Կենդանի ջրի աղբյուր
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար
Տասներկու Առաքյալների Քվորումից
ԵԿՀ Հավաք Երիտասարդ Չափահասների համար 4 փետրվարի, 2007թ. • Բրիգամ Յանգ Համալսարան
Քույր Բեդնարը և ես շնորհակալ ենք այսօր ձեզ հանդիպելու համար: Երբ մենք ճանապարհորդում ենք աշխարհում, հատկապես երախտապարտ ենք` միասին հավաքվելու և ձեզ պես հավատարիմ երիտասարդներից սովորելու հնարավորությունների համար: Այսօր աղոթում եմ Սուրբ Հոգու ընկերակցության համար, երբ մենք միասին երկրպագում ենք և միասնաբար ձգտում ուսուցանվել ի վերուստ (տես ՎևՈՒ 43.16):
Ես կամենում եմ սկսել` ուղղելով ձեզ մի պարզ հարց: Ո՞րն է աշխարհում ամենաարժեքավոր նյութը կամ ապրանքը: Մենք սկզբում գուցեև մտածենք, որ ոսկին, նավթը կամ ադամանդները ամենամեծ արժեքն ունեն: Բայց երկրի վրա և երկրի ներսում գտնվող բոլոր հանքանյութերից, մետաղներից, թանկարժեք քարերից և լուծիչներից ամենաարժեքավորը ջուրն է:
Ջուրը կյանքի աղբյուրն է: Կյանքը պահպանվում է ջրի միջոցով: Ջուրը այն միջավայրն է, որը պահանջվում է կյանքի հայտնի բոլոր ձևերի հետ կապված տարբեր ֆունկցիաներ իրականացնելու համար: Մեր ֆիզիկական մարմինների երկու-երրորդը ջուր է: Մարդը կարող է գոյատևել առանց ուտելիքի շատ օրերի կամ նույնիսկ շաբաթների ընթացքում, միչդեռ ընդամենը երեք կամ չորս օր առանց ջրի մնալով, մարդը սովորաբար մահանում է: Աշխարհի բնակեցված մեծ կենտրոնների մեծ մասը տեղադրված են խմելու ջրի աղբյուրներին մոտիկ: Պարզապես կարող ենք ասել, որ կյանքը չի կարող գոյություն ունենալ առանց մատչելի և առկա մաքուր ջրի համապատասխան պաշարների:
Կենդանի ջուր
Կյանքի բոլոր ձևերը պահպանելիս, ջրին տրված կենսական դերը` Փրկչի կողմից «կենդանի ջուր» արտահայտության օգտագործումը, դարձնում է այն աստվածայնորեն կարևոր: Ինչպես նկարագրվում է Հովհաննեսի չորրորդ գլխում, Հիսուսն ու Իր աշակերտներն անցնում էին Սամարիայի միջով, երբ ճանապարհորդում էին Հուդայից Գալիլեա: Սիվքար քաղաքում նրանք կանգ առան Հակոբի ջրհորի մոտ:
«Արդ Սամարիայից մի կին եկավ, որ ջուր հանի. Հիսուսը նրան ասաց. Ինձ ջուր տուր խմեմ:
Որովհետև նրա աշակերտները քաղաքն էին գնացել, որ կերակուր առնեն:
Սամարացի կինն էլ ասաց նրան. Դու որ Հրեա ես, ի՞նչպես ես ինձանից ջուր ուզում խմել, որ մի Սամարացի կին եմ. որովհետև Հրեաները չեն խառնվում Սամարացիների հետ:
Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. Եթե Աստծո պարգևը գիտենայիր, և թե ով է նա, որ քեզ ասում է, թե տուր ինձ խմել, ապա դու նրանից կխնդրեիր և նա կենդանի ջուր կտար քեզ:
Կինը նրան ասաց. Տեր դու դույլ էլ չունես, և հորը խոր է. ապա որտեղից ունես կենդանի ջուրը:
Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. Ամեն այդ ջրից խմողը դարձյալ կծարավի.
Բայց ով որ խմի այն ջրից որ ես կտամ նրան, նա հավիտյան չի ծարավի: Այլ այն ջուրը, որ ես կտամ նրան, ջրի աղբյուր կլինի նրանում, որ հավիտենական կյանքի համար կբխի» (Հովհ. Դ.7–11, 13–14):
Այս դրվագում ակնարկվող կենդանի ջուրը ներկայացնում է Տեր Հիսուս Քրիստոսին և Նրա ավետարանը: Եվ ինչպես որ ջուրն անհրաժեշտ է ֆիզիկական կյանքն ապահովելու համար, այնպես էլ Փրկիչն ու Նրա վարդապետությունները, սկզբունքներն ու արարողությունները կարևոր են հավերժական կյանքի համար: Դուք և ես Նրա կենդանի ջրի կարիքն ունենք ամեն օր և առատորեն` մեր շարունակական հոգևոր աճը պահպանելու և զարգացնելու համար:
Սուրբ գրքերը կենդանի ջրի աղբյուր են
Սուրբ գրքերը պարունակում են Քրիստոսի խոսքերը և կենդանի ջրի աղբյուր են, որոնք մեզ համար մատչելի են, և որոնցից մենք կարող ենք մեծ կումերով և երկար խմել: Դուք և ես պետք է նայենք և գանք դեպի Քրիստոսը, որը «մաքուր ջրերի աղբյուրն է» (1 Նեփի 11.25, համեմատեք Եթեր 8.26, 12.28), կարդալով (տես Մոսիա 1.5), ուսումնասիրելով (ՎևՈւ 26.1), հետազոտելով (տես Հովհ. Ե.39, Ալմա 17.2) և սնվելով (տես 2 Նեփի 32.3) Քրիստոսի խոսքերով, որոնք տրված են սուրբ գրքերում: Այդպես անելով, մենք կարող ենք ստանալ ինչպես հոգևոր առաջնորդություն, այնպես էլ պաշտպանություն մեր մահկանացու ճանապարհորդության ընթացքում:
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին սրբազան պարտականություն ունի` անարատ և ապահով պահպանել գրի առնված հայտնությունները (տես ՎևՈՒ 42.56), կենդանի ջրի այս թանկարժեք աղբյուրը: 1970-ական և 1980-ական թվականներին Եկեղեցու կողմից իրականացվեց հսկայական մի գործ, որի արդյունքում խմբագրվեցին սուրբ գրությունները, որոնք մենք վայելում ենք այսօր բազմաթիվ տողատակի ծանոթագրություններով, խաչաձև հղագրումներով և լրացուցիչ ուսուցողական օժանդակ նյութերով, քարտեզներով և տեղեկություններով:
Երբ ճշգրտված սուրբ գրություններն առաջին անգամ ներկայացվեցին 1980 թվականին Եկեղեցու անդամներին, Երեց Բոյդ Ք. Փաքերը մարգարեացավ.
