է մշակվում և որքան թանկ է ժամադրությունը, այնքան ավելի քիչ են ժամադրությունները: Որքան քչանում են ժամադրությունները և ավելի լավ մշակվում, թվում է, իրենց մեջ ընդգրկում են պարտավորվածության լրջություն ու շարունակելու ակնկալիք: Նման ակնկալիքն էլ ավելի բացասաբար է անդրադառնում ժամադրությունների վրա: Հեռացել են անշնորհք ու էժան հեռախոսազանգերը, որ ձեր ծնողները, տատիկներն ու պապիկներն, ու նաև ես եմ արել. «Ի՞նչ ես անում այս երեկո: Չգնա՞նք կինո»: Կամ «Ի՞նչ ես կարծում չգնանք քաղաք զբոսնելու»: Նման էժան ժամադրությունները կարող են հաճախակի լինել և վախ չներշնչեն, քանի որ դրանք չեն ենթադրում շարունակելու պարտավորվածություն:
Սովորական ու ավելի հաճախակի ժամադրությունները, թե տղամարդուն և թե կնոջը հնարավորություն են տալիս ճանաչել շատ տարբեր մարդկանց, որը թույլ է տալիս ավելի լավ գնահատել հեռանկարները: Հնաոճ ժամադրությունը հրաշալի միջոց էր հակառակ սեռի հետ ծանոթանալու համար: Այն նպաստում էր հաղորդակցմանը: Այն հնարավորություն էր տալիս տեսնելու, թե ինչպես ես դու վերաբերվում ուրիշներին և ինչպես են քեզ վերաբերվում: Այն հնարավորություն էր տալիս սովորել` ինչպես սկսել և պահպանել փոխադարձ հարաբերությունները: Դրանցից ոչ մեկը չի կարելի սովորել ժամանակ անցկացնելիս:
Իմ միայնակ եղբայրներ և քույրեր, հետևեք ժամադրության սովորական օրինակին, և դուք կարիք չեք ունենա ձեր ապագա ընկերոջը գտնել ինտերնետի խոսակցությունների կամ ժամադրության ծառայությունների միջոցով, սրանք երկու երկընտրանք են, որոնք շատ վտանգավոր են կամ առնվազն ոչ պետքական ու անօգուտ:
Կա ևս մեկ հնարավոր նպաստող գործոն, որը քչացնում է ժամադրությունները և առաջ քաշում ժամանակ անցկացնելու կուլտուրան: Երկար տարիներ Եկեղեցին խորհուրդ է տվել երիտասարդներին չժամադրվել մինչև 16 տարեկանը: Հավանաբար, որոշ երիտասարդներ, հատկապես տղաները, պահել են այդ իմաստուն խորհուրդը ծայրահեղության հասցնելով այն, և վճռել են չժամադրվել մինչև 26 կամ նույնիսկ 36 տարեկանը:
Տղանե՛ր, եթե դուք վերադարձել եք ձեր միսիայից, և դեռևս պահում եք տղա-աղջիկ հարաբերության վերաբերյալ ձեզ տրված խորհուրդը, երբ 15 տարեկան էիք, ժամանակն է, որ դուք հասունանաք, քաջություն ձեռք բերեք և փնտրեք մեկին, որի հետ կարող եք ամուսնանալ: Սկսեք տարբեր ժամադրություններից տարբեր երիտասարդ աղջիկների հետ, իսկ երբ այդ էտապում լավ հեռանկար եք տեսնում` անցեք սիրատածմանը: Ամուսնության ժամանակն է: Ահա թե ինչ նպատակ ունի Տերը Իր երիտասարդ որդիների ու դուստրերի համար: Տղամարդկանց ձեռքում է նախաձեռնությունը, և դուք տղաներ պետք է սկսեք ժամադրել: Եթե չգիտեք թե դա ինչ է, հնարավոր է այս սահմանումը կօգնի ձեզ: Ես այն լսել եմ իմ 18-ամյա թոռնիկից: «Ժամադրությունը» պետք է երեք ստուգարք անցնի` (1) նախօրոք պլանավորվի, (2) վճարվի, և (3) զույգ կազմվի:
Երիտասարդ աղջիկներ, հնարավորինս դիմադրեք ժամանակ անցկացնելուն, և նպաստեք, որ ժամադրությունները լինեն սովորական, ոչ թանկ և հաճախակի: Մի հեշտացրեք երիտասարդ տղաների համար ժամանակ անցկացնելը այն դեպքում, երբ դուք եք ուտելիքը ապահովում: Մի աջակցեք անվճար ուտելիքի կողմնակիցներին: Երբեմն խմբակային միջոցառումները լավ են, սակայն երբ տեսնում եք, որ տղաները ժամանակ անցկացնելը դարձնում են հակառակ սեռի հետ փոխհարաբերություն հաստատելու հիմնական միջոցը, կարծում եմ դուք պետք է դադարեք ուտելիք մատակարարելը և փակեք դրսի դուռը:
Եթե այդպես վարվեք, դուք նաև պետք է մի ցուցանակ կախեք. «Բաց է անհատական ժամադրությունների համար» կամ ինչ-որ նման բան: Եվ երիտասարդ աղջիկներ, խնդրում եմ, հեշտացրեք այս ամաչկոտ տղաների համար, սովորական, ոչ թանկ ժամադրության հրավիրելը: Այն հեշտացնելու մի կողմն այն է, որ խուսափեք ակնարկելուց, որ ժամադրությունը շատ լուրջ բան է: Եթե մենք պետք է համոզենք տղաներին ավելի հաճախակի ժամադրության հրավիրել, ապա երկու կողմն էլ պիտի գիտակցի, որ ժամադրության գնալը չի նշանակում, որ այն պետք է անպայման շարունակվի: Ի վերջո, երիտասարդ աղջիկներ, եթե դուք մերժում եք ժամադրությունը, բարեկիրթ ձևով արեք: Այլապես, դուք կջախջախեք ձեզ դիմող նյարդային ու ամաչկոտ տղային, և կկործանեք ապագա ժամադրության գնացողին, որը վնաս կհասցնի մեկ այլ աղջկա:
Իմ երիտասարդ ընկերներ, մենք ձեզ խորհուրդ ենք տալիս ընկերություններ հաստատել հակառակ սեռի հետ այնպիսի ժամադրություններով, որոնք կարող են բերել ամուսնության, ոչ թե ժամանակ անցկացնելով, որի հեռանկարը միայն կարող է լինել խմբակային սպորտային միջոցառումները, ինչպիսին է ֆուտբոլը: Ամուսնությունը խմբակային միջոցառում չէ, առնվազն մինչև զգալի թվով երեխաներ են ծնվում:
Քույրեր, կարծես թե դուք ուրախացաք, որ ես սկզբում անդրադարձա տղաների պատասխանատվություններին: Այժմ ես մի քանի խոսք ունեմ ասելու երիտասարդ կանանց:
Եթե դուք պարզապես ժամանակ եք սպանում, սպասելով ամուսնական հեռանկարին, դադարեք սպասելուց: Դուք հնարավոր է երբեք հարմար ամուսնության հնարավորություն չունենաք այս կյանքում, այնպես որ դադարեք սպասելուց և առաջ գնացեք: Պատրաստվեք կյանքին` անգամ միայնակ կյանքին` կրթությամբ, փորձ ձեռք բերելով և պլաններ կազմելով: Մի սպասեք, որ երջանկությունն ինքը կգա ձեզ մոտ: Փնտրեք այն` ծառայելով և սովորելով: Ինքներդ դասավորեք ձեր կյանքը: Եվ վստահեք Տիրոջը: Ձեր կյանքի տևողություն ունեցող նվիրվածությամբ հետևեք Բենիամին թագավորի խորհրդին` «կանչելով Տիրոջ անունը՝ ամեն օր և կանգնելով անսասան՝ հավատքում նրա, որը պիտի գա» (Մոսիա 4.11):
