The Christus statueThe Church of Jesus Christ of Latter-day Saints Search | Feedback | Site Map | Help | Country Sites |
Home Broadcast Archives CES Fireside

Սուրբ գրքեր. ավելի ցանկալի, քան ոսկին. և ավելի քաղցր, քան մեղրը

Քույր Սյուզան Վ. Թաններ
ԵԿՀ Հավաք Երիտասարդ Չափահասների համար • 11 սեպտեմբերի, 2005թ.
Բրիգամ Յանգ Համալսարան

Քույր Սյուզան Վ. ԹաններՇնորհակալություն հրաշալի երգչախմբին: Երաժշտությունը հիանալի էր և Հոգին հրավիրող: Ես նաև շնորհակալ եմ բացման աղոթքի համար: Հատկապես նկատեցի, որ աղոթքում ասվեց, որ մենք բոլորս զգանք Հոգին այս երեկո և որ մենք ոգեշնչվենք այն ճանապարհներով, որոնք հատկապես անհրաժեշտ են մեզ: Դա է իհարկե նաև իմ աղոթքը: Ես երախտապարտ եմ այս երեկո ձեզ հետ լինելու հնարավորության համար: Եթե ցանկություն պահեի, ես կուզենայի, որ այս երեկոն լիներ իսկական հնաոճ մի հավաքույթ, որի ժամանակ ձեզ կհրավիրեի նստել իմ հյուրասենյակում, և մենք սրտաբաց զրույց կունենայինք, ճիշտ ինչպես կզրուցեի իմ հարազատ երեխաների հետ, որոնք ձեր հասակակիցներն են: Ես, հավանաբար, կսկսեի, պատմելով իմ միսիոներ դստեր մասին: Դա այն է, ինչ անում են միսիոներների մայրերի մեծ մասը, այնպես չէ՞: Վերջին նամակներից մեկում ես նրան գրեցի, որ պատրաստվում եմ այս երեկո խոսել սուրբ գրությունների հանդեպ իմ սիրո մասին: Ահա թե ինչ պատասխանեց նա.

«Ես հուզված եմ, որ մայրիկը խոսելու է սուրբ գրքերն ուսումնասիրելու մասին: Ես զգում եմ, որ իմ փոխվելու վրա ամենաշատն ազդել է այն, թե ինչպես եմ ուսումնասիրել իմ սուրբ գրությունները: Ես սիրում եմ ուսումնասիրել սուրբ գրություններն այժմ: Ամեն անգամ ես այնպես եմ հուզվում, երբ սովորելու առիթ եմ ունենում: Ես հազիվ թե կարողանամ բացատրել դա, ուղղակի կհամեմատեմ այն Ալմա 32.28 հատվածի հետ, որտեղ խոսքը դառնում է հրաշալի: Ես սիրում եմ այն: Կարծում եմ ինձ միշտ դուր են եկել սուրբ գրքերը, բայց այժմ, ես սիրո՛ւմ եմ դրանք: Իմ զուգընկերն ասում է, որ նա միշտ գուշակում է, թե ուսուցանելիս ես երբ եմ պատրաստվում մեջբերում անել սուրբ գրքերից, որովհետև այդ պահին իմ աչքերը լուսավորվում են, և ապա ես սկսում եմ թերթել էջերը: Ես ուղղակի սիրում եմ պատասխանել մարդկանց հարցերին սուրբ գրքերի միջոցով»:

Հուսով եմ, որ դուստրս այս երեկո Ավստրալիայում հնարավորություն ունի լսելու այս ուղերձը, և որ եթե դա հնարավոր է, նա է՛լ ավելի կոգևորվի իր սուրբ գրություններն ուսումնասիրելիս: Ես նմանապես հույս ունեմ, որ խոսքը հրաշալի կդառնա նաև ձեզ համար, ինչպես որ այն հրաշալի է նրա և ինձ համար, որովհետև սուրբ գրություններն իսկապես. «ավելի ցանկալի են . . . քան ոսկին, . . . ավելի քաղցր, քան մեղրը» (Սաղմոս ԺԹ.10):

Սուրբ գրությունների քաղցրությունը

Դուք հիշո՞ւմ եք Թեվյիին` «Ջութակահարը կտուրի վրա» երաժշտական բեմադրությունից, հինգ դուստր ունեցող այն աղքատ կաթնավաճառին, որը երազում էր հարուստ լինել: Ինչի՞ մասին կերազեիք, եթե հարուստ լինեիք: Հավանաբար, այն նույն բաներից մի քանիսի մասին, ինչ որ նա: Նա ցանկանում էր լինել հանրաճանաչ, մեծ տուն ունենալ, ստիպված չլինել տքնաջան աշխատել և այլն: Բայց դրանք նրա ամենախորը ցանկությունները չէին: Նրա ամենամեծ երազանքը, եթե հանկարծ հարստանար, կարող է անսովոր թվալ մեզ: Հիշեք, նա երգում էր.

Եթե լինեի հարուստ մարդ, կունենայի ժամանակ, որը չունեմ,
Նստելու ժողովատանն ու աղոթելու:
Եվ գուցե կունենայի նստելու տեղ արևելյան պատի մոտ:
Եվ կքննարկեի սուրբ գրքերը ուսյալ մարդկանց հետ
Օրը յոթ ժամ:
Եվ դա կլիներ ամենաքաղցր բանն աշխարհում:
(Lyrics by Sheldon Harnick, “If I Were a Rich Man,” Fiddler on the Roof [1965].)

Եթե դուք հարուստ լինեիք, դուք ձեր ազատ ժամանակը կտրամադրեի՞ք օրը մի քանի ժամ «սուրբ գրքերը» կամ սուրբ գրություններն ուսումնասիրելուն: Եթե հարուստ լինեիք, ամենաքաղցր ուրախությունը, որ դուք կարող եք պատկերացնել կլինե՞ր արդյոք սուրբ գրքերի խորը ուսումնասիրությունը:

Սուրբ գրությունները ուսումնասիրելը ուղղափառ հրեաները համարում են քաղցր օրհնություն և մեծ արտոնություն: Փաստորեն, ըստ որոշ հրեական ավանդությունների, երբ երեխան պետք է սկսեր իր կրթությունը Տորայում, ուսանողին մեղր էին հյուրասիրում, որպեսզի սուրբ գրքերի ուսումնասիրությունն ուղեկցվեր քաղցր զգացողությամբ: Սա նախատեսված էր Սաղմոսներում գրվածն ուժեղացնելու համար. «Որքան քաղցր է քո խոսքն իմ քիմքին. մեղրիցն էլ ավելի քացր է իմ բերանին» (Սաղմոս ՃԺԹ.103):

19-րդ սաղմոսը նույնպես համեմատում է սուրբ գրքերը ոսկու և մեղրի հետ: Սաղմոսողը խորապես հրճվում է Տիրոջ խոսքով, ասելով.

«Տիրոջ օրենքը անարատ է, հանգստացնում է հոգուն. Տիրոջ վկայությունը ճշմարիտ է, իմաստուն է անում պարզամիտին:

Տիրոջ պատվիրանքները ուղիղ են, ուրախացնում են սիրտը. Տիրոջ հրամանները մաքուր են, լուսավորում են աչքերը:

Տիրոջ վախը սուրբ է, մնում է հավիտյան. Տիրոջ դատաստանները ճշմարիտ են, բոլորովին արդար:

Նրանք ավելի ցանկալի են քան թե ոսկի և քան թե շատ մաքրված ոսկի. էլ ավելի քաղցր են քան թե մեղր և մեղրահաց:

Քո ծառան էլ նրանցով լուսավորվում է. նրանց պահպանությունումը շատ հատուցում կա» (Սաղմոս ԺԹ.7–11):

Սուրբ գրություններում այս բոլոր խոսքերը` օրենք, վկայություն, պատվիրանքներ, հրամաններ, վախ (կամ ակնածանք), և դատաստաններ, Տիրոջ խոսքի կամ սուրբ գրքերի հոմանիշներն են: Դրանք պետք է «ավելի ցանկալի լինեն . . . քան ոսկի և քան թե շատ մաքրված ոսկի. [և] էլ ավելի քաղցր, քան թե մեղր և մեղրահաց»:

Երբեմն ինձ թվում է, որ մենք պետք է զգանք Թեվյիի և իմ միսիոներ դստեր նման: Արդյո՞ք սուրբ գրքերը հրաշալի են մեզ համար, ավելի թանկ, քան ոսկին և ավելի քաղցր, քան մեղրը: Արդյոք մենք սնվո՞ւմ ենք դրանցով, հրճվում ենք դրանցով և խորհում դրանց մասին, ինչպես Նեփին է սովորեցրել (տես 2 Նեփի 4.15): Մենք արդյոք վերագրո՞ւմ ենք դրանք մեզ, ինչպես Հակոբն է խորհուրդ տվել (տես 2 Նեփի 6.5): Արդյոք մենք սովորո՞ւմ ենք դրանք որպես Տիրոջ հատուկ խոսքեր ուղղված մեզ, որոնք դարձի են բերում, իմաստություն, լուսավորում, հայտնություն, մխիթարություն և ցնծություն բերում: Արդյոք ընդունո՞ւմ ենք դրանք որպես ամենաքաղցր, ամենաբարձր օրհնություններ, որ մենք ունենք:

Սուրբ Գրքերի քաղց զգալ

Հավանաբար, եթե մենք սուրբ գրությունների հանդեպ ավելի մեծ քաղց զգանք, դրանք ավելի քաղցր և ավելի թանկ կլինեն մեզ համար: Մի քանի ամիս առաջ ես ճանապարհորդում էի Աֆրիկայում, որտեղ Սրբերը հաճախ քաղցած էին ուտելիքի, բայց նույնիսկ հետաքրքիր է, որ ավելի քաղցած էին Տիրոջ խոսքով սնվելու համար: Չորս երկրներից յուրաքանչյուրում, ուր ես այցելեցի, զգացի այդ հոգիների հզորությունն ու այդ մարդկանց մեծ հավատքը: Նրանք շատ աղքատ էին նյութապես, բայց շատ հարուստ հոգևորով: Նրանք ունեին ավետարանի ուրախ ավետիքը` սուրբ գրությունների պարզ և թանկ ճշմարտությունները: Նրանց մաշված սուրբ գրքերն իրենց հետ էին բոլոր ժողովների ժամանակ: Նրանք սովորեցնում էին դրանցից, կարդում էին դրանք, գիտեին դրանք և սիրում էին դրանք:

Հաղորդության ժողովներից մեկի ժամանակ մի պատանի խոսնակ գնաց դեպի ամբիոնը ձեռքին ունենալով միայն իր սուրբ գրքերը: Նա նույն շարժուձևերն ուներ, ինչ երիտասարդ խոսնակներն են հաճախ ունենում, ինչպես օրինակ հակված գլուխը կամ մի ոտքից մյուսը հենվելը, սակայն նրա ուղերձը զորավոր էր: Նա ուսուցանեց զոհաբերության մասին` սկսելով արյան զոհաբերության վերաբերյալ Հին Կտակարանի սուրբ գրություններից: Հետո նա անցավ Մորմոնի Գրքի 3 Նեփիին և ասաց, որ հին բաներն ավարտվել են Փրկչի գալստով, որն այժմ պահանջում է կոտրված սիրտ և ապաշխարող հոգի: Նա ոչ մի գրառում չէր օգտագործում, պարզապես վարդապետության մասին իր գիտելիքը: Դա յուրաքանչյուրիս համար օրինակելի ձև է, թե ինչպես պետք է ուսուցանենք սուրբ գրքերից:

Ես կրկին մտածեցի 19-րդ Սաղմոսի մասին այս Սրբերի առնչությամբ: Տիրոջ օրենքը նրանց դարձի միջոցն էր եղել: Տիրոջ մասին վկայությունն այս պարզ, խելացի մարդկանց իմաստուն էր դարձրել: Նրանք լույս ունեին իրենց աչքերում և ցնծություն իրենց սրտերում, որովհետև նրանք ունեին Տիրոջ օրենքը, վկայությունը, պատվիրանքներն ու հրամանները: Մի վայրում, ուր ես այցելեցի, մարդիկ ժողովներին մասնակցելու համար 4 ժամվա ոտքի ճանապարհ էին անցնում: Նրանք փոխադրամիջոցներ չունեին, երբեմն առանց կոշիկի էին և շատ քիչ բան ունեին ուտելու: Նրանք հողագործության միջոցով գոյատևող գյուղացիներ էին, որոնք մի քանի տարի էր սաստիկ երաշտի մեջ էին: Բայց չնայած դրան, նրանք հրճվում էին Աստծո խոսքով: Այն «ավելի ցանկալի էր . . . քան թե ոսկին, . . . [և] ավելի քաղցր . . . քան թե մեղրը»:

Մեկ այլ աֆրիկյան երկրում ես գտա ավելի շատ մարդկանց, ովքեր Տիրոջ խոսքը ուսուցանվելու քաղց էին զգում: Այն օրը, երբ մենք ժամանեցինք, կառավարությունը վառելիքի պատճառով տրանսպորտային ճգնաժամի մեջ էր: Ցցի նախագահը համոզված էր, որ 700 անդամները, ովքեր ծրագրել էին մասնակցել մեր հավաքույթին, չէին կարողանա տեղ հասնել: Մենք նրան հավաստիացրեցինք, որ պատրաստ ենք ուսուցանել որքան մարդ էլ որ կարողանար գալ: Երբ մենք ժողովից քսան րոպե առաջ մտանք ժողովի համար կարգի բերված սենյակը և տեսանք 300 ակնածալի սրբեր հավաքված, լուռ օրհներգեր լսելիս, որը նվագում էր ձայնագրիչը, ես լցվեցի Հոգով: Ժողովի ընթացքում ինչ-որ հրաշքով ժամանեցին ևս 300 հոգի: Նրանք Տիրոջ խոսքի քաղց էին զգում: Նրանք բոլորը բերել էին իրենց սուրբ գրքերը և ջանասիրաբար հետևում էին, երբ մենք նրանց ուսուցանում էինք կանոնական գրքերից: Նրանց օրինակի շնորհիվ, ես նոր աչքերով տեսա բարեփոխվելու իմ անձնական կարիքը: Հավանաբար, մեզանից շատերն են դնում իրենց սրտերն աշխարհիկ գանձերի վրա: Վախենում եմ, թե անփույթ և ինքնագոհ դարձած լինենք խոսքը սովորելու կամ վարդապետությամբ ապրելու մեջ:

Հին Կտակարանի մարգարե Ամովսը խոսել է խոսքը լսելու սովի մասին կամ այլ խոսքով հոգևոր սովի մասին: «Ահա օրեր են գալիս, ասում է Տեր Եհովան, որ սով պիտի ուղարկեմ երկրի վրա, ոչ թե հացի սով և ոչ ջրի ծարավ, այլ Տիրոջ խոսքը լսելու» (Ամովս Ը.11): Աֆրիկայում ես հանդիպեցի Սրբերի, ովքեր ոչ միայն սոված էին հացի կամ ծարավ, այլ սոված էին Տիրոջ խոսքը լսելու: Քանի որ նրանք հոգևոր սովի էին ենթարկվել, նրանք հասկացել էին, ինչպես Նեփին է սովորեցրել, թե ինչպես «սնվել Քրիստոսի խոսքերով, քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք» (2 Նեփի 32.3):

Պատկերացրեք հոգևոր քաղցը, որ մենք կարող էինք զգալ, եթե չունենայինք սուրբ գրությունները, որոնցով պիտի սնվեինք: Դարերի ընթացքում շատ ժողովուրդներ են եղել առանց օրենքի հիշատակարանների: Մտածեք օրինակ Լեքիի ընտանիքի մասին, երբ նրանք առաջին անգամ փախան անապատ, կամ Մուղեքացիների, ովքեր «հիշատակարաններ չէին բերել իրենց հետ» (Oմնի 1.17), կամ Հին Կտակարանի ժամանակները, երբ մարդիկ կամ օրենքի գիրքը չունեին կամ էլ մոռացել էին, ինչպես Եզրասն ու Նէեմիան ստիպված էին վերակրթել հրեաներին ըստ օրենքի գրքի, ովքեր վերադարձել էին Բաբելոնի գերությունից (տես Նէեմիա Ը.1–13):

Սովորեք սիրել սուրբ գրքերը ձեր մանկությունից

Հին Կտակարանի իմ սիրելի օրինակը Հովսիան է` պատանի թագավորը, որը գահին նստեց ութ տարեկան հասակում: Նրա մասին պատմությունը ցույց է տալիս մի պատանու ունեցած ազդեցությունը, որը գտել էր սուրբ գրությունները, որոնք ավելի թանկ էին նրա համար, քան ոսկին և ավելի քաղցր, քան մեղրը: Հովսիայից առաջ և հետո եղած բոլոր թագավորներն ամբարիշտ էին: Կամ նրանք չունեին օրենքը կամ նրանք նախընտրում էին չկարդալ այն և չհնազանդվել դրան: Բայց Հովսիայի թագավորության ժամանակ Քեղկիա քահանայապետը գտավ օրենքի կորած գիրքը Տիրոջ տանը (տես Դ Թագավորաց ԻԲ.8): Այն կարդացին Հովսիայի համար: Հովսիայի սիրտը փափուկ էր, և նա ապաշխարեց ու լաց եղավ Տիրոջ առջև (տես Դ Թագավորաց ԻԲ.19): Հետո նա իր ողջ ժողովրդին հավաքեց տաճարում և նրանց համար կարդաց խոսքերը և միասին նրանք ուխտ կապեցին` պահել Աստծո պատվիրանները:

«Եվ կարդաց նրանց ականջին ուխտի գրքի բոլոր խոսքերը, որ գտնվել էր Տիրոջ տանը:

Եվ թագավորը կանգնել էր սյունի մոտ և ուխտ արավ Տիրոջ առաջին` Տիրոջը հետևելու և նրա հրամանները և վկայություններն ու կանոնները բոլոր սրտով և բոլոր հոգով պահելու, որ հաստատի այդ ուխտի խոսքերը, որ գրված են այս գրքում. և բոլոր ժողովուրդը կանգնեց ուխտի մեջ» (Դ Թագավորաց ԻԳ.2–3):

Ինչպիսի՜ ոգեշնչող պատմություն է սա: Ես հաճախ մտածում եմ, թե ինչու էր Հովսիան այդպիսի անվեհեր հոգի, որն արձագանքեց օրենքի գրքի ուսմունքներին: Ինչո՞ւ նրա արձագանքը տարբեր եղավ, քան նրանից առաջ և հետո եղած թագավորներինը: Մի՞թե այն ուղերձ չէ ուղղված ձեզ` ձեր մանուկ հասակում սուրբ գրությունները կարդալով բարձր գնահատելու, դրանց ուշք դարձնելու, դրանց մեջ պարունակվող պատվիրանները պահելու, և հետո, ուխտի մեջ կանգնելու մասին:

Գուցե սուրբ գրությունները զարկեցին Հովսիայի ներսում գտնվող մի անմահ լարի կամ հիշողություններ արթնացրեցին որոշ նախաերկրային ուսմունքների մասին: 1991թ. ԲՅՀ-ում ԵԿՀ-ի գիտաժողովի ժամանակ Երեց Մաքսվելն ասել է. «Հավանաբար սուրբ գրություններում առանձնահատուկ արձագանքող զորությունները կապված են նախաերկրային աշխարհից մեր հիշողության առկայծումների հետ կամ առնվազն առաջ են բերում մեր նախահակվածությունները, որոնք այնքան երկար դաստիարակվել են այնտեղ» (“Teaching by the Spirit—‘The Language of Inspiration,’ ” in Old Testament Symposium Speeches, 1991 [1991], 1):

Հավանաբար այդ պատճառով ենք մենք այդքան հաճախ սուրբ գրքերում հանդիպում «հիշեք, հիշեք» հորդորին (Մոսիա 2.41, Ալմա 37.13, Հելաման 5.9, 12, 14.30): Մենք ոչ միայն հիշում ենք հրաշքներ և ողորմություններ այս կյանքում, այլ նաև հոգատար ուսուցումներ մեր նախաերկրային կյանքից: Երեց Մաքսվելը սովորեցրել է, որ մենք կարող ենք շատ բան սովորել մեր ուսումնասիրելու և խորհելու միջոցով, այսպիսով արթնացնելով առկայծումներ մեր Երկնային Հորից սովորած նախկին դասերից:

Ռուսաստանում Միսիայի Նախագահին կատարած իր այցի ժամանակ, Երեց Մաքսվելը մի առավոտ այդ ընտանիքի հինգ դուստրերի հետ նստեց զրուցելու: Առաջին բանը, որ նա հարցրեց այն էր, թե ինչ սուրբ գրքի հատվածի մասին էին մտածում նրանք այդ օրը: Այդ հարցն աղջիկներին անակընկալի բերեց: Բայց մտածեք մի պահ: Երեց Մաքսվելը ուղղակի ենթադրում էր, որ սուրբ գրությունները ոսկու պես թանկ էին և մեղրից էլ ավելի քաղցր` ինչպես իր, այնպես էլ նրանց համար: Եթե անենք ինչպես նա է առաջարկել և միշտ մեր մտքում ունենանք մի սուրբ գրություն, սուրբ գրությունների սերտումը տեղի կունենա դասերի միջև ընկած ժամանակահատվածում քայլելիս, հանդիպումների գնալիս կամ մեր տները մաքրելիս: Այն վաղ կսկսվի մեր կյանքում և կլինի շարունակական և անընդհատ: Մենք անընդհատ կսնվենք կանխելով անձնական սովը և հոգևոր քաղցը: Աստծո խոսքերը կլինեն «գրված . . . ոչ թե քարի տախտակների վրա, այլ [մեր] սրտի մարմնեղեն տախտակների վրա» (Բ Կորնթացիս Գ.3):

Նույնիսկ Երեց Մաքսվելի փոքր թոռները գիտեին սուրբ գրքերի հանդեպ նրա ընդգծված վերաբերմունքի մասին: Ձեզանից շատերը, հավանաբար, կհիշեն որ իր վերջին գերագույն համաժողովի ուղերձում նա պատմեց մի դեպքի մասին, երբ ուշ երեկոյան նա այցելել էր իր թոռներին: Նրա թոռնիկ Ռոբին արդեն անկողին էր մտել: Երբ Երեց Մաքսվելը եկավ, նրա մայրն ասաց. «Ռոբի, Նիլ պապիկն այստեղ է»: Նա ննջարանից մի հոգնած ցածր ձայն լսեց, որն ասում էր. «Բերե՞մ ինձ հետ սուրբ գրությունները» (in Conference Report, Apr. 2004, 48; or Ensign, May 2004, p. 46): Հովսիայի` պատանի թագավորի և փոքրիկ թոռնիկ Ռոբիի նման, մենք պետք է մեր կյանքում վաղ սկսենք սովորել սուրբ գրությունները, սնվենք դրանցով և սովորենք դրանցից:

Մեր փոքրիկ թոռնիկներն այժմ ևս սովորում են սիրել սուրբ գրությունները: Մենք շատ ենք ուրախանում, թե ինչպես են նրանք դրանց վերաբերվում: Օրինակ, 3 տարեկան Ջոշուան, որը սիրում է բոլոր պատմությունների հերոսներին, սովորություն ուներ սուրբ գրքի յուրաքանչյուր պատմության գագաթնակետին բացականչել. «Իսկ հետո ո՞վ է փրկում օրը: Հիսուսն է փրկում օրը»: Ջոշուան սովորում էր մի կարևոր դաս, որ Հիսուսն իսկապես մեր Փրկիչն է: Նույնիսկ Նրա անունն է նշանակում «փրկել»: Այժմ իր աղոթքներում նա աղոթում է այն կերպարների համար, ում մասին նա այդ օրը սովորել է: Մի անգամ նա աղոթեց, որ Պետրոսը նորից չսուզվի, այնուհետև նա աղոթեց, որ խոզերը չխեղդվեն, երբ վազեցին դեպի ծովը: Մեկ ուրիշ անգամ նա աղոթեց, որ Լամանն ու Լեմուելը լավ վերաբերվեն Նեփիին: Եվ նա նույնիսկ աղոթեց Հիսուսի հայրիկի համար, որը Երկնային Հայրն է: Ջոշուան վերջերս ստացավ իր սեփական Մորմոնի Գրքի իսկական օրինակը Երեխաների Միության իր խմբի ղեկավարից: Այդ ժամանակից նա չի ուզում այլևս, որ իր մայրը կարդա Մորմոնի Գրքի ընթերցարանից: Նա ասաց, որ իսկական խոսքերն ավելի շատ է հավանում:

Թաններ ազգանունով մեկ այլ թոռնիկ, որը վեց տարեկան է, լողի դասերի էր գնում այս ամառ: Սկզբում նա իսկապես շատ էր վախենում ջրից: Այն օրը, երբ նրանք վերջապես պետք է ինքնուրույն ցատկեին խորը մասը, ընտանիքը հավանաբար սովորականի պես նախաճաշի ժամանակ չէր կարդացել սուրբ գրությունները: Չնայած հուզվելուն` Թանները ցատկ կատարեց խորը ջրի մեջ: Բայց երբ նա դուրս եկավ, հավաստիացրեց, որ իր մայրը գիտեր, որ ինքը հուզվում էր: Նա ասաց. «Եթե հիշեինք կարդալ սուրբ գրությունները, ես այդքան չէի վախենա ցատկելիս»: Մեր դուստրը իրեն հանդիմանված զգաց, բայց նաև գոհ էր, որ իր փոքրիկ որդին այդքան կարևորություն էր տալիս Հոգուն և այն զորությանը, որը սուրբ գրություններն իր կյանք են բերում: Սուրբ գրությունների ուսումնասիրությունը կարող է մեզ ուժ տալ ցատկել այն խորը ջուրը, որի մեջ մենք երբեմն կանչվում ենք լողալու (տես ՎևՈւ 127.2):

Վարդապետությունը կարող է փոխել մեր կյանքը

Պողոս Առաքյալը գովաբանում էր Տիմոթեոսին իր կյանքի վաղ հասակում սուրբ գրությունները սովորելու, գիտենալու և սիրելու համար և այդ անելով, նկարագրում է այն մեծ օրհնությունները, որոնք սուրբ գրությունները նաև մեր կյանք են բերում.

«Մանկությունիցդ սուրբ գրքերը գիտես, որ կարող են քեզ իմաստուն անել փրկության համար այն հավատքի ձեռովն որ Քրիստոս Հիսուսումն է:

Բոլոր սուրբ գրքերը տրվում են Աստծո ոգեշնչմամբ և օգտակար են վարդապետության և հանդիմանության, և ուղղելու, և արդարության խրատելու համար:

Որ Աստծո մարդը կատարյալ լինի, ամեն բարի գործերի համար պատրաստված» (Բ Տիմոթեոս Գ.15–17):

Ինչպիսի՜ հրաշալի օրհնություններ են գալիս սուրբ գրքերն ուսումնասիրելուց: Դրանք կարող են մեզ «իմաստուն դարձնել` ի փրկություն»: Դրանք կարող են մեծացնել մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս և Նրա ծրագիրը: Դրանք կարող են սովորեցնել մեզ մեր թուլությունների և ապաշխարության անհրաժեշտության մասին: Դրանք կարող են վարդապետություն սովորեցնել մեզ:

Նախագահ Բոյդ Ք. Փաքերը շատ անգամներ է ասել. «Ճիշտ հասկացված վարդապետությունը փոխում է վերաբերմունքը և վարքը: Ավետարանի վարդապետությունների ուսումնասիրությունն ավելի արագ կբարելավի վարքը, քան ինքնին վարքի ուսումնասիրությունը կբարելավի վարքը» (in Conference Report, Apr. 2004, 80; or Ensign, May 2004, 79): Սուրբ գրությունների միջոցով մենք կարող ենք սովորել ճիշտ վարդապետություն ուղղակի սկզբնաղբյուրից, որն իր հերթին կօգնի մեզ կատարյալ կամ ամբողջական դառնալ, ինչպես Պողոսն է ասում: Երբեք շատ ուշ չէ սկսել լրջորեն սնվել սուրբ գրություններում պարունակվող վարդապետությամբ: Փաստորեն, նույնիսկ այս երեկոն կարող է մեզ բոլորիս համար սկսելու ճիշտ ժամանակը լինել:

Այժմ է ժամանակը ձեր կյանքում, երբ դուք կատարում եք մեծ և կարևոր ընտրություններ անհրաժեշտ ամեն ինչի վերաբերյալ` համալսարանների, աշխատանքների, կարիերայի, միսիայի, ընկերների, ժամադրության, ամուսնության, երեխաների, ֆինանսների, կյանքի իրավիճակների, Եկեղեցու ծառայությանը հավատարիմ լինելու և այլն: Ես երկար և շատ եմ մտածել ու աղոթել, թե ինչ ասեմ ձեզ, որն անհատապես կօգնի ձեզանից յուրաքանչյուրին այս կարևոր վճռորոշ տարիներին: Ձեզ անհրաժեշտ է անձնական առաջնորդություն: Ձեզ անհրաժեշտ է անհատական հայտնություն, որը կօգնի ձեզ` ձեր իսկ եզակի հանգամանքներում: Ալման սովորեցրել է, որ «խոսքի քարոզելն ուներ . . . ավելի զորավոր ազդեցություն մարդկանց մտքերի վրա, քան սուրը, կամ որևէ այլ բան . . . հետևաբար, Ալման մտածեց, որ հարկ էր, որ նրանք փորձեին Աստծո խոսքի ուժը» (Ալմա 31.5): Ես գիտեմ և վկայում եմ, որ երբ մենք «փորձում ենք Աստծո խոսքի ուժը», հանգստություն, առաջնորդություն և անձնական հայտնություն կգա մեզանից յուրաքանչյուրին:

Ինչպես է սուրբ գրությունների ուսումնասիրությունը այդպիսի հզոր ազդեցություն ունենում մեզ վրա: Սուրբ գրությունները հրավիրում են Հոգին: Դա Սուրբ Հոգին է, որ հանգստացնում և առաջնորդում է մեզ: Սուրբ Հոգին է, որ սովորեցնում և հայտնում է Տիրոջ միտքը և կամքը մեզ համար: Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ասել է.

«Ես կարծում եմ, որ երբ անհոգ եմ դառնում աստվածության հետ իմ հարաբերություններում և երբ թվում է, որ աստվածային ականջը չի լսում և աստվածային ձայնը չի խոսում, ես հեռու եմ, շատ հեռվում: Երբ սուզվում եմ սուրբ գրությունների մեջ, հեռավորությունը կրճատվում և հոգևորությունը վերադառնում է» (TheTeachings of Spencer W. Kimball, ed. Edward L. Kimball [1982],135):

Սուրբ գրություններն օրհնում են մեզ հանգստությամբ

Ք.Ս. Լյուիսի մասին պատմող կինոնկարում, նրա կերպարը մի խորը միտք է արտահայտել աղոթելու մասին, որը հավասարապես կարելի է վերագրել սուրբ գրությունները կարդալուն: Նա ասել է. «Ես աղոթում եմ, որովհետև ես չեմ կարող չաղոթել, ես աղոթում եմ, որովհետև անօգնական եմ, դրա կարիքը դուրս է բխում ինձանից անընդհատ` արթուն, թե քնած: Այն չի փոխում Աստծուն, այն փոխում է ինձ» (William Nicholson, Shadowlands, [stage play and screenplay, 1994]): Ես նույն բանն եմ զգում սուրբ գրությունների հանդեպ: Ես կարդում եմ դրանք, որովհետև «այդ կարիքը դուրս է բխում ինձանից ողջ ժամանակ»: Ես գիտեմ Աստծո խոսքով հոգիս սնելու և ինձ համար անհրաժեշտ բոլոր բաներն ինձ ուսուցանելու իմ խորը կարիքի մասին: Դրանք փոխում են ինձ:

Ձեզանից շատերն են հիշում և սիրում դանիացի քույրեր Բետսիի և Քորի Բումի ոգեշնչող պատմությունը, ովքեր գերի էին ընկել նացիստական Գերմանիայում, և թե ինչպես նրանք Ռավենսբրուկում հայտնի կանանց համակենտրոնացման ճամբարում իրենց մեծ կարիքի մեջ դիմեցին Աստվածաշնչին: Քորին պատմում է.

«Ինչ վերաբերվում էր մեզ, առավոտից մինչև լույսերը հանգցնելը, երբ անվանացուցակով ներկա բացակայի շարքում չէինք, մեր Աստվածաշունչը օգնության և հույսի շրջանի կենտրոնն էր, որն անընդհատ լայնանում էր: Ինչպես թափառաշրջիկները հավաքվում են վառվող կրակի շուրջը, մենք էլ հավաքվում էինք դրա շուրջը` մոտեցնելով մեր սրտերը նրա ջերմությանն ու լույսին: Որքան գիշերը սևանում էր մեր շուրջը, այնքան ավելի պայծառ, ավելի ճշմարիտ և ավելի գեղեցիկ էր վառվում Աստծո խոսքը: «Ի՞նչը կբաժանի մեզ Քրիստոսի սերիցը. տառապա՞նք, թե նեղությո՞ւն, թե հալածա՞նք, թե սո՞վ, թե մերկությո՞ւն, թե վտա՞նգ, թե սո՞ւր: . . .Բայց այս բոլոր բաներումն հաղթում ենք նրա միջոցով, որ մեզ սիրեց:

Ես նայում էի շրջանում կանգնածներին, երբ Բեթսին կարդում էր, հետևելով դեմքից դեմք լույսի թռիչքին» (The Hiding Place, [1971], 194–95):

Աստծո խոսքը սնուցում և աջակցում էր այդ կանանց: Այն բերում էր ջերմություն և լույս: Դրանք ավելի թանկ էին, քան ոսկին և ավելի քաղցր, քան մեղրը:

Սուրբ գրություններն օրհնում են մեզ հայտնությամբ

Երբեմն սուրբ գրությունների ճշգրիտ խոսքերն ուժգնորեն պատասխանում են մեր աղոթքներին: Սուրբ գրությունները կարդալը բացում է նաև մեր միտքն ու սիրտը Հոգու կողմից հուշվող մտքերի առջև: Մենք ավելի հակված ենք այդպիսի օգնություն ստանալ, երբ դիմում ենք սուրբ գրություններին` փնտրելով, ցանկանալով և խնդրելով:

Ջոզեֆ Սմիթին կրկին ու կրկին հայտնություն էր գալիս, երբ նա կարդում էր սուրբ գրությունները և տալիս ոգեշնչված հարցեր: Մենք բոլորս գիտենք, որ մենք ունենք փառահեղ Առաջին Տեսիլքը` այդ 14-ամյա տղայի կողմից սուրբ գրությունների ուսումնասիրության և կարևոր հարցեր տալու արդյունքում: Նրան անհրաժեշտ էր իմանալ, թե որ եկեղեցին էր ճշմարիտ, և նա կառչեց Հակոբոսի թղթի խոստումից, որ Տերը կպատասխանի նրանց, ովքեր անկեղծորեն հարցնում են Իրենից: Գիտե՞ք որ 76 բաժինը հայտնվեց, երբ Ջոզեֆը խորհում էր մարդկանց փրկության մասին Հովհաննեսի ավետարանի գրվածքների շուրջ: Նրա հայացքի առջև բացվեց փառքի աստիճանների տեսիլքը: Փաստորեն մի ՎՕՍ գիտնական հաշվել է, որ.

«Վարդապետություն և Ուխտերի հայտնությունների 50 տոկոսից ավելին ստացվել է այն ժամանակահատվածում, որը կապված էր Աստվածաշնչի ոգեշնչված վերստուգման հետ . . . Ջոզեֆ Սմիթի թարգմանչական աշխատանքների մեջ մենք ունենք մի կենդանի դաս այն հարցի առնչությամբ, թե ինչպես ստանալ հայտնություններ, երբ Մարգարեն խորասուզվում էր սուրբ գրությունների մեջ, խնդիրներ, հետաքրքրություններ և հարցեր էին առաջանում, որոնք շատ դեպքերում լրացուցիչ լույսի և գիտելիքի էին վերածվում Վերջին Օրերի Սրբերի համար` դառնալով որպես ժամանակակից հայտնություններ» (Robert L. Millet, “Joseph Smith’s Translation of the Bible and the Doctrine and Covenants,” in Robert L. Millet and Kent P. Jackson, ed., Studies in Scripture: Volume One, the Doctrine and Covenants [1984], 1:139):

Մյուս մարգարեների հայտնությունները եղան նույն ձևով: Վարդապետություն և Ուխտերի 138 բաժինը հայտնի դարձվեց Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթին, երբ նա խորհում էր հոգևոր աշխարհի մասին Պետրոսի գրվածքների շուրջ:

Մեզանից յուրաքանչյուրն անձնական հայտնության իրավունք ունի: Սուրբ գրություններն այդ առումով կարող են լինել մեր ամենախորը աղբյուրը: ԲՅՀ-ի մի պրոֆեսոր պատմել է այս պատմությունը մի կնոջ մասին, որն առաջնորդվում էր Հոգու կողմից` Սուրբ Գրքերի ուսումնասիրության միջոցով: Պրոֆեսորն ասել է.

«Մի կին առաջնորդվեց սովորելու, թե ինչպես լսի Հոգու ձայնը սուրբ գրությունները կարդալիս: Նրան ուսուցանվեց ծնկի իջնել աղոթքով, շնորհակալություն հայտնել Երկնային Հորը սուրբ գրությունների համար, խնդրել, որ Հոգին լինի իր հետ կարդալիս և հետո ասի Տիրոջը, թե ինչ էր անհրաժեշտ սուրբ գրություններից, ինչ էր անհրաժեշտ նրան տվյալ օրվա համար` հարց, որի պատասխանի կարիքն ուներ, գուցե առաջնորդություն ինչ որ հարաբերության վերաբերյալ, գուցե հաստատում որևէ որոշման կապակցությամբ: Հետո նա բացում էր իր սուրբ գրությունները . . . և սկսում կարդալ: Նա երբեք ստիպված չէր լինում երկար կարդալ . . . մինչև Հոգին տալիս էր պատասխանը, որը նա որոնում էր: Սուրբ գրությունների հետ այս ամենօրյա հարց ու պատասխանի զրույցներից հետո, նրա զգայունությունը Հոգու շշունջների նկատմամբ մեծացավ, և նա սիրահարվեց սուրբ գրություններին»:

«Ես պատմեցի նրա փորձառությունն ուրիշներին, ովքեր հետո աշխատեցին կատարել նույն փորձը, արդյունքներն ապշեցուցիչ էին: Ամեն ինչ, սկսած ֆինանսական խնդիրներից մինչև հարաբերությունների հետ կապված մտահոգությունները լուծվեցին: Եվ այդ ընթացքում Սուրբ Հոգու ձայնը լսելու նրանց ունակությունը մեծացավ» (Wendy L. Watson, “Let Your Spirit Take the Lead,” in The Power of His Redemption: Talks from the 2003 BYU Women’s Conference [2004], 326):

Ես ևս սկսել եմ սիրել և ապավինել սուրբ գրություններին իմ կյանքում: Դրանք ինձ համար ավելի թանկ են, քան ոսկին: Պատասխանները ոչ միշտ են հեշտությամբ գալիս, բայց գալիս են: Երբեմն դա լինում է խաղաղության և հանգստության ձևով, մինչ սպասում եմ հասկանալու Տիրոջ կամքը կամ Նրա ժամանակացույցը: Երբ ես երիտասարդ մայր էի, Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը խրախուսեց Եկեղեցու կանանց «վարպետանալ սուրբ գրություններում» (“The Role of Righteous Women,” Ensign, Nov. 1979, 102): Եթե ժամանակը թույլ տա, ես կարող եմ պատմել ձեզ անհամար ուղիների մասին, որ նրա հորդորին հետևելն օգնեց ինձ իմ մայրության ընթացքում: Եթե դուք նայեք իմ սուրբ գրքերին, դուք կտեսնեք իմ երեխաների անունները, որոնք գրված են բազմաթիվ հատվածների կողքին, որոնք ես հայտնության ուժով եմ իմացել, որ պետք է կիսվեի նրանց հետ:

Տիրոջ խոսքերը օրհնել են ինձ նաև իմ Եկեղեցական ծառայության մեջ: Երբ ես առաջին անգամ կանչվեցի լինելու Երիտասարդ Կանանց Նախագահ, ես սուրբ գրքերի մեջ որոնեցի պատասխաններ: Ես հանգստություն և առաջնորդություն էի փնտրում` տոգորված լինելով անհամապատասխանության զգացումով և ճնշված լինելով պատասխանատվությունից, որն ավելի էր, քան իմ ունակությունները: Մարգարեների և առաջնորդների մասին սուրբ գրությունների պատմությունները, ովքեր անհամապատասխան էին զգացել իրենց կոչումներին, խաղաղություն բերեցին և սովորեցրեցին ինձ, որ Տերը զորացնում է նրանց, ում Նա կանչում է:

Ենովքը` այդպիսի մի մարգարե, ասաց. «Ինչպե՞ս է որ ես շնորհ գտա Քո աչքում և ես ընդամենը մի պատանի եմ, և բոլոր մարդիկ ատում են ինձ, քանզի ես ծանրախոս եմ, ուստի ինչո՞ւ եմ ես քո ծառան:

Եվ Տերն ասաց Ենովքին. Գնա և արա ինչպես պատվիրեցի քեզ. . . Բաց արա բերանդ և այն կլցվի և ես կտամ քեզ խոսելու ուժ» (տես Մովսես 6.31–32): Մովսեսը ևս անհամապատասխան էր զգում և Տերը խոստացավ. «Ես քո բերանի հետ կլինեմ, և քեզ կսովորեցնեմ ինչ որ պիտի խոսես» (Ելից Դ.12): Եվ Երեմիան ևս ստացավ օրհնությունը. «Մի վախենար . . . որովհետև ես քեզ հետ եմ, որ քեզ ազատեմ . . . [Եվ] ահա իմ խոսքերը քո բերանումը դրի» (Երեմիա Ա.8–9):

Երբ սովորում էի, ես հատկապես հանգստանում էի Փրկչին տրված խոստումներից: Ես զգում էի, որ Երկնային Հայրը նկատի էր ունեցել, որ ես այդ օրհնություններն ինձ վերագրեմ իմ կարիքի դեպքում: «Տեր Եհովան ինձ ուսումնավարժ լեզու է տվել, որ գիտենամ վաստակածին օգնել խոսքով» (Եսայիա Ծ.4): Սուրբ գրքի այս հատվածն ինձ հղագրեց մեկ այլ հատվածի, որին ես կառչեցի որպես իմ նշանաբան. «Որովհետև ես բերան և իմաստություն կտամ ձեզ. որին չեն կարողանա հակառակ խոսել և ոչ ընդդիմանալ ձեր բոլոր հակառակորդները» (Ղուկաս ԻԱ.15): Անցած երեք տարիների ընթացքում յուրաքանչյուր բացվող օր ես աղոթել եմ բերանի և իմաստության համար: Իմ մեծագույն փափագն է եղել (և առանձնապես այդտեղ եմ ինձ զգացել ոչ համապատասխան) իմանալ, թե ինչ էր Տերը կամենում, որ ես սովորեցնեմ, ունենամ իմաստություն և հետո կարողանամ ունենալ խոսքեր, որպեսզի արտաբերեմ այդ ուղերձը` ունենամ բերան: Սուրբ գրությունների միջոցով ես գտա անձնական հայտնություն, որը հանգստացրեց ինձ և առաջնորդեց ինձ այս կոչման մեջ: Տիրոջ խոսքերն «ավելի ցանկալի են . . . քան ոսկին . . . [և] ավելի քացր . . . քան մեղրը» իմ կյանքում (Սաղմոս ԺԹ.10):

Սուրբ գրություններն օրհնում են մեզ վկայությամբ

Որպես Եկեղեցու անդամներ մեծ օրհնություններից մեկը, որ մենք ունենք, ժամանակակից սուրբ գրություններն են, որոնք տալիս են լրացուցիչ վկայություն, որ Հիսուսը Քրիստոսն է և վերականգնում է Իր ավետարանի վարդապետությունների լրիվությունը: Մեր վերջին օրերի մարգարեներից յուրաքանչյուրը հորդորել է մեզ կարդալ Մորմոնի Գիրքը և ապրել նրա սկզբունքներով, խոստանալով, որ մեր կյանքը կլցվի մեծ օրհնություններով:

Կարծում եմ, մենք բոլորս տեղյակ ենք, որ օգոստոս ամսին Նախագահ Գորդոն Բ. Հինքլին խնդրեց Եկեղեցու յուրաքանչյուր անդամի մինչև այս հոբելյանական տարվա վերջը ընթերցել կամ վերընթերցել Մորմոնի Գիրքը: Ի՞նչ եք կարծում, ինչու է մեր մարգարեն խնդրել մեզ անել այդ: Ինչո՞ւ: Մեզանից յուրաքանչյուրը պետք է իրեն հարց տա: Ի՞նչ պետք է սովորեմ: Ինչպե՞ս պետք է փոխվեմ: Որտե՞ղ է ինձ պետք օգնություն: Մենք կգտնենք անձնական դրդապատճառներ և կարիքներ Մորմոնի Գրքի այս ընթերցանության համար: Հետո Նախագահ Հինքլին խոստացավ մեզ, որ «ձեր կյանք և ձեր տուն կգա Տիրոջ Հոգու հավելում, Նրա պատվիրաններին հնազանդ քայլելու ուժեղ վճռականություն և Աստծո Որդու ապրող իրականության մասին ավելի ամուր վկայություն» (“A Testimony Vibrant and True,” Ensign, Aug. 2005, 6):

Տիրոջ Հոգին ուղեկցում է Մորմոնի Գրքին: Իմ ընկերները` Վիլֆորդ և Քաթլին Անդերսենները, ովքեր ծառայել են որպես միսիայի նախագահներ Գվադալաջարայում, Մեքսիկա, տառացիորեն տեսել են Մորմոնի Գրքի ոգին գործելիս: Քույր Անդերսենը իրենց միսիայի վերջին տարվա ընթացքում ոգեշնչում զգաց, որ ավելի լավ էր իր երեք որդիները տանը ստանային կրթություն, քան գնային պետական դպրոց: Սակայն նա օգնության կարիք էր զգում նրանց իսպաներեն սովորեցնելու հարցում: Նա աղոթեց հարմար ուսուցիչ գտնելու համար: Նրան առաջնորդեցին Իրմա Ինսինասի մոտ, որը 20 տարվա ուսուցիչ էր եղել և հենց վերջերս էր տեղափոխվել այդ նոր քաղաքը: Տղաների հետ պարապելու համար Իրմա Ինսինասը գալիս էր շաբաթը երկու անգամ:

Դպրոցական տարվա երեք շաբաթվա ընթացքում Քույր Անդերսենը հասկացավ, որ նա վարձել էր մեկին, որը կարող է հետաքրքրվել ավելի շատ բան իմանալու մեր Եկեղեցու մասին: Այսպիսով, նա պատմեց նրան Ջոզեֆ Սմիթի և Մորմոնի Գրքի մասին: Այնուհետև Քույր Անդերսենը որոշեց, որ իր որդիների իսպաներենի դասագիրքը պետք է լինի Մորմոնի Գիրքը: Ամեն այցելության ժամանակ տղաներից յուրաքանչյուրը բարձրաձայն կարդում էր իսպաներեն սուրբ գրքից: Հետո ուսուցչին հրահանգվեց նրանց հարցեր տալ կարդացածի մասին և տղաները պետք է պատասխանեին իսպաներեն: Մինչ տղաները իսպաներեն էին սովորում, Իրմա Ինսինասը սովորում էր Մորմոնի Գրքի մասին:

Սուրբ Ծնունդից հետո Իրմա Ինսինասը եկավ Քույր Անդերսենի մոտ և սկսեց արտասվել: Նա կարիք էր զգում պատմել նրան, թե ինչ էր կատարվում: Նա ասաց, որ ամեն անգամ, երբ տղաները կարդում էին Մորմոնի Գրքից, նրանց դեմքի շուրջը նա լույս էր տեսնում: Երբ նրանք փակում էին գրքերը, լույսն անմիջապես հեռանում էր: Նա խոստովանեց, որ իր քույրը, որն իր հետ էր ապրում, 11 տարի առաջ ստացել էր Մորմոնի Գրքի մի օրինակ, սակայն չէր կարդացել: Այս անսովոր փորձառությունը ստիպեց նրանց իրենց գրապահարանից գտնել այդ փոշոտված գիրքը: Նրանք ուզում էին իրենց համար պարզել, թե ինչ էր այդ լույսը, որը ճառագայթում էր այդ գրքից: Համոզված եմ, դուք կարող եք պատկերացնել պատմության մնացած մասը: Նրանք սկսեցին կարդալ Մորմոնի Գիրքը և ցանկացան, որ միսիոներները սովորեցնեն իրենց: Իրենց առաջին միսիոներական զրույցից երկու շաբաթ անց նրանք մկրտվեցին:

Իմ վկայությունը

Նախագահ Հինքլին խոստացել է մեզանից յուրաքանչյուրին այդ նույն լույսը, երբ մենք կարդում ենք Մորմոնի Գիրքը: Ես վերընթերցել եմ Մորմոնի Գիրքն անցած մի քանի շաբաթվա ընթացքում: Այն կրկին բոցավառեց սրտումս վառվող վկայությունը, որ Հիսուս Քրիստոսն աշխարհի Քավիչն է: Գրեթե յուրաքանչյուր հատված վկայում է Նրա մասին: Նախագահ Բոյդ Ք. Փաքերն ասել է. «Մորմոնի Գրքի ավելի քան 6000 հատվածներից ավելի քան կեսը ուղղակիորեն վերաբերում են Նրան» (in Conference Report, Apr. 2005, 8; or Ensign, May 2005, 8–9):

Մորմոնի Գրքի մարդիկ հույսով սպասում էին Նրա Փրկագնմանը, և նրանք ետ էին նայում Նրա օրինակելի կյանքին և փրկագնող մահվանը` Նրա Քավության հանդեպ հույսով: Քրիստոսի ծննդից շատ առաջ Հակոբը գրել է. «Հավատո՞ւմ ես դու սուրբ գրքերին . . . քանզի դրանք իրոք վկայում են Քրիստոսի մասին: Ահա, ես ասում եմ քեզ, որ մարգարեներից ոչ մեկը չի գրել, ոչ էլ մարգարեացել` առանց այս Քրիստոսի մասին խոսելու» (Հակոբ 7.10–11): Եվ Քրիստոսի գալուց հետո Մորմոնը գրել է. «Եվ բաները, որոնք այս թիթեղների վրա են, հաճելի են ինձ` Քրիստոսի գալստյան մարգարեությունների համար. և իմ հայրերն իմացել են, որ դրանցից շատերն իրականացել են» (Մորմոնի Խոսքերը 1.4): Ինչպիսի լայն և հրաշալի հեռանկար վկայելու համար: Երբ կարդում էի, հասկացա, որ Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ մարդկանց հավատքի միջոցով է, որ նրանք դիմանում են ցավին ու նեղությանը, և հաղթահարում են մեղքն ու գայթակղությունը: Ես գիտեմ, որ Հիսուսը կենդանի Քրիստոսն է: Ես զգում էի, որ պետք է երգեմ Նրա քավող սիրո երգը (տես Ալմա 5.26):

Եվ այս վերընթերցման ժամանակ ես սկսեցի հասկանալ արույրե թիթեղների, 24 ոսկե թիթեղների և մեծ ու փոքր թիթեղների վրա փորագրված Նեփիացիների հիշատակարանների կարևորությունը: Ես հասկացա, որ Լեքիի և նրա ժառանգների համար դրանք ավելի թանկ էին, քան ոսկին: Ալման տանում է մեզ իր տուն, ինչը և ես կցանկանայի անել այս երեկո, և թույլ է տալիս, որ լսենք իր որդի Հելամանին ուղղված իր ուսուցումները: Նա պատմում է նրան, թե ինչու են այդ հիշատակարաններն այդքան կարևոր: Նա մեծ պատասխանատվություն է վստահում նրան` ոչ միայն դրանց մասին հոգ տանել, շարունակել գրել դրանց վրա, այլ նաև սովորեցնել դրանց ճշմարտությունները: Նա ասաց. «Քանզի հենց այնպես հաստատ, ինչպես այս ուղեցույցը [Լիահոնան] բերեց մեր հայրերին, հետևելով դրա ուղուն, դեպի խոստացված երկիր, Քրիստոսի խոսքերը, եթե մենք հետևենք դրանց ուղուն, պիտի տանեն մեզ այս վշտի հովտից դեպի մի շատ ավելի լավ խոստումի երկիր» (Ալմա 37.45):

Ես ստացել եմ Նախագահ Հինքլիի կողմից խոստացված օրհնությունները` ավելի մեծ չափով Հոգի, ցանկություն ապաշխարելու և քայլելու ավելի անսասան հնազանդությամբ և վկայություն Աստծո Որդու կենդանի իրականության մասին: Ես աղոթում եմ, որ դուք օգտագործեք ձեր երիտասարդության այս ժամանակը` սնվելու սուրբ գրություններով և հետևելու դրան ձեր ողջ կյանքում, անձնական հայտնություններ ձեռք բերելու սուրբ գրությունների միջոցով և սովորելու Հիսուս Քրիստոսի վարդապետությունը:

«Ես սիրում եմ Տիրոջը, Նրանով է հրճվում հոգիս» (John Tanner, “I Love the Lord” [Jackman Music Corp.“, 2000], 2; տես նաև 2 Նեփի 4.15–16): Ես գիտեմ, որ Երկնային Հայրն ապրում է և սիրում է մեզ այնքան, որ խոսում է մեզ հետ Իր սուրբ գրությունների միջոցով: Ես վկայում եմ Նեփիի հետ միասին «հոգիս հրճվում է սուրբ գրքերով» (2 Նեփի 4.15): Դրանք սատարել են իմ վկայությանը, սովորեցրել ճշմարտություններ, առաջնորդել իմ ուղին և հանգստացրել ցավերս, ուստի գիտեմ, որ ձեզ նույնպես կօգնեն: «Նրանց միջոցով ես լուսավորվել եմ, և դրանք պահելով . . . ես շատ հատուցվել եմ: [Դրանք] ավելի ցանկալի են . . . քան թե ոսկին, [և] էլ ավելի քաղցր են, քան թե մեղր և մեղրահաց» (Սաղմոս ԺԹ.10): Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

 
© 2009 Intellectual Reserve, Inc. All rights reserved.   Rights and use information.  Privacy policy