«Անցնող տարիների հետ միասին այս սուրբ գրությունները հաջորդ սերուդներին կձևավորեն որպես հավատարիմ քրիստոնյաներ, ովքեր գիտեն Տեր Հիսուս Քրիստոսին և տրամադրված են հնազանդվել նրա կամքին:
Վաղ սերունդը մեծացել է առանց դրանց, բայց մեկ այլ սերունդ է մեծանում» (in Conference Report, Oct. 1982, 75; or Ensign, Nov. 1982, 53):
Շուրջ քսանչորս տարի է անցել այն օրվանից, երբ Երեց Փաքերն ասաց այս խոսքերը: Եվ այն սերունդը, որի մասին ակնարկում էր նա, նստած է այսօր Եկեղեցու շենքերում ողջ երկրագնդով մեկ: Նա խոսում էր ձեր մասին, և նա խոսում էր նաև իմ մասին: Ձեզանից մեծ մասը սուրբ գրությունները գիտեն այնպիսին, ինչպիսին մենք դրանք ունենք այսօր: Խնդրում եմ մտապահեք այս փաստը, մինչ ես շարունակում եմ մեջբերել Երեց Փաքերին:
«Հայտնություններ կբացվեն նրանց, ինչպիսիք չեն բացվել աշխարհի պատմության մեջ ուրիշ ոչ մեկի: Նրանց ձեռքում է այժմ դրված Ջոզեֆի և Հուդայի փայտերը: Նրանք կզարգացնեն ավետարանական գիտություն, որը կգերազանցի իրենց նախորդների ձեռք բերածին»: Նրանք կունենան վկայություն, որ Հիսուսը Քրիստոսն է և կլինեն իրազեկ` վկայելու Նրա մասին և պաշտպանելու Նրան» (in Conference Report, Oct. 1982, 75; or Ensign, Nov. 1982, 53):
Մենք ոչ միայն օրհնված ենք այսօր` ունենալով այս սուրբ գրություններն այդքան լիովին մատչելի մեզ համար, բայց մենք նաև դրանք հետևողականորեն և արդյունավետորեն օգտագործելու և կենդանի ջրի աղբյուրից մեծ կումերով խմելու պատասխանատվություն ունենք: Ես հավատում եմ, որ երիտասարդների այս սերունդն ավելի խորասուզված է սուրբ գրություններում, ավելի խորը գիտեն մարգարեների խոսքերը և ավելի հակված են պատասխանների համար դիմել հայտնություններին, քան անցած որևէ այլ սերունդ: Բայց մենք դեռ մեծ տարածություն ունենք ճանապարհորդելու նեղ և անձուկ արահետով, ավելի շատ բան սովորելու, ավելի շատ բան կիրառելու, ավելի շատ բան ճաշակելու:
Կենդանի ջուր ձեռք բերենք սուրբ գրությունների աղբյուրից
Այժմ ես կամենում եմ քննարկել ձեզ հետ սուրբ գրությունների աղբյուրից կենդանի ջուր ձեռք բերելու երեք հիմնական ուղիները կամ մեթոդները. (1) սուրբ գրությունները սկզբից մինչև վերջ կարդալ, (2) սուրբ գրություններն ուսումնասիրել թեմաներով, և (3) հետազոտել սուրբ գրությունները` կապեր, օրինակներ, թեմաներ գտնելու համար: Այս մոտեցումներից յուրաքանչյուրը կարող է օգնել հագեցնել մեր հոգևոր ծարավը, եթե մենք հրավիրենք Սուրբ Հոգու ընկերակցությունն ու օգնությունը, երբ կարդանք, ուսումնասիրենք և հետազոտենք:
Կարդալով որևէ սուրբ գիրք սկզբից մինչև վերջ, սկսում է դեպի մեր կյանք հոսել կենդանի ջուրը` ներկայացնելով մեզ կարևոր պատմություններ, ավետարանական վարդապետություններ և հավերժական սկզբունքներ: Այս մոտեցումը նաև հնարավորություն է ընձեռում սովորել սուրբ գրքերի գլխավոր կերպարների և իրադարձությունների ու ուսմունքների հաջորդականության, ժամանակագրության և ենթատեքստերի մասին: Այս ձևով կարդալով գրված խոսքը, բացահայտում է մեզ համար սուրբ գրքի հատորյակի լայնությունը: Սա կենդանի ջուր ձեռք բերելու առաջին և ամենահիմնական ուղին է:
Սովորաբար, հետևում է թեմաներով ուսումնասիրելը, որն աճում է և կառուցվում սկզբից մինչև վերջ մեր ընթերցանության վրա: Օրինակ, երբ կարդում ենք Մորմոնի Գիրքը մենք կարող ենք ընտրել և որոնել պատասխաններ կարևոր վարդապետական և գործնական հարցերի, ինչպիսիք են հետևյալը.
- • Ի՞նչ է նշանակում հավատք Փրկչի հանդեպ:
- • Ինչո՞ւ է հավատքն առ Հիսուս Քրիստոս ավետարանի առաջին սկզբունքը:
- • Ինչո՞ւ և ինչպե՞ս է Քավչի հանդեպ հավատքը տանում դեպի ապաշխարություն:
- • Ինչպե՞ս է Քավությունը զորացնում ինձ` անելու իմ կյանքում ամենօրյա բաներ, որոնք ես երբեք չէի կարող անել իմ սեփական սահմանափակ ունակությամբ և իմ սեփական ուժով:
Ըստ թեմայի այդպիսի հարցերի վրա կենտրոնանալն ու ուսումնասիրելը` օգտագործելով եռահատորյակին կից թեմաների այբբենական ցանկը, թույլ է տալիս մեզ խորանալ և հետազոտել սուրբ գրքերի խորքերը և ձեռք բերել շատ ավելի հարուստ հոգևոր գիտելիք: Այս մոտեցումը մեծացնում է մեր կյանք ներխուժող կենդանի ջրի հորդը:
Ինչպես սկզբից մինչև վերջ կարդալը, այնպես էլ թեմաներով ուսումնասիրելը, անհրաժեշտ նախապայմաններ են սուրբ գրքերի աղբյուրից կենդանի ջուր ձեռք բերելու երրորդ հիմնական մեթոդի համար: Մինչ սկզբից մինչև վերջ որևէ սուրբ գիրք կարդալն ապահովում է գիտելիքի հիմնական պաշար, թեմայով ուսումնասիրելը մեծացնում է մեր գիտելիքի խորությունը: Հայտնություններում կապերի, օրինակների և թեմաների համար հետազոտելը կառուցում է և ավելացնում մեր հոգևոր գիտելիքը` ի մի բերելով և լայնացնելով առաջին այս երկու մեթոդները, այն մեծացնում է փրկության ծրագրի վերաբերյալ մեր մտահորիզոնն ու հասկացողությունը:
Իմ կարծիքով կապեր, օրինակներ և թեմաներ հայտնաբերելու համար ջանասիրաբար հետազոտելը, ինչ որ տեղ այն է, ինչ մենք կոչում ենք «սնվել» Քրիստոսի խոսքերով: Այս մոտեցումը կարող է բացել հոգևոր աղբյուրի ջրարգելակները, լուսավորել մեր հասկացողությունը Նրա Հոգու միջոցով և առաջացնել սուրբ գրությունների հանդեպ երախտագիտության խորություն և հոգևոր պարտավորվածության աստիճան, որը չի կարող ձեռք բերվել ոչ մի այլ ուղիով: Այդպիսի հետազոտումը հնարավորություն է տալիս մեզ կառուցել Քավչի վեմի վրա և դիմանալ չարի քամիներին այս վերջին օրերին:
Ես ուզում եմ շեշտել մի կարևոր միտք: Դուք հավանաբար սկզբում ենթադրեք, որ մարդ պետք է բազմակողմանի հատուկ կրթություն ձեռք բերի` օգտագործելու համար այն մեթոդները, որոնք ես նկարագրում եմ: Այս եզրակացությունը պարզապես ճիշտ չէ: Ճշմարտության յուրաքանչյուր ազնիվ որոնող, անկախ կրթական մակարդակից, կարող է հաջողությամբ կիրառել այս պարզ մոտեցումները: Ես և դուք կարիք չունենք բարդացված ուսումնական օժանդակ նյութերի և չպետք է ամբողջովին հիմնվենք ուրիշների հոգևոր գիտելիքների վրա: Մենք ուղղակի պետք է ունենանք սովորելու անկեղծ ցանկություն, Սուրբ Հոգու ընկերակցությունը, սուրբ գրքերը և աշխույժ ու պրպտող միտք:
Մարգարե Ջոզեֆ Սմիթը սովորեցրել է, որ մենք պետք է «քննենք սուրբ գրքերը, հետազոտենք հայտնությունները, որոնք մենք հրատարակում ենք և հարցնենք Երկնային Հորը, Նրա Որդու` Հիսուս Քրիստոսի անունով, ցույց տալու ձեզ ճշմարտությունը, և եթե դուք անեք դա միայն Նրա փառքին ուղղված աչքով, առանց կասկածելու, Նա կպատասխանի ձեզ Իր Սուրբ Հոգու զորությամբ: Այդ ժամանակ դուք կիմանաք ինքներդ և ոչ թե ուրիշներից: Այդ դեպքում Աստծո մասին գիտելիքի համար դուք կախված չեք լինի մարդուց» (History Church, 1:282):
Եթե դուք և ես հարցնենք, որոնենք և թակենք (տես Մատթեոս Է.7), միշտ արժանի պահելով մեզ իմանալու Հոգուց, ապա հոգևոր աղբյուրի դռները կբացվեն մեզ համար և կենդանի ջուրը կհորդի: Ես վկայում եմ և խոստանում եմ, որ սա ճշմարիտ է:
Թույլ տվեք բացատրել համառոտ և օրինակներ բերել, թե ինչ ի նկատի ունեմ` ասելով կապեր, օրինակներ և թեմաներ:
Կապեր
Կապը հարաբերություն է կամ կապող օղակ է գաղափարների, մարդկանց, իրերի, կամ իրադարձությունների միջև, իսկ սուրբ գրքերը լի են կապերով: Մտածեք Հավերժական Հոր և Նրա Որդու` Հիսուս Քրիստոսի միջև հարաբերության մասին (տես Մոսիա 15.1–9), ողորմության և շնորհի միջև (տես 2 Նեփի 9.8), սուրբ ձեռքերի և անարատ սրտի միջև (տես Սաղմոս ԻԴ.4), կոտրված սրտի և փշրված հոգու միջև (տես 3 Նեփի 9.20), ցորենի և որոմների միջև (տես ՎևՈՒ 101.65), գիտելիքի և բանականության միջև (տես ՎևՈՒ 130.18–19), արդարացման և սրբագործման միջև (տես ՎևՈՒ 20.30–31), ոչխարների և այծերի միջև (տես Մատթեոս ԻԵ.32–33), անմահության և հավերժական կյանքի միջև (տես Մովսես 1.39) և անհամար ուրիշների: Աղոթքով որոշելով, սովորելով և խորհրդածելով այդպիսի կապերի մասին, օրինակ` նմանությունների և տարբերությունների մասին, դա դառնում է կենդանի ջրի հիմնական աղբյուր և առաջացնում է ոգեշնչված ներըմբռնումներ և թաքնված գիտելիքի գանձեր:
Երբ կարդում էի յուրաքանչյուր կանոնիկ աշխատություն սկզբից մինչև վերջ և ուսումնասիրում տարբեր թեմաներ, ես նկատեցի, որ հասկացողություն բառը սովորաբար նկարագրվում էր սրտի հետ կապված: Երկու հատվածներ Մորմոնի Գրքից ցույց են տալիս այս կապը:
«Դուք ձեր սրտերը չեք նվիրել հասկանալուն. հետևաբար, դուք իմաստուն չեք եղել» (Մոսիա 12.27, շեղագրումն ավելացված է):
«Եվ բազմությունը լսեց և վկայեց. և նրանց սրտերը բաց էին և նրանք իրենց սրտերում հասկացան այն խոսքերը, որոնք նա աղոթեց» (3 Նեփի 19.33; շեղագրումն ավելացված է):
Ես շատ հետաքրքիր եմ համարում այն, որ այս և բազմաթիվ այլ հատվածներում հասկացողությունը հիմնականում կապված է սրտի հետ: Հաշվի առեք, որ մեզ որոշակիորեն խորհուրդ չի տրվում օգտագործել մեր ուղեղները հասկացողության համար: Ակնհայտորեն, մենք պետք է օգտագործենք մեր ուղեղները և մեր բանական կարողությունը տեղեկություն ձեռք բերելու և գնահատելու համար և կատարենք համապատասխան եզրահանգումներ և դատողություններ: Բայց հավանաբար սուրբ գրքերն առաջարկում են մեզ, որ տրամաբանությունն ու «մարմնի բազուկը» (տես ՎևՈւ 1.19) բավական չեն ճշմարիտ հասկացողություն ձևավորելու համար: Այսպիսով, հասկացողությունը, ինչպես բառն օգտագործվում է սուրբ գրքերում, չեն վերաբերվում բացառապես կամ նույնիսկ հիմնականում բանական կամ իմացական մտածողությանը: Ավելի շուտ, հասկացողությունը տեղի է ունենում, երբ այն, ինչ գիտենք մեր մտքում, հաստատվում է որպես ճշմարիտ մեր սրտերում Սուրբ Հոգու վկայության միջոցով:
Հայտնության հոգևոր պարգևն ամենաբնորոշ ձևով գործում է որպես Սուրբ Հոգու կողմից մեր ուղեղում և սրտում դրված մտքեր և զգացումներ (տես ՎևՈՒ 8.2–3, 100.5–8): Եվ երբ վկայությունն ու համոզմունքը շարժվում են մեր գլխից դեպի մեր սիրտը, մենք այլևս միայն տեղեկություն կամ գիտելիք չէ որ ունենք, այլ սկսում ենք հասկանալ և ձգտել սրտի հզոր փոփոխության: Ուրեմն հասկացողությունը հայտնության արդյունք է, հոգևոր պարգև, դարձի գալու նախադրյալ, և դա դրդում է մեզ ավելի հետևողականորեն ապրել համաձայն այն սկզբունքերի, որոնք մենք սովորում ենք:
Սրտի և հասկացողության միջև փոխհարաբերության այս բացահայտված ներըմբռնումը մեծապես ազդել է ավետարանը սովորելու և ուսումնասիրելու իմ մոտեցման վրա, դրականապես է անդրադարձել Քույր Բեդնարի և իմ կողմից մեր երեխաներին և թոռներին ուսուցանելու ձևի վրա և իր հետքն է թողել քահանայության իմ ծառայության վրա:
Օրինակներ
Օրինակը ծրագիր է, տիպար կամ չափանիշ, որը կարող է օգտագործվել որպես ուղեցույց կրկնողաբար ինչ-որ բան անելու կամ պատրաստելու համար: Եվ սուրբ գրքերը լի են հոգևոր օրինակներով: Սովորաբար, հոգևոր օրինակը ավելի լայն է և ավելի բազմակողմանի, քան կապը: Վարդապետություն և Ուխտերում մենք գտնում ենք օրինակներ ավետարանը քարոզելու համար (տես ՎևՈՒ 50.13–29) խաբկանքից խուսափելու (տես ՎևՈՒ 52.14, 18–19), տաճարներ կառուցելու համար (տես ՎևՈՒ 115.14–16), քաղաքներ հիմնադրելու (տես ՎևՈՒ 94), քահանայության քվորումներ կազմակերպելու (տես ՎևՈՒ 107.85–100) և բարձրագույն խորհուրդներ կազմակերպելու համար (տես ՎևՈՒ 102.12) և բազմաթիվ այլ օրինակների համար: Հոգևոր օրինակներ ընտրելը և ուսումնասիրելը մեկ այլ կարևոր աղբյուր է կենդանի ջրի և օգնում է մեզ ծանոթանալ և ավելի լավ ճանաչել Տիրոջ իմաստությունն ու միտքը (տես ՎևՈՒ 95.13):
Երբ կարդում էի Վարդապետություն և Ուխտերը սկզբից մինչև վերջ և միաժամանակ ուսումնասիրում այն ըստ թեմաների, ես զարմացա այն oրինակից, որն ակնհայտ էր միսիոներների հարցերին տրված Տիրոջ պատասխանների մեծ մասում: 1831 թվականին մի քանի առիթներով երեցների տարբեր խմբեր, ովքեր կանչվել էին քարոզելու ավետարանը, ցանկանում էին իմանալ, թե ինչ ձևով պետք է առաջ ընթանային և ինչ ուղով և ձևով պետք է ճանապարհորդեին: Ջոզեֆ Սմիթի միջոցով տրված հայտնություններում Տերը համապատասխանաբար խորհուրդ էր տվել այս եղբայրներին, որ նրանք կարող էին ճանապարհորդել ջրով կամ ցամաքով (տես ՎևՈՒ 61.22), որ նրանք կարող էին պատրաստել կամ գնել անհրաժեշտ փոխադրամիջոցները (տես ՎևՈՒ 60.5), որ նրանք կարող էին ճանապարհորդել բոլորը միասին կամ գնալ երկու-երկու (ՎևՈՒ 62.5), և որ նրանք համապատասխանաբար կարող էին ճանապարհորդել մի քանի տարբեր ուղղություններով (տես ՎևՈՒ 80.3): Հայտնությունները որոշակիորեն հրահանգում էին եղբայրներին ընդունել այս որոշումները «ինչպես ձեզ բարի է թվում» (ՎևՈՒ 60.5, 62.5) կամ «ինչպես նրանց հայտնի կդարձվի հետագայում, համաձայն իրենց դատողության»
(ՎևՈՒ 61.22): Եվ այս դեպքերից յուրաքանչյուրում Փրկիչը հայտարարում է. «Նշանակություն չունի ինձ համար» (ՎևՈՒ 60.5, 61.22, 62.5, 63.40,տես նաև 80.3):
Տիրոջ միտքը, որ նման բաները «նշանակություն չունի ինձ համար» սկզբում կարող է զարմանալի թվալ: Պարզ է, որ Փրկիչն այս միսիոներներին չէր ասում, որ Նրա հոգը չէ, թե նրանք ինչ են անում: Ավելի շուտ, Նա շեշտում էր կարևորությունը` առաջնահերթ բաները դնելու առաջինը և կենտրոնանալու ճիշտ բաների վրա, որն այս դեպքում նշանակված աշխատանքային դաշտը հասնելն էր և աշխատանքը սկսելը: Նրանք պետք է գործադրեին հավատք, կիրառեին առողջ դատողություն, գործեին համաձայն Հոգու առաջնորդությանը և որոշեին լավագույն ճանապարհը իրենց նշանակման վայրն ուղևորվելու համար: Գլխավոր նպատակը աշխատանքն էր, որը նրանք կանչվել էին կատարելու: Այն, թե ինչպես պետք է հասնեին այնտեղ, կարևոր էր, բայց ոչ էական:
Իմ և ձեզ համար մեր կյանքում կիրառելու ինչպիսի հրաշալի օրինակ: Հիսուս Քրիստոսը գիտի և սիրում է մեզ անհատապես: Նա մտահոգված է մեր հոգևոր զարգացմամբ և առաջընթացով և Նա խրախուսում է մեզ աճել ոգեշնչված, արդար և իմաստուն դատողության գործադրմամբ: Քավիչը երբեք չի թողնի մեզ մենակ: Մենք միշտ պետք է աղոթենք առաջնորդություն և ուղղություն ստանալու համար: Մենք միշտ պետք է ձգտենք Սուրբ Հոգու մշտական ընկերակցությանը: Բայց մենք չպետք է շփոթվենք և հուսահատվենք, եթե ուղղության և օգնության մեր խնդրանքների պատասխաններն անպայմանորեն արագ չեն գալիս: Այդպիսի պատասխանները հազվադեպ են միանգամից գալիս: Մեր առաջընթացը կխանգարվեր և մեր դատողությունը թույլ կլիներ, եթե յուրաքանչյուր պատասխան անմիջապես տրվեր մեզ և առանց պահանջելու հավատքի գին, ուսումնառություն և հաստատակամություն:
Օրինակը, որ ես նկարագրում եմ, համառոտ պարզաբանվում է վաղ միսիոներներին տրված հետևյալ հրահանգում:
«Ես ` Տերս, հոժար եմ, որ եթե ձեր միջից մեկը ցանկանա գնալ ձիով կամ ջորիով, կամ կառքով, նա կստանա այդ օրհնությունը, եթե բոլոր բաներում Տիրոջ ձեռքից ընդունի դա գոհացող սրտով:
Այս բաները մնում են ձեզ հետ, որպեսզի վարվեք ըստ դատողության ու Հոգու ղեկավարության:
Ահա, արքայությունը ձերն է: Եվ ահա, տես, ես հավատարիմների հետ եմ ընդմիշտ: Ճիշտ այդպես: Ամեն» (ՎևՈՒ 62.7–9, շեղագրումն ավելացված է):
Այս դեպքում գլխավոր հարցերը ձիերը, ջորիներն ու կառքերը չեն, ավելի շուտ` շնորհակալ լինելը, դատողությունն ու հավատարմությունը: Ուշադրություն դարձրեք խնդրեմ այս օրինակի հիմնական բաղադրիչների վրա: (1) բոլոր բաներում գոհացող սրտով, (2) վարվեք ըստ դատողության ու Հոգու ղեկավարության, և (3) Փրկիչը հավատարիմների հետ է ընդմիշտ: Կարո՞ղ ենք սկսել զգալ առաջնորդությունն ու վստահությունը, վերահաստատումն ու ուժը, որ կարող են գալ ոգեշնչված և արդար դատողության այս պարզ օրինակին հետևելուց: Իսկապես, սուրբ գրքերի օրինակները կենդանի ջրի արժեքավոր աղբյուր են:
Ամենադժվար որոշումները, որ երբևէ մենք ընդունում ենք, հազվադեպ են լինում լավի և վատի միջև կամ գրավիչ և ոչ գրավիչ տարբերակների միջև: Սովորաբար, մեր ամենադժվար ընտրությունները լավի և լավի միջև են: Այս սուրբ գրքի հատվածում ձիերը, ջորիներն ու կառքերը կարող էին հավասարապես արդյունավետ տարբերակներ լինել միսիոներական ճանապարհորդության համար: Նույն ձևով ես և դուք, նույնպես, մեր կյանքի տարբեր ժամանակահատվածներում կարող ենք մեկից ավելի ընդունելի հնարավորություն կամ տարբերակ ունենալ, որոնցից կարող էինք ընտրել: Մենք պետք է հիշենք այս օրինակը սուրբ գրություններից, երբ կանգնում ենք այդպիսի կարևոր որոշումների առաջ: Եթե մենք կարևոր բաները դնում ենք առաջինը մեր կյանքում, այնպիսի բաներ, ինչպիսիք են նվիրված հետևորդությունը, ուխտերը հարգելը և պատվիրանները պահելը, ապա մենք կօրհնվենք ոգեշնչմամբ և ուժեղ դատողությամբ, քանի որ հետևում ենք այն արահետին, որը տանում է մեզ ետ` դեպի մեր երկնային տուն: Եթե մենք դնում ենք կարևոր բաներն առաջինը, մենք չենք «կարող սխալ գնալ» (ՎևՈՒ 80.3):
Թեմաներ
Թեմաները կամար են կապում, կրկնվում և միավորում հատկանիշները կամ գաղափարները, հիմնական թելերի պես, որոնք հյուսվում են տեքստում: Ընդհանրապես, սուրբ գրությունների թեմաներն ավելի լայն են և բազմակողմանի, քան օրինակներն ու կապերը: Ի դեպ, թեմաները նախադրյալներ են ստեղծում կապերն ու օրինակները հասկանալու համար: Սուրբ գրությունների թեմաները որոշելու և հետազոտելու ընթացքը տանում է մեզ դեպի փրկության հիմնական վարդապետություններ և սկզբունքներ, դեպի հավերժական ճշմարտություններ, որոնք հրավիրում են Սուրբ Հոգու հաստատող վկայությունը (տես Ա Հովհ. Ե.6): Սուրբ գրությունների աղբյուրից կենդանի ջուր ձեռք բերելու այս մոտեցումը ամենապահանջկոտն է և ճշգրիտը, այն տալիս է նաև մեծագույն զարգացումն ու հոգևոր ուժերի վերականգնումը: Իսկ սուրբ գրությունները լի են հզոր թեմաներով:
Օրինակ, Մորոմնի Գիրքն ի հայտ եկավ այս ժամանակաշրջանում, որպեսզի «համոզի հրեային և հեթանոսին, որ Հիսուսը Քրիստոսն է` Հավերժական Աստվածը, որ իրեն հայտնում է բոլոր ազգերին» (Մորմոնի Գրքի տիտղոսաթերթ): Մորմոնի Գրքի կենտրոնական և կրկնվող թեման է` բոլորի համար հրավերը` «եկեք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք նրանում» (Մորոնի 10.32): Ուսմունքները, նախազգուշացումները, հորդորներն ու միջադեպերը այս նշանավոր սուրբ գրքում, բոլորը կենտրոնացած են Հիսուս Քրիստոսի վրա և վկայում են Հիսուս Քրիստոսի մասին, որպես Քավիչ և մեր Փրկիչ:
Թույլ տվեք մի քանի լրացուցիչ օրինակներ բերել կարևոր թեմաների մասին, օգտագործելով հատվածներ Մորմոնի Գրքից:
«Եթե ... լինում է այնպես, որ մարդկանց զավակները պահում են Աստծո պատվիրանները, նա կերակրում է նրանց և ուժեղացնում է նրանց, և ապահովում միջոցներ, որոնցով նրանք կարող են իրագործել այն, ինչ նա պատվիրել է նրանց» (1 Նեփի 17.3):
«Առաջ մղվեք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ» (2 Նեփի 31.20):
«Մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն» (2 Նեփի 2.25):
«Տիրոջ ուժով դու կարող ես անել բոլոր բաները» (Ալմա 20.4):
«Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել» (Ալմա 41.10):
Եթե խոստանաք, որ չեք ծիծաղի, ես կասեմ ձեզ պարզ ուղիներից մեկը, որով որոնում եմ սուրբ գրությունների թեմաներ: Ես չեմ գովազդում կամ հանձնարարում, որ դուք օգտագործեք նույն մոտեցումը, տարբեր մարդիկ օգտագործում են հավասար արդյունավետությամբ տարբեր մեթոդներ: Ես ուղղակի նկարագրում եմ մի գործընթաց, որը լավ է աշխատում ինձ համար:
Վերջերս հանձնարարված ելույթին նախապատրաստվելիս ես ոգեշնչվեցի խոսել ոգու և հավաքման նպատակների մասին: Ես ուսումնասիրում էի և խորհում Երեց Ռասել Մ. Նելսոնի հավաքման սկզբունքի վերաբերյալ վերջին համաժողովի ուղերձի մասին (տես Conference Report, Sept.–Oct. 2006, 83–87; or Ensign, Nov. 2006, 79–82), և թեման կատարելապես համապատասխանում էր իմ հանձնարարության բնույթին և կառուցվածքին (տես The Spirit and Purposes of Gathering [address delivered at a BYU–Idaho devotional, Oct. 31, 2006]):
Ես հասկացա, որ հավաքման մասին սուրբ գրություններից շատ բան պետք է սովորեի: Այսպիսով, ես նշեցի և պատճենահանեցի կանոնիկ գրքերից յուրաքանչյուր հատված, որը պարունակում էր հավաքել բառի որևէ ձև: Հետո կարդացի յուրաքանչյուր հատված` որոնելով կապեր, օրինակներ և թեմաներ: Կարևոր է նշել, որ ես չսկսեցի կարդալս կանխավ որոշված բաներ որոնելով: Ես աղոթել էի Սուրբ Հոգու օգնության համար և պարզապես սկսեցի կարդալ:
Երբ նայեցի հավաքման վերաբերյալ հատվածները, գունավոր մատիտների օգնությամբ նշեցի նույն բառեր կամ շեշտված նույնանման մտքեր պարունակող հատվածները: Մինչև բոլոր հատվածները կարդացի վերջացրեցի, որոշ հատվածներ նշված էին կարմիրով, որոշ հատվածներ` կանաչով և մի քանիսը նշված էին այլ գույներով:
Այժմ գալիս է այն մասը, որը կարող է ձեզ ծիծաղեցնել: Հետո մկրատով կտրատեցի սուրբ գրությունների հատվածները, որոնք պատճենահանել էի և դրանք տեսակավորեցի կույտերով` ըստ գույների: Դրա արդունքում ես ստացա կարմիր գույնով նշված սուրբ գրությունների մի մեծ կույտ, կանաչ գույնով նշված հատվածների մի մեծ կույտ և այսպես շարունակ: Հետո տեսակավորեցի հատվածները յուրաքանչյուր կույտի ներսում ավելի փոքր կույտերի: Առաջին դասարանցու պես, ինձ իսկապես պետք է որ դուր գար մըկրատով կտրատելը և կույտերի բաժանելը:
Արդյունքում ես շատ բան սովորեցի հավաքման սկզբունքի մասին: Օրինակ, իմ մեծ կույտերը վերլուծելիս ես իմացա, որ սուրբ գրությունները հավաքման վերաբերյալ առնվազն երեք կարևոր տեսակետեր են նկարագրում` հավաքման նպատակները, հավաքման տեսակներն ու վայրերը և հավաքման օրհնությունները:
Ես նշեցի, որ հավաքման գլխավոր նպատակներից մի քանիսն են` երկրպագել (տես Մոսիա 18.25), ստանալ խորհուրդ և ցուցում (տես Մոսիա 18.7), կառուցել Եկեղեցին (տես ՎևՈՒ 101.63-64), և ապահովել պաշտպանություն և ապաստան (տես ՎևՈՒ 115.6): Սովորելով հավաքման տեսակների և վայրերի մասին, ես հայտնաբերեցի, որ մենք հավաքվում ենք հավերժական ընտանիքներով (տես Մոսիա 2.5), որպես վերականգված Եկեղեցի (տես ՎևՈՒ 101.64-65), որպես Սիոնի ցցեր (տես ՎևՈՒ 109.59), սուրբ տաճարներ (տես Ալմա 26.5-6) և երկու մեծ կենտրոններով` հին Երուսաղեմ (տես Եթեր 13.11) և Սիոն քաղաքը կամ Նոր Երուսաղեմը (տես ՎևՈՒ 42.9; Հավատո հանգանակներ 1.10): Ես երախտապարտ էի իմանալ, որ կատարելությունը (տես Եփեսացիս Դ.12–13), պահպանումը (տես Մովսես 7.61), և ուժը (տես ՎևՈՒ 82.14) հավաքման օրհնություններից մի քանիսն են:
Այս գործընթացի միջոցով հավաքման ոգու հանդեպ ես ձեռք բերեցի ավելի խորը գնահատանք, որպես բոլոր բաների վերականգման անբաժան մաս, ժամանակների լրության տնտեսությունում: Ես այժմ ժամանակ չեմ ծախսի պատմելու մյուս բաների մասին, որոնք ես իմացա հավաքման վերաբերյալ, իմ նպատակն է այստեղ համառոտ պարզաբանել սուրբ գրքերի թեմաներ որոնելու ուղիներից մեկը:
Օրհնությունները, որոնք կարող ենք ստանալ
Գիտելիքի, հասկացողության, հայտնության և հոգևոր աշխուժացման օրհնությունները, որոնք մենք կարող ենք ստանալ, երբ կարդում, ուսումնասիրում և հետազոտում ենք սուրբ գրությունները, սքանչելի են: «Սնվել[ը] Քրիստոսի խոսքերով» (2 Նեփի 31.20) վեհացնում, հուզում և հաճույք է պատճառում: Խոսքը լավն է, «քանզի այն սկսում է մեծացնել իմ հոգին, այո, այն սկսում է լուսավորել իմ հասկացողությունը, այո, այն սկսում է հրաշալի լինել ինձ համար» (Ալմա 32.28): «Ահա, դրանք գրված են, դուք ունեք դրանք ձեր առջև, ուստի քննեք դրանք» (3 Նեփի 20.11) և դրանք «ջրի աղբյուր կլինեն նրանում, որ հավիտենական կյանքի համար կբխի» (Հովհ.Դ.14):
Իմ անձնական ընթերցանության և տարիների ուսումնասիրության ընթացքում ես շատ անգամ եմ կենտրոնացել Հիսուս Քրիստոսի Քավության վարդապետության վրա: Ոչ մի դեպք, գիտելիք կամ ազդեցություն այնպիսի մեծ հետք չի թողել ինձ վրա իմ 54 տարիների ընթացքում, ինչպես անընդհատ կարդալը, խորապես ուսումնասիրելը, կապեր, օրինակներ և թեմաներ որոնելը, որոնք կապված են Քավության վարդապետության հետ: Այս կենտրոնական փրկող վարդապետությունը ժամանակի ընթացքում աստիճանաբար հոգուս վրա է իջել ինչպես ցողը երկնքից, ազդել մտքերիս, խոսքերիս և գործերիս վրա (տես Մոսիա 4.30) և իսկապես դարձել ինձ համար կենդանի ջրի աղբյուր:
Լեքիի տեսիլքը
Սուրբ գրությունները կարդալու ուսումնասիրելու և հետազոտելու կարևորությունը ընդգծված է կյանքի ծառի մասին Լեքիի տեսիլքի մի քանի էլեմենտներում:
Հայր Լեքին տեսավ մարդկանց մի քանի խմբեր, ովքեր առաջ էին մղվում նեղ և անձուկ ճանապարհով` ձգտելով հասնել ծառին և նրա պտղին: Յուրաքանչյուր խմբի անդամներն արահետ էին մտել ապաշխարության և ջրով մկրտության դարպասի միջով և ստացել էին Սուրբ Հոգու պարգևը (տես 2 Նեփի 31.17–20): Երազում կյանքի ծառը կենտրոնական տեղ է գրավում և 1 Նեփի 11 գլխում այն բնորոշվում է, որպես Հիսուս Քրիստոսի պատկերում: Ծառի վրայի պտուղը Փրկչի Քավության օրհնությունների խորհրդանիշն է: Հետաքրքիր է, որ Մորմոնի Գրքի գլխավոր թեման, որը հրավիրում է բոլորին գալ դեպի Քրիստոսը, կենտրոնական է Լեքիի տեսիլքում: Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում երկաթե ձողը, որը տանում է դեպի ծառը (տես 1 Նեփի 8.19): Երկաթե ձողը Աստծո խոսքն է:
1 Նեփի 8, 21—23 հատվածներnւմ մենք իմանում ենք մարդկանց մի խմբի մասին, ովքեր առաջ էին մղվում և սկսում քայլել այն արահետով, որը տանում էր դեպի կյանքի ծառը: Սակայն, երբ մարդիկ հանդիպեցին խավարի մեգին, որը ներկայացնում է դևի գայթակղությունները (տես 1 Նեփի 12.17), նրանք կորցրեցին իրենց ճանապարհը, թափառեցին և կորան:
Կարևոր է ուշադրություն դարձնել, որ այս հատվածներում չկա ոչ մի հիշատակում երկաթե ձողի մասին: Նրանք, ովքեր անտեսում են, թեթևամտորեն վերաբերվում Աստծո խոսքին, նրանց համար մատչելի չէ այդ աստվածային կողմնացույցը, որը ցույց է տալիս ճանապարհը դեպի Փրկիչը: Նկատի ունեցեք, որ այս խումբը հասավ արահետին և առաջ մղվեց, դրսևորելով Քրիստոսի հանդեպ որոշ չափով հավատք և հոգևոր համոզմունք, բայց նրանք շեղվեցին դևի գայթակղություններից և կորան:
8-րդ գլխի 24–28 հատվածներում կարդում ենք մարդկանց երկրորդ խմբի մասին, ովքեր հասան նեղ և անձուկ արահետին, որն առաջնորդում էր դեպի կյանքի ծառը: Այս խումբն առաջ մղվեց խավարի մշուշի միջով` կառչելով երկաթյա ձողից, նույնիսկ նրանք հասան և ճաշակեցին ծառի պտղից: Սակայն, երբ այս երկրորդ խմբի մարդիկ ծաղրի ենթարկվեցին մեծ և ընդարձակ շենքի բնակիչների կողմից, նրանք ամաչեցին և շեղվեցին դեպի արգելված ուղիներ և կորան: Ուշադրություն դարձրեք խնդրեմ, որ այս խումբը նկարագրվում է որպես երկաթյա ձողից կառչող:
Կարևոր է, որ այդ երկրորդ խումբը առաջ մղվեց հավատքով և նվիրվածությամբ: Նրանք նաև ունեին երկաթե ձողի լրացուցիչ օրհնությունը և կառչում էին դրանից: Սակայն, երբ նրանք բախվեցին հալածանքների և ձախորդության հետ, շեղվեցին դեպի արգելված ուղիներ և կորան: Նույնիսկ հավատքով, նվիրվածությամբ, և Աստծո խոսքով, այս խումբը կորավ, հավանաբար, որովհետև նրանք միայն պարբերաբար էին կարդում կամ ուսումնասիրում կամ հետազոտում սուրբ գրությունները: Ինձ թվում է երկաթե ձողից կառչելն իրենից ներկայացրել է ուսումնասիրության հազվադեպ «դեպքեր» կամ Աստծո խոսքի մեջ անկանոն ընկղմում, քան հետևողական, շարունակական սուզվելը:
30-րդ հատվածում մենք կարդում ենք մարդկանց երրորդ խմբի մասին, ովքեր առաջ մղվեցին անընդհատ ամուր բռնած երկաթե ձողից, մինչև նրանք առաջ եկան և վայր ընկան ու ճաշակեցին ծառի պտղից: Այս հատվածի կարևոր արտահայտությnւնն է «անընդհատ ամուր բռնած» երկաթե ձողից:
Երրորդ խումբը ևս առաջ մղվեց հավատքով և համոզմունքով, սակայն չի նշվում, որ նրանք թափառեցին, մտան արգելված ուղիներ կամ կորան: Հավանաբար, այս երրորդ խումբը հետևողականորեն էր կարդում և ուսումնասիրում և հետազոտում Քրիստոսի խոսքերը: Հավանաբար, կենդանի ջրի հաստատուն հոսքն էր, որ երրորդ խմբին փրկեց կործանումից: Սա այն խումբն է, որին մենք պետք է ձգտենք միանալ:
«Ի՞նչ է նշանակում երկաթյա ձողը, որը տեսել էր մեր հայրը, որը տանում էր դեպի ծառը»:
Եվ ես ասացի նրանց, որ դա Աստծո խոսքն է, և նրանք, ովքեր ականջ կդնեն Աստծո խոսքին և ամուր կբռնեն դրանից, երբեք չեն կորչի. ոչ էլ գայթակղությունները և հակառակորդի կրակոտ նետերը կարող են հաղթել նրանց` կուրացնելով, տանելով նրանց դեպի կործանում»: (1 Նեփի 15.23–24, շեղագրումն ավելացված է):
Ուրեմն ո՞րն է տարբերությունը կառչելու և երկաթե ձողից ամուր բռնելու միջև: Թույլ տվեք հուշել, որ երկաթե ձողից ամուր բռնելը պահանջում է, որ աղոթքով և հետևողականորեն օգտագործենք կենդանի ջուր ձեռք բերելու համար անհրաժեշտ երեք բոլոր ձևերը, որոնք այսօր քննարկեցինք:
«Եվ եղավ այնպես, որ ես հասկացա, որ երկաթյա[ ձողը, որը տեսել էր հայրս, Աստծո խոսքն էր, որը տանում էր դեպի կենաց ջրերի ակունքը կամ դեպի կենաց ծառը» (1 Նեփի 11.25):
Եվ մոտեցումներից յուրաքանչյուրը` սկզբից մինչև վերջ կարդալը, ըստ թեմաների ուսումնասիրելը և կապերի, օրինակների ու թեմաների որոնումը վեհացնող է, ուսուցողական և ապահովում է Փրկչի կենդանի ջրի բաբախող բաժին: Համենայն դեպս, ես հավատում եմ, որ այս երեք մեթոդների կանոնավոր օգտագործումն է առաջացնում կենդանի ջրի ավելի հաստատուն հոսք և մեծամասամբ այն է, ինչ նշանակում է երկաթե ձողից ամուր բռնել:
Ամեն օր նորմալ գործունեության ժամանակ դուք և ես կորցնում ենք բավականաչափ ջուր, որը մեր ֆիզիկական մարմինների այնքան մեծ մասն է կազմում: Ծարավը մեր մարմնի բջիջների կողմից ջրի պահանջն է, և մեր մարմինների ջրի պահանջը պետք է ամեն օր բավարարվի: Ազնվորեն ասած, խելամիտ չէ երբեմն ջրով «լցվելը», ընդմիջումներին ջրազրկման երկար ժամանակահատված ունենալով: Նույն բանը ճիշտ է հոգևոր իմաստով: Հոգևոր ծարավը կենդանի ջրի կարիքն է: Կենդանի ջրի հաստատուն հոսքը շատ ավելի հրաշալի է փոքրիկ անկանոն կումերով խմելուց:
Արդյոք մենք ամեն օր կարդո՞ւմ, ուսումնասիրո՞ւմ և հետազոտո՞ւմ ենք սուրբ գրություններն այն ձևով, որը մեզ հնարավորություն է տալիս, որ ամուր բռնենք երկաթե ձողից, թե ուղղակի կառչենք դրանից: Դուք և ես արդյոք մղվո՞ւմ ենք առաջ դեպի կենդանի ջրերի աղբյուրը` ապավինելով Աստծո խոսքին: Սրանք աղոթքով խորհրդածելու կարևոր հարցեր են յուրաքանչյուրիս համար:
Այս երեկո ավարտելով մենք կերգենք միասին «Երկաթե ձողը» օրհներգը: Իսկապես արդարների այս երգը կլինի սրտաբուխ և հուզիչ աղոթք (տես ՎևՈւ 25.12): Թող որ մենք ունենանք ականջ` լսելու այն դասերը, որ սովորեցնում է այս օրհներգը:
Ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի և Նրա խոսքի զորության մասին և Նրա մասին, որպես Խոսք: Նա Հավերժական Հոր Որդին է և ես գիտեմ, որ Նա ապրում է: Ես վկայում եմ, որ երկաթե ձողից ամուր բռնելը կտանի դեպի Նրա կենդանի ջրերը: Որպես Նրա ծառա ես աղոթում եմ, որ այս օրհնությունը լինի ձեզ վրա, որպեսզի երկաթե ձողից ամուր բռնելու ձեր ցանկությունն ու կարողությունը մեծանա, որպեսզի Փրկչի հանդեպ ձեր հավատքը զորանա և փոխարինի ձեր երկյուղներին, և որպեսզի դուք խմեք մեծ կումերով սուրբ գրությունների աղբյուրից և դրա միջոցով ճանաչեք Նրան: Թող որ մենք ընդմիշտ հիշենք դա,
Երբ գայթակղության ուժն է մոտ,
Եվ մեր ճանապարհն ամպամած,
Կարող ենք ձողին ապավինել,
Եվ երկնքին օգնության կանչել:
(Hymns, no. 274)
Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն:
© 2007 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: Printed in the USA. Անգլերենի հաստատումը. 6/06: Թարգմանության հաստատումը. 6/06: “A Reservoir of Living Water”-ի թարգմանությունը: 02153 201