«Նրանք ղեկավարում են իրենք իրենց»
Այժմ, միայնակ քույրեր, ես գիտակ վկա ունեմ, որին պետք է ամբիոնի մոտ հրավիրեմ այժմ: Դա իմ կինն է, Քրիստինը, որը որպես չափահաս, միայնակ է եղել մոտ 35 տարի, նախքան մեր ամուսնանալը: Ես կխնդրեմ նրան բարձրանալ այստեղ և ասել, թե ինչ կա իր սրտում:
Քույր Քրիստին Օուքս. Շնորհակալություն, Երեց Օուքս: Ես ամուսնացել եմ 50-ն անց տարիքում, և կարծես դառնում եմ տարիքն առած աղջկա խորհրդանիշ:
Նախքան իմ խոսքը սկսելը, ես ձեզ պետք է ասեմ, որ ձեր Երկնային Հայրն անչափ սիրում է ձեզ: Մենք Օուքլենդում ենք, և ես եղա այցելուների կենտրոնում միսիայի Նախագահ Ռոբերտ Բոումենի մոտ գնալիս: Մենք տեսանք Քրիստուս արձանը և կենդանի Քրիստոսի ուղերձը, և այն սիրտս մտավ: Սա ձեր ժամանակն է: Արժեքավոր դարձրեք ձեր ժամանակը` այն ձեր Երկնային Հորը նվիրելով:
Ես սիրում եմ, թե ինչ է ասում Նախագահ Փաքերը Քավության մասին: Քավությունն այն չէ, ինչ տեղի է ունենում մեր կյանքի վերջում: Դա մի բան է, որը տեղի է ունենում մեր կյանքի ամեն օրը: Եվ ես ասում եմ մեր միայնակ քույրերին, ճիշտ ձևով օգտագործեք այն:
Շատ ցավալի է, երբ երկար տարիներ միայնակ ես լինում, հատկապես ընտանիքների եկեղեցում: Ես գիտեմ, թե ինչ է դա նշանակում: Իմ 50-ամյակի օրը իմ փեսան թերթ էր կարդում: Նա ասաց. «Լսիր, այստեղ ասվում է, որ 50 տարեկանում ահաբեկիչների կողմից սպանվելու հնարավորություններն ավելի մեծ են, քան ամուսնանալու»: Երբ նա ասաց դա ես գիտեի, որ ժամադրությունը բարդ բան էր, սակայն մի հուսահատվեք: Դա ահաբեկչական գործողություն չէ:
Ես նաև կուզենայի ասել, որ հավասարակշռված լինեք: Որպես միայնակ կին, ես պետք է առաջ գնայի: Ես դոկտորական պաշտպանեցի և այնքան էի տարվել իմ մասնագիտությամբ, որ մոռացել էի լավ անձնավորություն լինելու մասին: Ես կուզենայի այս սրահում գտնվող յուրաքանչյուրին ասել` միշտ հիշեք, որ ձեր առաջին կոչումը մայր կամ հայր լինելն է: Այդ ընտանեկան տաղանդները զարգացրեք` սիրելու և ծառայելու տաղանդները: Երբ միայնակ էի, ստիպված էի ծառայելու առիթներ փնտրել, իսկ այժմ ամեն երեկո ես մեկ ծառայություն ունեմ` սեղանի մոտ: Ես այնքան շնորհակալ եմ դրա համար:
Իմ խոսքն ավարտելով, ես մտածում եմ մեր կյանքի ցավալի պահերի մասին: Դրանք կլինեն անկախ նրանից ամուսնացած եք, թե միայնակ: Հնարավոր է ունենաք լուրջ հիվանդ երեխա կամ ձեր հարազատի մահը կամ անչափ միայնակ կյանքի ժամանակահատված: Դուք հնարավոր է կորցնեք երեխա կամ լինի մի իրավիճակ, որը չկարողանաք տիրապետել, ինչպիսին է` երկարատև հիվանդությունը: Ես կխնդրեի ձեզ հանձնել դա Երկնային Հորը: Հելաման 3.35 հատվածում կարդում ենք, որ եթե մեր սրտերը հանձնենք Աստծուն, ապա մեր բոլոր գործերը կսրբագործեն մեզ և այսպիսով ամեն պահը կդառնա օրհնյալ ժամանակ:
Աշխարհում դուք իմ սիրելի տարիքային խումբն եք: Դուք շատ թանկ եք ինձ համար, քանի որ գիտեմ, թե ինչ է նշանակում լինել միայնակ, քանի որ ես շատ, շատ երկար ժամանակ եմ եղել միայնակ:
Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ սա կենդանի Աստծո Եկեղեցին է, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին: Սա Նրա Եկեղեցին է: Ես այնքան երախտապարտ եմ, որ մենք ունենք կենդանի մարգարե, Նախագահ Գորդոն Բ. Հինքլին: Եվ, ամենակարևորը, ես գիտեմ, որ մենք ունենք Երկնային Հայր, որը սիրում է մեզ, քանի որ Նա եղել է իմ ամենալավ ընկերը, երբ չկար ինձ սիրող մեկ ուրիշը: Ես ասում եմ սա Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:
Երեց Դալին Հ. Օուքս. Շնորհակալություն, Քրիստին: Եղբայրներ և քույրեր, եթե մեր խոսքերն ինչ-որ կերպ անհանգստություն պատճառեցին ձեզ, ուշադիր լսեք, թե ինչ կասեմ այժմ: Հավանաբար, դուք, երիտասարդներ, ճնշված եք ձեզ զգում, քանի որ մտածում եք, որ պետք է սկսեք ժամադրվել, որը կարող է տանել ամուսնության, կամ երիտասարդ աղջիկները անհանգստանցան, երբ մենք ասացինք, որ իրենք պետք է սկսեն զբաղվել իրենց կյանքով:
Եթե զգում եք, որ ձերը հատուկ դեպք է, այնպես որ իմ տված խիստ խորհուրդը չի վերաբերում ձեզ, խնդրում եմ ինձ նամակ մի գրեք: Ինչո՞ւ եմ այս խնդրանքով դիմում ձեզ: Ես պարզել եմ, որ իմ տված այսպիսի ուղղակի խորհրդի արդյունքում մեծ թվով նամակներ են գալիս, որոնք գրում են այն անդամները, որոնց կարծիքով իրենք բացառություն են, և նրանք ցանկանում են, որ ես հավանություն տամ, որ իմ ասած խոսքերը, պարզապես, չեն վերաբերվում իրենց` իրենց յուրահատուկ հանգամանքներում:
Ես կբացատրեմ, թե ինչու չեմ կարող սփոփել` ի պատասխան նման նամակի, պատմելով ձեզ մի փորձառության մասին, որն ունեցել եմ մեկ այլ մարդու հետ, որը մտահոգված էր ընդհանուր օրենքով: Ես իմ ելույթում հիշատակել էի մի պատվիրանի մասին, որն ասում է` «Մի սպանիր» (Ելից Ի.13): Դրանից հետո մի մարդ մոտեցավ ինձ արցունքն աչքերին և ասաց, որ այն ինչ ես ասել էի, ցույց է տալիս, որ ոչ մի հույս չկա իր համար: Ես հարցրեցի. «Ի՞նչ ի նկատի ունեք դուք»:
Նա բացատրեց, որ նա գնդացրորդ էր ծառայել Կորեական պատերազմում: Հարձակման ժամանակ նրա գնդացիրը սպանել էր թշնամու բազմաթիվ զինվորների: Նրանց մարմինները այնքան շատ էին դիզվել իր գնդացրի առաջ, որ նա և իր ընկերները ստիպված էին նրանց մի կողմ տանել, որպեսզի բացվեր կրակի դաշտը: Նա հարյուրավոր զինվորների էր սպանել, ասաց նա, և այժմ պետք է որ դժոխք գնա, քանի որ ես ասացի, որ Տերը պատվիրել է` «Մի սպանիր»:
Իմ տված բացատրությունը այդ մարդուն նույնն է, ինչ ես տալիս եմ ձեզ, եթե կարծում եք թե դուք բացառություն եք: Որպես Բարձրագույն Իշխանություն իմ պատասխանտվությունն է` քարոզել ընդհանուր սկզբունքները: Այդ անելով, ես չեմ փորձում բերել բոլոր բացառությունները: Բացառություններ կան որոշ կանոնների համար: Օրինակ, մենք հավատում ենք, որ պատվիրանը չի խախտվում, երբ սպանություն է կատարվում զինվորական հակամարտության ժամանակ: Սակայն մի խնդրեք կարծիք հայտնել ձեր բացառության առիթով: Ես միայն սովորեցնում եմ ընդհանուր օրենքները: Արդյոք բացառություն եք դուք, թե ոչ, դա ձեր պատասխանատվությունն է: Դուք պետք է անհատապես քննեք դա Տիրոջ հետ:
Մարգարե Ջոզեֆ Սմիթը այս նույն բանն այլ կերպ է ուսուցանել: Երբ նրան հարցրել են, թե ինչպես է ղեկավարում Սրբերի նման բազմազան խումբը, նա ասել է. «Ես նրանց ճիշտ սկզբունքներն եմ սովորեցնում, իսկ նրանք ղեկավարում են իրենք իրենց» (in John Taylor, “The Organization of the Church,” Millennial Star, Nov. 15, 1851, 339): Այն ինչ ձեզ ասացի, ես պարզապես սովորեցրեցի ձեզ ճիշտ սկզբունքները և կոչ արեցի ձեզանից յուրաքանչյուրին պահել այդ սկզբունքները` ինքներդ ձեզ ղեկավարելով:
Եղբայրենր և քույրեր, ձեզ հետ լինելը ոգևորող էր: Ես աղոթում եմ, որ այս երեկո ասված խոսքերը մնան ձեր սրտում և Սուրբ Հոգու զորությամբ դուք հասկանաք դրանք այն իմաստով, ինչպես որ ասվել են, որը կօրհնի ձեր կյանքը և կսփոփի նրանց, ովքեր անհանգստացած են իրենց այժմյան վիճակով և անհանգստություն կպատճառի անհոգներին:
Սա Հիսուս Քրիստոսի Եկեղեցին է: Նա տառապել է, և Նա մահացել է Գեթսեմանի և Գագաթի սոսկալի տանջանքների մեջ, որպեսզի մեզ վստահություն պարգևի անմահության և հավերժական կյանք ունենալու հնարավորության մեջ: Ես աղոթում եմ, որ Տերն օրհնի մեզանից յուրաքանչյուրին, եթե ձգտենք պահել Տիրոջ պատվիրանները, մեր հայացքն ավելի հեռուն հառենք, կատարենք մեր ամենօրյա որոշումները, որը մենք կոչեցինք կյանքի տևողություն ունեցող անխռով ու հաստատուն նվիրվածություն: Սա Հիսուս Քրիստոսի Եկեղեցին է, որն այս վերջին օրերին վերականգնվել է քահանայության զորությամբ և Նրա ավետարանի լրիվությամբ: Այս մասին ես բերում եմ իմ վկայությունը, Տիրոջից օրհնություններ խնդրելով ձեզ համար, իմ ազնվազարմ ընկերներ, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: